Չնայած դժգոհության ալիքին` ընդդիմությունը հավատում է, որ «հաջորդ հանրահավաքը կլինի շատ ավելի մեծաքանակ»

Չնայած դժգոհության ալիքին` ընդդիմությունը հավատում է, որ «հաջորդ հանրահավաքը կլինի շատ ավելի մեծաքանակ»
Չնայած դժգոհության ալիքին` ընդդիմությունը հավատում է, որ «հաջորդ հանրահավաքը կլինի շատ ավելի մեծաքանակ»

Ապրիլի 28-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդների` իշխանություններին մինչև մայիսի վերջ ժամանակ տալու հայտարարությունից հետո թեև դժգոհության ալիք է բարձրացել, և շատերը պնդել են հանրահավաքից հետո անհապաղ նստացույց սկսելու անհրաժեշտության մասին, սակայն ընդդիմության առաջնորդները համոզված են, որ այդ տրամադրությունները «ցրվել են»:
«Բնական է որոշ մարդկանց հիասթափությունը,- «Մեդիալաբին» ասում է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը` նշելով, որ մարդիկ հասկացան իրավիճակը,-որովհետև մարդիկ ապրիլի 28-ին ցանկանում էին կա´մ տեսնել Սասունին և Նիկոլին ազատ արձակված, կա´մ դիմել վճռական գործողությունների` ջրբաժանի իշխանությունների հետ»:
Հանրահավաքի օրը, դիմելով մասնակիցներին, Զուրաբյանն ինքը հայտարարել է, որ պետք է սպասել մինչև հաջորդ հանրահավաք, «երբ բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն»:

«Իսկ եթե չլինի, մյուս անգամ ես գալու եմ ձեզ հետ նստեմ»,- ասել է նա:

«Մեդիալաբի» հարցին, թե արդյոք ընդդիմությունը մտավախություն չունի՞, որ այս դժգոհությունների պատճառով մինչև հաջորդ հանրահավաք ընդդիմադիրների շարքերը կարող են նոսրանալ, Զուրաբյանը պատասխանեց, որ բացարձակապես նման մտավախություն չունեն:

«Մյուս հանրահավաքը կլինի շատ ավելի մեծաքանակ, քան վերջին հանրահավաքին»,- հավատացնում է Լևոն Զուրաբյանը:

Ընդդիմության հանրահավաքից հետո` մայիսի 2-ին, ազատ է արձակվել ընդդիմադիր ակտիվիստներից ևս մեկը` Արամ Բարեղամյանը, ով երեքշաբթի այցելել է Սարյանի արձանի պուրակում քաղաքական զբոսանք անցկացնող քաղաքացիներին:

Այդ կապակցությամբ ելույթ ունենալով քաղաքական զբոսանք անցկացնող քաղաքացիների առաջ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե Արամ Բարեղամյանին ազատ արձակելը հենց ցույց է տալիս, որ ապրիլի 28-ին «ընդդիմությունը ճիշտ որոշում է կայացրել»:

Իշխանությունները հայտարարել են, թե այս քայլերն ընդդիմության պահանջների հետ կապ չունեն:

«Իշխանության քայլերը պայմանավորված չեն ընդդիմության պահանջներով»,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ իր նախավերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ը երեք պահանջ էր ներկայացրել իշխանություններին, որոնք չկատարելու դեպքում ապրիլի 28-ը պետք է դառնար երկխոսության կամ ջրբաժանի օր: Ընդդիմությունը պահանջել էր մարտի 1-ի սպանությունների բացահայտման պաշտոնական հավաստիացում տալ, բացել Ազատության հրապարակն ու մինչև ապրիլի 28-ը ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Ընդդիմության առաջնորդները հայտարարել էին, որ եթե այդ երեք պահանջները չկատարվեն, ապա ապրիլի 28-ը կդառնա ջրբաժանի օր, սակայն հանրահավաքից հետո ընդդիմությունը կոչ էր արել նստացույց պահանջող ակտիվիստներին` սպասել ևս մեկ ամիս, քանի որ մինչ այդ քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն:

Ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ ունեցած իր ելույթում, սակայն, ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրել էր, թե ինչո´ւ է ընդդիմությունը մինչև մայիսի 31-ը ժամանակ տվել

իշխանություններին, և արդյոք այդ պահանջները կատարված են:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ընդդիմության առաջին երկու պահանջները արդեն կատարված են, իսկ երրորդ պահանջը` քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, կատարված չէ ժամկետային կամ ֆորմալ առումով։

«Թե ինչո՞ւ ժամկետային և ինչո՞ւ ֆորմալ՝ դրա բացատրությունը թաքնված է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի հետևյալ տողերում»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ խոսելով այս տարի հանրապետության 20-ամյակի մասին, նշել է, թե պատրաստ են առաջինը լինելու, «պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն իսկ հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»:

Տեր-Պետրոսյանի խոսքով` Հանրապետության օրվա հիշատակումը, լիցքաթափման քայլերի մասին ասված խոսքերը և արդարադատության նախարարին տրված հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը կասկածի տեղ չեն թողնում, որ իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ:

ՀՀ առաջին նախագահը համոզմունք էր արտահայտել, որ մայիսի 31-ին կայանալիք հանրահավաքում հարթակից իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը։

«Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք»,- ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Քրիստինե Խանումյան

© Medialab.am