«Սիրուն գրախանութ կհիմնեմ ու կվերադառնամ էնտեղ, որտեղից սկսել էի կյանքս»․ Վռամը՝ Վերնիսաժի գրավաճառը

Վերնիսաժ մտնելիս անմիջապես կարելի է նկատել ծառի ստվերում մի քանի գրքերի վրա հարմար տեղավորված Վռամ Սարգսյանին, որը մշտապես գլխահակ ու մտասույզ ընթերցում է վաճառվող գրքերից որևէ մեկը՝ միայն երբեմն գլուխը գրքի վրայից բարձրացնելով՝ տեսնելու համար՝ արդյոք որևէ մեկը չի՞ ուզում գիրք գնել։

«Օր կա՝ 2-4 մարդ ա լինում, օր ա լինում՝ ոչ ոք չի լինում։ Հիմնական գնորդներս էլ ռուս տուրիստներն են, որ, հուրախություն մեզ, հետաքրքրված են մեր պատմությամբ, լեզվով, մշակույթով։ Ինձնից Վարդան Այգեկցի են գնում, Րաֆֆի, էսօր էլ մի ռուս Այբբենարան գնեց մոտիցս»,- ասում է 68-ամյա Վռամը:

Անկախ գնորդների թվից՝ նրա գրքերը երբեք անփութորեն դրված չեք գտնի․ բոլոր գրքերը՝ ըստ տեսակի, ժանրի, խնամքով շարում է կողք կողքի դրված արկղերում՝ պատմական գրքերը մի արկղում, գրական երկերը՝ երկրորդում, կերպարվեստին վերաբերողները՝ երրորդում և այսպես շարունակ։ Ասում է՝ երկար տարիներ բուկինստական բաժինը ղեկավարած մարդու սովորություն է, այլ կերպ վարվել չի կարող։

«Երևի փորձիցս ա, որ գրքերն էդպես եմ դասավորում․․․ 72 թվից գրքերի հետ եմ աշխատում։ Երկար տարիներ եղել եմ Աբովյան փողոցի գրատան բուկինիստական բաժնի վարիչ, հետո՝ առանձին գրախանութի վարիչ:

Նկարչությամբ էլ եմ զբաղվել, Սովետի տարիներին քաղաքը ձևավորողների մեջ էի։ Մենք էինք ամբողջ Երևանի պաստառները սարքում, Լենին ու Ստալին էինք նկարում։ Կավի գործարանում անվտանգության միավորման ինժեներ էլ եմ եղել ու շատ ուրիշ տեղեր էլ եմ աշխատել, բայց դրանք արդեն կարևոր չեն, էլ մի՛ փորփրեք, էսքանը հերիք ա»,- ժպիտով ասում է Վռամ Սարգսյանն ու միանգամից շրջվում գրքերի կողմը՝ այլևս գրքերից խոսելու նպատակով։

Ամուսնացած է, ունի երկու զավակ՝ մեկ որդի և մեկ դուստր, որի հետ էլ բնակվում է ներկայումս։ Ասում է՝ նրանց կողմից որևէ առարկություն չեղավ, իր որոշումն ընդունվեց հարգանքով, ինչպես նախորդ բոլոր որոշումները։ 

Նրան Վերնիսաժում կարելի է գտնել ամեն օր կեսօրից հետո, երբ քաղաքում սկսվում է շարժը։ Սկզբում վերցնում է գրքերը մոտակայքում գտնվող իր պահեստից, որը վարձակալել է որպես գրապահոց, իսկ հետո արդեն սկսում է դասավորել։ Օրվա ընթացքում հաճախ է գրքերը տեղափոխում այս ու այն կողմ, որ արևի տակ չմնան․ ինքը կարող է արևի տակ հայտնվել, իսկ գրքերը՝ ոչ, գրքերը՝ երբեք։

Հիշում է՝ Սովետի փլուզումից հետո էր՝ 1990 թվականը, երբ որոշեց առաջին անգամ ձեռք բերել գրքեր և դրանք հանել փողոց՝ վերավաճառելու նպատակով։ Իր որոշման պատճառների մասին թեև խոսել չի ցանկանում, բայց ասում է՝ կյանքի պայմաններն էին, որ իրեն գրքերի հետ բերեցին փողոց։ 

«Սկզբում մետրոյի աստիճանների մոտ էի վաճառում, հետո արդեն սկսեցի Վերնիսաժի տարածքում վաճառել ու արդեն 30 տարուց ավելի ա, ինչ էստեղ եմ ․․․»։

Հարցին՝ արդյոք վաճառո՞ւմ է այլոց գրքերը, թե՞ վաճառքի դրված գրքերի շարքում իր գրքերն էլ են կան, լրջանում է և, հարցից կարծես թե խոցված ու անգամ վիրավորված, պատասխանում․

«Ես իմ անձնական գրքերը չեմ վաճառում, չե՛մ ուզում, ինչի՛ վաճառեմ․․․ իմ տարիքին մի՛ նայեք, կարդում եմ, շատ եմ կարդում․․․։

Մեր հայ գրողներին եմ շատ սիրում՝ Թումանյան, Րաֆֆի․․․ իրենց մեջ վատը չկա, ու իմացե՛ք՝ մեր Րաֆֆին չի զիջում Դյումային, ես իրեն նույնիսկ ավելի բարձր եմ դասում»,- ասում է գրավաճառն ու հավելում՝ հայերը նույնիսկ Մաշտոցից առաջ են գիր ու գրականություն ունեցել։

«Մենք Շեքսպիր ենք թարգմանել, ու աշխարհում ամենալավ թարգմանությունը հայերենն ա, գիտե՞ք ինչի, որովհետև մենք ունենք 39 տառ, ռուսերենը՝ 33, անգլերենն ու ֆրանսերենը ավելի  քիչ՝ 26 տառ։ Ա՛յ դրա համար ա մեր «Օթելլոն» լավ ստացվում, «Համլետը» լավ ստացվում․․․»,- ասում է նա՝ նշելով, որ վաճառքում եղած գրքերը ձեռք է բերում ամենատարբեր եղանակներով։

Իսկ եղած գրքերի շարքում պատահական գրքեր երբեք չեն լինում, ինքն անձամբ է ամեն ինչ ընտրում՝ հաշվի առնելով ոչ միայն հեղինակին և բովանդակությունը, այլև նկարազարդումները, թարգմանությունը և այլ մանրամասներ․ չէ՞ որ պատշաճ կերպով գիրքն արժևորելը վաղուց արդեն մասնագիտական որակ է։

«Այո՛, բոլոր գրքերը ես եմ ընտրում։ Գրքերի մի մասը ձեռք եմ բերում գրքերի վաճառքով զբաղվող մյուս մարդկանցից, մեկս մյուսին օգնելով ենք շատ բաներ ձեռք բերում։

Շատ գրքեր հենց տներից եմ առնում։ Շատերը վաճառում են իրենց գրքերը՝ չհասկանալով դրանց արժեքը, բայց ինձ համար սա ցավալի չի, գիտե՞ք ինչի, որովհետև մարդիկ կան՝ էդ գրքերը փնտրում են, իրենց պետք են, իսկ մարդիկ էլ կան, որոնց համար էդ գրքերը մեկ են, ոնց որ սովորական իր»,- ասում է գրավաճառն ու հավելում՝ Սովետից հետո կրթվել ցանկացողների թիվը խիստ նվազել է։

«Եթե հիմա 10 հոգի ա կրթվում, էն ժամանակ 100 հոգի էր կրթվում։ Սովետի տարիներին մեր երիտասարդների էլ, մեծերի էլ մակարդակը բարձր էր, խոսելակերպ ունեին, իսկ էսօր մեր ամբողջ կրթությունը քանդեցին, էդ ամենից բան չմնաց։

Կինոները լրիվ ուժըս են՝ մեկը մյուսին սպանեց, կերավ, մուլտերը՝ նույնը։ Նայում ես՝ հիմիկվա մուլտերում ինչ-որ տարօրինակ հերոսներ են՝ ատամնավոր, մեծ աչքերով, գայլը գայլի նման չի և այլն։ Էդքան նկարիչ ունենք, թող լավ ու դաստիարակչական մուլտեր հանեն, երեխեքը նայեն, թե չէ սրանցից երևի երեխեքն էլ են վախեցած»։

Վռամ Սարգսյանի խոսքով՝ կրթական վատ համակարգից բացի, մարդկանց վրա բացասաբար են ազդում նաև երկրում տեղի ունեցող տարբեր իրադարձությունները՝ պատերազմը, երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը և այլն։ 

«Էդ ամենն իրոք հոգեբանորեն ազդում ա մարդկանց վրա ու ճնշում ա, շատ ա ճնշում։ Ես էլ եմ էս երկրից ու բնականաբար չեմ կարող չնկատել, թե ոնց է մարդկանց տրամադրությունը դեպի վատը գնացել»,- ասում է նա ու հավելում՝ նաև այդ իրադարձություններն են պատճառը, որ մարդիկ ավելի քիչ պատրաստակամ են միմյանց օգնելու հարցում։

«Առաջ մեկը, օրինակ, որ կահույք էր առնում, էդ կահույքը բերում էր բակ, բոլոր հարևանները գալիս, օգնում էին ու միասին բարձրացնում էին վերև, իսկ հիմա եթե մարդը կահույք ա գնում, կա՛մ պիտի մենակ բարձրացնի, կա՛մ բանվոր կանչի, որովհետև ոչ մի հարևան չի գա, օգնի»։

Գրավաճառին անհանգստացնող խնդիրներից մեկն էլ թոշակառուների կարգավիճակն է Հայաստանում, որոնց խնդիրներին ծանոթացավ այն ժամանակ, երբ 5 տարի առաջ ինքն էլ դարձավ թոշակառու և սկսեց կյանքի ճանապարհը քայլել «նրանց կոշիկներով»։ Հենց սա էր պատճառը, որ 2022 թվականին հիմնեց «Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպությունը։

«Թոշակառուն այսօր շատ վատ է ապրում, նա պիտի այնքան թոշակ ստանա, որ կարողանա նորմալ ապրել։ Նվազագույն թոշակը պետք է լինի գոնե 150.000 դրամ, որպեսզի ապրել կարողանանք։

Եթե թոշակները չեն բարձրացնում, ուրեմն թոշակառուների համար տրանսպորտը և դեղորայքը թող անվճար դարձնեն, իսկ հացի համար էլ վճարենք գոնե 50 տոկոս զեղչ»,- ասում է Վռամ Սարգսյանն ու հավելում՝ արդեն հասցրել է այցելել շատ թոշակառուների, հասկանալ՝ ինչի կարիք ունեն, և շուտով կսկսի ձեռնամուխ լինել այդ խնդիրների լուծմանը։

«Ապագայի համար պետությունից օֆիս եմ ուզում միության համար։ Էդ օֆիսում էլ հենց մի սիրուն գրախանութ կհիմնեմ, ինքս դիզայնը կանեմ: Էդպես հա՛մ կզբաղվեմ թոշակառուների խնդիրներով, հա՛մ էլ կվերադառնամ էնտեղ, որտեղից սկսել էի կյանքս՝ գրախանութ»,- եզափակում է խոսքը Վռամ Սարգսյանը։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am