«Ղարաբաղի հարց» այն իմաստով, որ մենք միշտ նկատի ենք ունեցել, այլևս գոյություն չունի. Արմեն Խաչատրյան


«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել կողմերին։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս հանդիպումից, ու, ըստ ձեզ՝ Արևմուտքն ինչո՞ւ է կրկին ակտիվացել։

– Ես պետք է ասեմ, որ մեր վերջին զրույցից հետո իրավիճակի մեջ առանձնապես փոփոխություն չկա: Ակնհայտ է, որ տարածաշրջանում շարունակվում է գործընթացը՝ Ղարաբաղի հարցի արծարծումը կամ խաղաղության հարցի, որովհետև ես ինչքան հասկանում եմ, «Ղարաբաղի հարց» այն իմաստով, որ մենք միշտ նկատի ենք ունեցել, այլևս գոյություն չունի։ Խաղաղության պայմանագրի թեման շահարկելով՝ գերտերություններն այստեղ փորձում են իրենց խաղը խաղալ, ու մենք ցավով պետք է արձանագրենք, որ հիմա, ըստ էության, մանրադրամ ենք դառնում Արևմուտք-Ռուսաստան մեծ խաղի համատեքստում։ 

Եթե նկատի ունենանք նաև այն հրապարակված փաստաթուղթը, որի հավաստիությունը կարող ենք ո՛չ պնդել, ո՛չ հերքել, չնայած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է, թե իրենք այդ փաստաթղթի շուրջ են բանակցում, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ մեր բոլոր կանխատեսումներում, թե Ղարաբաղը դառնալու է այդ խաղաղությունը կնքելու գինը, չենք սխալվել։ Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն կձգտի անել հնարավորը, որպեսզի այդ հանդիպումը կայանա, ու այդ հանդիպման արդյունքում գան որոշակիության։ 

– Որպեսզի բանը չհասնի փաստաթղթերի գաղտնազերծմանը, ըստ ձեզ՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի ասում, որքանով թույլատրելի է, թե ի՞նչ է բանակցում, ի՞նչ է առաջարկում Ադրբեջանին, ինչպես դա անում է, օրինակ՝ Ադրբեջանը։

– Դե մենք չգիտենք, թե այդ սլիվն ով է կազմակերպել, գուցե հենց իշխանությունն է կազմակերպել, որպեսզի ռեակցիաները ստուգի, սա մի տարբերակն է: Իսկ մյուս տարբերակը, որն ավելի վատ է, գուցեև սրանով հասարակությանը քիչ-քիչ պատրաստում են նրան, որ պայմանագիրը, որը կնքվելու է, լինելու է մեր իմացած ղարաբաղյան խնդրի գերեզմանաքարը։ Ես հակված եմ մտածելու, որ հասարակությանը նախապատրաստում են հենց այդ փաստաթղթի ոգուն համապատասխան պայմանագրի ստորագրմանը։

– Պարո՛ն Խաչատրյան, թեև իշխանությունը հավաստիացնում էր, թե ինքը կողմ է պայմանագրի ռուսական տարբերակին, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ իրականում ընտրում է արևմտյան առաջարկների փաթեթը։

– Իրավիճակն ամեն վայրկյան կարող է փոխվել, իսկ մեր իշխանություններին իմանալով (իշխանություն որ ասում ենք, հասկանում ենք, չէ՞, որ նկատի ունենք շատ կոնկրետ անձի), գիտենք, որ իրենք կարող են առավոտյան մի բան ասել, երեկոյան՝ այլ, իսկ գիշերը լրիվ այլ բան անել։ Այնպես որ, իրավիճակի հեղհեղուկ լինելը, ռուսական կողմի կոշտ արձագանքները ու, այնուամենայնիվ, արևմտյան գործընկերների այսպես ասած զգուշավորությունը մեզ թույլ չեն տալիս հստակ ասել, թե արդյունքում մենք ի՛նչ կունենանք կամ, ընդհանրապես, կունենա՞նք այդ փաստաթուղթը, թե՞ չենք ունենա, արդյոք այդ փաստաթղթով խնդիրը կլուծվի՞, թե՞ չէ։ 

Ի վերջո, մենք դեռ չունենք որոշակի պատկերացում անգամ, թե ովքեր են այդ փաստաթղթի իրականացման երաշխավորները, իսկ եթե այդ պայմանագրի կետերն իրականացնելը դրված է Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ես այդ թղթի զորությանը չեմ հավատում, որովհետև մեր դիմաց կանգնած է Ադրբեջանը, որը մեզ ենթարկել է դաժան պարտության։ Այնպես որ, մեզ մնում է սպասել որոշակի բացահայտումների, որ կարողանանք հասկանալ, թե այդ պայմանագիրն ունի՞ երաշխավորներ, թե՞ ոչ։ 

Անորոշություններն ու հարցերն ավելի շատ են, քան այն հավաստիացումները, որոնք հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը, թե այդ պայմանագրով ինքը կլուծի պատերազմի ու խաղաղության հարցը։ 

– Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասով եմ ձեր դիտարկումները խնդրում, որովհետև, վստահաբար, ծանոթ եք ներհայաստանյան կարծիքներին, որոնց մի մասի համոզմամբ՝ այս հանգամանքը կզսպի ադրբեջանական հնարավոր ագրեսիան, մի մասի համոզմամբ էլ՝ ընդհակառակը, նրանց տեղակայումն ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում։

– Շատ լավ միջոց է, բայց բավարար չէ։ Եթե կա անկողմնակալ դիտորդ տարածաշրջանում, որը կարձանագրի բոլոր խախտումներն ու փաստերը, որ Ադրբեջանը այս պահին գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում և այլն, իհարկե դիվանագիտական հարթության մեջ մեզ համար օգտակար կլինեն, բայց դա բավարար պայման չէ, որպեսզի հնարավոր ագրեսիաները կամ դրանց սպառնալիքները չեզոքացնենք կամ կանխենք։

– Իսկ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն այսօր ի՞նչ վիճակում են։

– Իմ գնահատմամբ՝ լարված են այդ հարաբերությունները, իսկ այդ մի նախադասությունը, հավատացեք, որ իր մեջ արդեն պարունակում է բազմաթիվ վտանգներ։ Մեր ճակատագիրն է, որ մենք հայտնվել ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու թշնամի պետության, ունենք մեկ լոյալ պետություն՝ որպես հարևան, ունենք մեկ պետություն, որը փորձում է մեզ հետ բարեկամություն անել, ու այս ամբողջ տարածաշրջանը, ըստ էության, գտնվում է ռուսական ազդեցության ոլորտում, արդյոք լա՞վ է դա, յուրաքանչյուրս կարող ենք ունենալ մեր կարծիքը։ 

Իհարկե նախանձելի է այն պետությունների վիճակը, որոնք չունեն թշնամի հարևաններ, որոնք ունեն ավելի ազատ, դեմոկրատական պետությունների հետ հարաբերվելու հնարավորություն, բայց հիմա մեր վիճակը սա է, ու մենք ունենք ազգային խնդիրներ, որի բուն էությունն այն է, որ ԼՂ-ի ժողովուրդն ունի էքզիստենցիալ վտանգ, ու ցանկացած պահի այդ վտանգը կարող է դառնալ իրականություն։ Մեր բոլոր քայլերը պետք է բխեն հենց այս ելակետից։ 

Մենք այսօր ունենք երկու տարբերակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դաժան գինը, բայց մենք պետք է ընտրենք դրանցից ավելի թեթևը։ Այն գինը, որ մենք վճարելու ենք Հայաստանում խաղաղություն հաստատելու համար (եթե լուծման տարբերակը լինելու է հայտնի փաստաթղթի շրջանակներում), լինելու է Արցախը, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, իսկ սա շատ վտանգավոր ճանապարհ է, սա հղի է ամենամեծ փորձանքներով։ 

Այնուամենյանիվ, դեռ թույլ ու թաքուն հույս ունեմ, որ գնալու ենք ավելի հավասարակշռված որոշումների ու լուծման, որի համար չենք վճարելու իմ ասած երկու ծանր գներից որևէ մեկը, այլ գտնելու ենք մի տարբերակ, որը նվազագույն վնասարար կլինի մեզ համար։

– Գործող իշխանությունն ունի՞ այդ հնարավորությունը, պարո՛ն Խաչատրյան, որ գտնի, ինչպես ասում են՝ չարյաց փոքրագույնին հանգեցնող տարբերակը։

– Հնարավորություն միշտ կա, բայց ես ցանկությունների բացակայություն եմ նկատում։ Մենք տեսանք Մյունխենում, չէ,՞ մեր իշխանության ողբալի վիճակը , ու երբ մենք ասում էինք, որ պարտված ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարել, դա աղետաբեր է երկրի համար, մեզ ասում էին՝ նախանձում եք: Իսկ Ալիևն ի՛նչ էր անում, նախանձո՞ւմ էր, որ տառացիորեն ասաց՝ Նիկոլ Փաշինյան, դուք կապիտուլյացիա եք ստորագրել, ձեր ժողովուրդն էլ համաձայնություն է տվել կապիտուլյացիային՝ ձեզ նորից ընտրելով վարչապետի պաշտոնում։ 

Մեր ասածն ի սկզբանե եղել է այն, որ երբ այդ երկուսով միևնույն սեղանի շուրջը նստեն, մեկը խոսելու է, մյուսը՝ լռելու, այս մեկը չի կարող իր ազգային ու պետական շահի պաշտպանությամբ հանդես գալ, որովհետև կաշկանդված է իր ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությամբ։ Իմ ամբողջ մտավախությունն այն է, որ ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության ճուտը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am