Փորձ է արվել օդային ճանապարհով, առանց հայտարարագրման ներմուծել ադամանդե քարեր. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ 

Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողները քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում նրա գրպաններից հայտնաբերվել է 6 պոլիէթիլենային փաթեթվածք՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաև 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով և 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ: 

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն: