Թենիսիստ Էլինա Ավանեսյանը նպատակ ունի Հայաստանի դրոշի ներքո ընդգրկվել նաև 10 լավագույնների շարքում

Պրոֆեսիոնալ թենիսիստ, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը լիահույս է, կմոտիվացնի թենիսի նոր սերնդին:

«Շնորհակալ եմ Հայաստանի թենիսի ֆեդերացիային, «Կերոն» հիմնադրամին այս ընթացքում ունեցած աջակցության համար: Տեղափոխության գործընթացը ստացվեց բավականին արագ և իսկապես ուրախ եմ այժմ Հայաստանում լինելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավանեսյանը:

Վերջինս նաև  ընդգծեց, որ տեղափոխության հիմնական նպատակներից մեկը թենիսի առավել մասսայականացումն է Հայաստանում:

«Լիահույս եմ, որ կկարողանամ մոտիվացնել երիտասարդ սերնդին: Պարզապես ցանկանում եմ առավել շատ հայկական դրոշներ տեսնել միջազգային կորտերում»,-առանձնացրեց նա:

Էլինա Ավանեսյանը նպատակ ունի առաջիկա մեկ տարվա ընթացքում բարելավել վարկանիշային աղյուսակում իր դիրքը և հասնել առնվազն լավագույն 10-ին:  

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը մեծ ձեռքբերում է համար Ավանեսյանի` Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը, որին կհաջորդի նրա` կանանց ընտրանու կազմում հանդես գալը:

« Ավանեսյանի` Հայաստան տեղափոխության քննարկումը սկսվեց ամիսներ առաջ: Եվ սա ֆեդերացիայի և «Կերոն» հիմնադրամի համագործակցության արդյունքն է: Այսուհետ Հայաստանն աշխարհի 50 լավագույն կին մարզիկներ շարքում ունի իր ներկայացուցիչը»,-ասաց Կարամանուկյանը:

«Կերոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի կարծիքով՝ այժմ  հայկական թենիսի համար պատմական պահ է, քանի որ աշխարհի 50 լավագույնների շարքում կա Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկ: Հիմնադրամը շարունակելու է ստանձնած հանձնառությունը` աջակցելով տարբեր ասպարեզների ներկայացուցիչներին` առավել հանրահռչակել Հայաստանն աշխարհում:

Էլինա Ավանեսյանը հանդիպում ունեցավ նաև արցախահայ փոքրիկների հետ, այնուհետև վարպետության դաս անցկացրեց  երիտասարդ թենիսիստների հետ: 

Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: