Մեր կողքին ապրող մարդիկ. Յոլանտան

Յոլանտա Գոժդչիկը

Յոլանտա Գոժդչիկը լեհ բանասեր է, արդեն վեց տարի է՝ ապրում է Հայաստանում ու դասավանդում Բրյուսովի անվան պետական համալսարանում: Յոլայի հետ հանդիպեցինք Թումանյանի այգում, պարզվեց՝ երկուսս էլ շատ ենք սիրում այս եզակի կանաչ տարածությունը մեր քաղաքում: 

– Գիտե՞ս՝ իմ մանկության տարիներին հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները որևէ ապրանքի որակ նկարագրելիս անպայման շեշտում էին՝ լեհական է (օգտագործելով ռուսերեն՝ «պոլսկի» բառը), հետո ես գնացի Լեհաստան ու սիրեցի նաև ձեր խոհանոցը,- ասում եմ Յոլային, որ բաց աչքերով, արևախառն մազերով մի ժպտադեմ կին է: 

Արդեն իրեն հասցրել են պատմել սրա մասին, նաև գիտի, որ լեհ գրողներից Հենրիկ Սենկևիչն է բավական հայտնի: Մինչև Հայաստան գալը Յոլան որոշ ժամանակ կրթական ծրագրով եղել է Վրաստանում ու առաջին անգամ հարևան երկիր եկել Իրան այցելելուց հետո: 2011 թվականին ընդամենը երկու օր երևանյան կիզիչ արևի տակ մնալուց հետո Յոլան չմոռացավ այս երկիրը: 

– Վեց տարի հետո դիմեցի մի ծրագրի, սակայն մերժում ստացա, որին հաջորդեց առաջարկը՝ գալ Հայաստան ու դասավանդել լեհերեն Բրյուսովի համալսարանում, որտեղ աշխատում եմ մինչև օրս: 

Համալսարանում ռուսերեն ուսումնասիրող երիտասարդները հետագայում պետք է երկու լեզուների՝ բուլղարերենի ու լեհերենի միջև ընտրություն կատարեն: Ուսանողները նախ մի քանի դասերի են հաճախում, հետո որոշում՝ որն ընտրել: Ես հանկարծ հիշում եմ, որ լեհերեն մի շուտասելուկ գիտեմ, որ լի է մարտահրավերներով, որովհետև «շ», «ժ» հնչյունները, որոնք առանձին արտասանելը հեշտ է, շուտասելուկի մեջ անտանելի են դառնում:

– Վատ չէ,- ինձ մխիթարում է բանասերն ու անդրադառնում հայոց լեզվի դժվարություններին,- իմ սիրած հայերեն բառը «կենդանաբանական» այգին է՝ շա՜տ երկար բառ է: Երբեմն հայերենն իսկական գլուխկոտրուկ է, փորձում ես կապեր գտնել, որևէ բանի հետ ասոցացնել, բայց չես կարողանում: 

Հայերենի քերականությունն այնքան դժվար չէ, որքան երկար բառերը: Գրել-կարդալ վաղուց գիտի ու նկատել է, որ հայերը շատ են հպարտանում իրենց այբուբենով: Գրեթե ամեն դպրոցում, որտեղ լինում է, հանդիպում է գոնե մեկին, որ կրում է հայերեն տառերով շապիկ: 

– Ես կարող եմ հայերեն խոսել, օրինակ՝ տաքսու վարորդի հետ կամ շատ պարզ կենցաղային խոսակցության մասնակից դառնալ, սովորել եմ նաև ամենակարևոր բառերը՝ կյանքս, սիրտս, ցավդ տանեմ և այլն, բայց ակադեմիական մակարդակի հայերենին հասնելու համար դեռ շատ անելիք կա: 

Յոլան Հայաստանը չափել է ծայրից ծայր ու հասկացել դրա անչափելի լինելը: Մեր երկիրը բազմաշերտ է ու տարբեր և չնայած իր փոքրությանը՝ փոքրոգի չէ: 

«Հայաստանի լավագույն ու ամենակարևոր արժեքը մարդն է». այս արտահայտությունն արդեն որերորդ անգամ որերորդ հյուրից եմ լսում: 

– Հեծանվային արշավների շատ եմ մասնակցում: Ամռան շոգին, երբ հազիվհազ հեծանիվդ ես քշում՝ մի նոր գեղեցկություն բացահայտելու ակնկալիքով, մարդիկ մեքենայի պատուհանները բացում են ու շշով ջուր առաջարկում: Հետո գնում ես որևէ անտառում ընդմիջում անելու, ու անծանոթներն իրենց ունեցածից բերում և հյուրասիրում են: Պարզ է, չէ՞, որ այս երկիրը հարուստ չէ այնքան, որ բաժին հանի ուրիշների համար, բայց օտարի հետ ունեցածը կիսելու պատրաստակամ մարդը այնքան պերճանք է հաղորդում Հայաստանին, որ այն հարստանում է: 

Մի անգամ հեծանվային արշավներից մեկի ընթացքում տեղացիների խումբը պետք է ընդուներ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած սփյուռքահայերի, որոնց մեջ կային մարդիկ, որոնք առաջին անգամ էին մեր երկրում: Յոլան հայկական խմբում էր, ու երբ նրան ներկայացնում էին, ասես տեղացու մասին խոսեին: 

– Ասում էին՝ մեր Յոլան է, ու ես զգում էի, որ ինձ իսկապես տեղացու պես են ընդունում: Բայց նաև հասկանում էի սփյուռքահայերին, որոնք առաջին անգամ էին Հայաստանում ու նոր բացահայտումների, իրենց գտնելու կամ իրենց մասին նորը իմանալու փնտրտուքի մեջ էին: Ես ասես երկու հայկականության մեջտեղում լինեի, ու դա շատ ռոմանտիկ էր, մանավանդ որ Արցախում էինք: 

Յոլան 2020 թվականի պատերազմի ընթացքում որոշ ժամանակով գնացել է Լեհաստան: Պատմում է, որ իր համար անասելի ծանր էր տեսնել, թե ինչպես էին ուսանողները ճանապարհում իրենց եղբայրներին, հարազատներին, դժվար էր հավատալ, որ պատերազմը միայն գրքերում չէ: Անգամ պատերազմի ժամանակ, սակայն, և դրանից հետո, երբ հետ եկավ ու շարունակում է ապրել այստեղ, համարում է, որ անվտանգ ու ապահով տեղում է: 

– Գիտե՞ս՝ հիմա եմ հայերին հասկանում: Նրանք գնահատում են այսօրը, նրանք ապագայի պլաններ չեն կազմում, բայց այնքան են կարևորում հենց այս պահը, այս հնարավորությունը: Պատերազմն ինձ սովորեցրել է արժևորել, գիտակցել, որ անչափ կարևոր բաներ կան, որ հաճախ անտեսում ենք՝ դրա փոխարեն անդադար պլանավորելով հազար ու մի բան: 

Յոլան ասում է, որ ներդաշնակ է ինքն իր հետ Հայաստանում, չնայած երբեմն բաներ կան, որ կուզենար ավելի լավ լինեին: Օրինակ՝ այսքան սիրուն երկիր ունենալով՝ շատերը չեն գնահատում աներևակայելի հարուստ բնությունը: Կարծում է, որ դա իրազեկվածության պակասի խնդիր է, մարդիկ երբեմն անիրազեկ լինելու պատճառով է, որ չեն գիտակցում, թե նետված աղբը որքան վնաս կարող է հասցնել հենց իրենց: 

– Կրթությունը շատ կարևոր գործիք է՝ ի շահ մարդու խնդիրներ լուծելու կամ աղետներ կանխելու համար: Եթե փոքրուց մենք սովորեցնենք երեխաներին, օրինակ դառնանք նրանց համար, որ բնությունը պետք է փայփայել, նա այդպես էլ կանի, եթե սովորեցնենք հոգ տանել կենդանիների մասին, նա չի վնասի, ու հետագայում կունենանք առողջ միջավայր: 

Նրա մտերմությունը, ներդաշնակ լինելը այս երկրի հետ միանգամից չեն եղել, բայց երևի դա է պատճառը, որ Հայաստանի հետ ամուր կապ ունի այնքան, որ պայմանավորված մեկ տարվա փոխարեն արդեն վեցերորդ տարին է այստեղ անցկացնում: Համալսարան հեծանիվով գնացող Յոլան, որ գուցե շատ տարբերվում է տեղացիներից, այնուամենայնիվ կարևոր հարցում նման է մեզ. 

– Մի ժամանակ Պռոշյան փողոցում էի ապրում, պատուհանը բացում էի՝ Հրազդանի կիրճն ու Արարատը ուղիղ դիմացս էին հայտնվում: Ես սիրում էի այդ տեսարանը, դրա մեջ մի տեսակ խորհրդանշական բան կար՝ մի չտեսնված, անհասկանալի բան, որ ինձ՝ օտարիս, ստիպում էր հիանալ Արարատով այնպես, ինչպես լիքը հայեր են անում: 

Երբ Յոլայի հետ ավարտում էինք մեր զրույցը, անցորդներից մեկը առանց ավելորդ ուշադրության ծխախոտի մնացորդն անփույթ նետեց փողոցը: Ես վերստին սկսեցի մտածել հայ մարդու մասին, որ երբեմն այնքան ծայրահեղ է, որ դժվար է հավաքական կերպարային գիծ գտնել նրան բնութագրելու համար: Բայց չէ՞ որ օտարները մեզ բնորոշելիս «հյուրընկալություն», «մարդասիրություն» բառերն են օգտագործում, որ հավաքականության մասին է: Հապա ի՞նչն է մեզ խանգարում մարդասիրության ու հյուրընկալության անչափելի լինելու հետ մեկտեղ այս երկիրը մերը համարել այնքան, որ մաքուր պահենք, ինչպես մեր տները: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am