Այս բանաձևը հզոր ուղերձ է ցեղասպանության չարիքի ժխտման և արդարացման դեմ պայքարում․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ դարում իրականացված ցեղասպանության հստակ օրինակ։

Այն ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեցին հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին արձագանքելու գործում՝ փրկելով և օգնության ձեռք մեկնելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Այսօր Միացյալ Նահանգները տուն է ուժեղ ու կենսունակ հայ համայնքի՝ իրենց հայրենիքի հպարտ քաղաքացիների համար, ովքեր նշանակալի ավանդ են բերել ինչպես ԱՄՆ-ի ձեռքբերումներին և բարեկեցությանը, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը։ Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցուցադրում հարգանք նրանց արժանապատվության նկատմամբ և նշանավորում Ցեղասպանությունը վերապրածների կորովը և կենսունակությունը:

Հայաստանը խորապես շնորհակալ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ թիվ 296 բանաձևին օգտին իրենց վճռական և տպավորիչ քվեի համար, ինչը վկայում է ճշմարտության, արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին: 

Այս բանաձևը կարևոր ներդրում է միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում նոր ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, որոնք մեր օրերում շարունակում են ցնցել մարդկության գիտակցությունը։ Այն հզոր ուղերձ է ցեղասպանության չարիքի ժխտման և արդարացման դեմ պայքարում, քանզի ընդգծում է Հայոց ցեղասպանության դասերի արդիականությունը մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների համատեքստում։ 

Այսօր մենք նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի մյուս բոլոր պետություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նախկինում գործադրած ջանքերի համար: 

Հայաստանը խորապես հանձնառու է՝ շարունակելու սերտ համագործակցությունը իր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ հետևողականորեն և վճռականորեն կառուցելու ամուր հիմքեր և կարողություններ ցեղասպանությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման ուղղությամբ: 

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն