Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով

Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Դրա (խմբ.՝ Լաչինի միջանցքի) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք հենց դրան ենք ձգտում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որևիցե անցակետերի ստեղծում», – ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի արևելյան տարածքներում էներգառեսուրսների օգտագործման հետ կապված Երևանի և Բաքվի միջև դատավարությանը՝ կապված վնասի փոխհատուցման հետ, ապա, ըստ Լավրովի, դա Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարցն է: