Կարմիր խնձոր. Հայաստանցի աղջիկների զգալի մասը պահպանում է կուսությունը մինչեւ ամուսնությունը առավելաբար հասարակական կարծիքի պարտադրանքով

Կարմիր խնձոր. Հայաստանցի աղջիկների զգալի մասը պահպանում է կուսությունը մինչեւ ամուսնությունը առավելաբար հասարակական կարծիքի պարտադրանքով
Կարմիր խնձոր. Հայաստանցի աղջիկների զգալի մասը պահպանում է կուսությունը մինչեւ ամուսնությունը առավելաբար հասարակական կարծիքի պարտադրանքով

Դարերից եկող «Կարմիր խնձորի» ավանդույթը` կնոջ ընտանիքին նրա կուսությունը խորհրդանշող կարմիր խնձորներ ուղարկելը, դեռեւս պահպանվում է Հայաստանում, թեև երիտասարդների մի փոքր հատված հակված է մոռանալ այն ու ապրել ազատ սեռական կյանքով:
«Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) հասարակական կազմակերպության 2011-ին հրապարակված ուսումնասիրության համաձայն` Հայաստանի մարզերում բնակվող18-35 տարեկան արական սեռի ներկայացուցիչների ավելի քան 62 տոկոսի, իսկ երևանաբնակ տղամարդկանց` ավելի քան 56 տոկոսի համար կարևոր է աղջկա կուսությունը:

23 ամյա Վազգեն Կարապետյանը ոչ այնքան կարեւորում է հայերի շրջանում տարածված «կարմիր խնձորի» ավանդույթը, որքան կուսությունը.

«Հայ տղու կինը պետք է բարոյական լինի, իսկ մի քանի հոգու տակ պառկած աղջիկը բարոյական չէ: Զույգերը կարող են սեռական հարաբերություններ ունենալ, միայն եթե վստան են, որ հաստատ ամուսնանալու են»:

Մինչդեռ, երեւանաբնակ աղջիկների գրեթ 55 տոկոսը կածում է, որ այս հարցը վերաբերում է միայն ամուսնացող զույգին:

«Այսպես պատասխանելով` աղջիկներն արտահայտում են իրենց վրդովմունքը հասարակության կարծիքի նկատմամբ, որը, ըստ նրանց, չպետք է խառնվի այդ անչափ նուրբ և ինտիմ հարցին` թողնելով վերջինիս լուծումը միմիայն ամուսնացող զույգի հայեցողությանը»,- հետազոտությունն է ներկայացնում ՀԱԲ ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:

Սեքսոպոտոլոգ Երվանդ Մինասյանի մեկնաբանությամբ` 2-3 տարի հանդիպող զույգերը մինչ ամուսնությունը սեռական հարաբերություններ չունենալու դեպքում կարող են անգամ անպտղության խնդրի բախվել: Իսկ 20 տարեկանից հետո կույս աղջիկների մոտ հաճախ լինում են դաշտանային խանգարումներ, արգրեսիվ վարքի դրսևորումներ և մազակալման հանգեցնող սեռական բորբոքումներ:

Սակայն, շատերը պահպանում են կուսաթաղանթը` կարեւորելով ոչ թե առողջությունը, այլ հասարակական կարծիքը: 22 ամյա Մարինեն շարունակում է կույս մնալ` ամուսնանալիս խնդիրներ չունենալու համար:

«Ես չեմ կարող սեռական հարաբերություններ ունենալ մեկի հետ այն դեպքում, երբ համոզված չեմ, որ ամուսնանալու եմ նրա հետ, քանի որ տղաների և ծնողների, ու ընդհանրապես` հայաստանցիների մեծ մասն ամուսնանալիս մեծ նշանակություն է տալիս դրան»,- ասում է երիտասարդ աղջիկը:

ՀԱԲ հարցման համաձայն`երիտասարդ աղջիկների միայն 20-25 տոկոսն է նշել, որ կշարունակեր հետեւել «կարմիր խնձորի» ավանդույթին, նույնիսկ եթե հասարակական կարծիքը չպահանջեր դա, իսկ նրանց ավելի քան 40 տոկոսը, հակառակը, ասել է, որ եթե հասարակական կարծիքը չափազանց խիստ չլիներ, ապա իրենք չէին պահպանի այն:

«Ցավոք հասարակական կարծիքը անձի համար երբեմն ավելի ծանրակշիռ է դառնում, քան սեփականը, ուստի, մարդիկ ստիպված են լինում սահմանափակել իրենց ազատությունը: «Ով կամ ինչն է սահմանափակում ձեր ազատությունը» հարցին հարցվածների 74 տոկոսը տվել են «հասարակության կարծիքը» պատասխանը»,- հավելում է ՀԱԲ ներկայացուցիչ Նիկողոսյանը:

Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակիցները, միեւնույն ժամանակ, տեղի չեն տալիս, ինչպես 23-ամյա Լուսինեն, ով զուգընկեր ունի. «Եթե [տղամարդը] իմ մասին դատելու է ըստ նրա` կուսաթաղանթ ունեմ, թե` ոչ, ուրեմն պետք չէ այդ տղամարդն ինձ»:

Այս հարցում կանանց աջակցող տղամարդիկ էլ կան: 24-ամյա Դանիել Իոնեսյանն, օրինակ, ուզում է ամուսնանալ սեռական կյանքի փորձ ունեցող կնոջ հետ. «Ամուսնանալուց առաջ պետք է հասկանալ, որ իրար ավելի լավ ենք համապատասխանում անկողնում, քան թե մեկ ուրիշի հետ: Իսկ դա հասկանալու համար անհրաժեշտ է, որ երկուսս էլ սեքսով զբաղված լինենք մինչև իրար ճանաչելը»:

Սակայն, քչերն են Լուսինեի նման մտածում, ու, անգամ սեռական հարաբերություններ ունենալով, ամուսնանալուց առաջ վերականգնում են իրենց կուսաթաղանթը:

Կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունների օրենսդրական կարգավորում չկա, այդ պատճառով էլ, նման վիրահատություն անող բժիշկներից մեկը, չցանկանալով ներկայանալ, նշեց, որ կուսաթաղանթի վերականգնման վիրահատություններ արվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում.

«Ընդ որում Երևանից սովորաբար գնում են մարզեր, հատկապես Գորիսում են շատ անում նման վիրահատություններ: Կարելի է միջամտել հարսանիքից` առաջին ամուսնական գիշերից 2 օր առաջ, 7 օր առաջ և այլն»:

Բժշկի խոսքերով` սրսկման միջոցով միջամտությունը (սեռական ակտի ժամանակ արյունահոսության է հանգեցնում և տղայի մոտ տպավորություն թողնում, որ պատռվել է կուսաթաղանթը) արժե 15 հազար դրամ, իսկ վիրահատությունների արժեքը 100-300 հազար դրամ է:

Հրայր Մանուկյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ)`հայադրբեջանական «Հարեւաններ» նախագծի շրջանակներում տպագրված ներդիրից: