«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնար և աղոթեր». հոգեբան

«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնար և աղոթեր». հոգեբան
«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնար և աղոթեր». հոգեբան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականության տեսանկյունից միամտություն դրսևորեց` կարծելով, որ իշխանությունները դարձի կգան, իսկ Սերժ Սարգսյանն իր հետ հանդիպման կգա: Այս կարծիքին է հոգեբան, «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը, ով վերլուծելով Հովհաննիսյանի հոգեբանական վիճակը, ասում է, որ նրա որոշ քայլեր քաղաքական ձևաչափի մեջ չեն մտնում:

«Նա ազնիվ մարդ է, խարիզմատիկ կերպար: Բայց նա ոչ թե մաքուր քաղաքական գործչի կեցվածք էր ձեռք բերել, այլ մարդկային իր բոլոր հատկանիշներով էր այդպիսին: Սա մեր ժողովրդի համար անսպասելի մի բան էր: Մեզանում չէինք սպասում, որ նման քայլ կարող էր անել, գնալ աղոթել, ժողովրդի կեսին թողնել և այլն: Այստեղ, եթե սա դիտարկում ենք քաղաքական քայլերի տեսանկյունից, սա չի դիտվում, այդ ձևաչափի մեջ չի մտնում: Բայց եթե նայում ենք մարդկային կեցվածքի տեսանկյունից, այո՛, նա պետք է գնար և աղոթեր»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Պողոսյանը:

Նրա խոսքով` Հովհաննիսյանն ապրիլի 9-ին հոգեբանական լուրջ վիճակում էր հայտնվել, մտավախություն ունեցել, որ քաղաքական յուրաքանչյուր քայլ կարող էր հանգեցնել մարտի 1-ի կրկնության:

«Նա մարդկային տեսանկյունից վախեցավ, իսկ քաղաքական քայլերը պետք է բերեին անհնազանդության: Բայց նա դրան չգնաց` մտավախություն ունենալով: Հովհաննիսյանը միամիտ գտնվեց այն հարցում` կարծելով, որ Սերժ Սարգսյանը գալու է իր հետ հանդիպման, և փոխզիջումների են գնալու: Դա նույնպես քաղաքական գործչի, քաղաքագետի կեցվածք չէ: Նա ավելի շուտ մեծ տուրք տվեց մարդկայինին, բարի մարդու համբավին»,- խնդիրը հոգեբանական տեսանկյունից վերլուծում է Ռուբեն Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի` Մոսկվա կատարած այցին, ապա հոգեբանը նշում է, որ նա այդ ընթացքում փորձում էր դաշտը զննել, մի փոքր դադար վերցնել:

«Ուզում էր զննել ու տեսնել` այս տարածաշրջանը գերտերությունների քաղաքականությա մեջ ի՛նչ դերակատարում ունի, և ի՛նչ կլինի, եթե այս իշխանությունները փոխվեն»,- ասաց նա:

Հոգեբանի խոսքով` Հովհաննիսյանը համոզված էր, որ ոստիկանությունը կարող էր անցնել ժողովրդի կողմը, եթե դա լիներ, հաղթանակն ապահովված էր: Բայց դա, Պողոսյանի խոսքով, քաղաքականության մեջ միամտություն է:

Ըստ Պողոսյանի` նա հոգեբանորեն լավ չէր հաշվարկել իրավիճակը` լավ չճանաչելով մեր ժողովրդին, մեր ազգային մտածելակերպն ու անցած ուղին:

Հովհաննիսյանի հոգեվիճակը վերլուծելով` Պողոսյանն ասում է, որ նա նորից կակտիվանա, նոր քաղաքական կեցվածքով հանդես կգա, բայց դեռևս մտորումների, ներքին բանակցությունների մեջ է:

Այս իրադարձություններից հետո, ըստ հոգեբանի, հայ ժողովուրդը հոգեբանորեն ավելի պատրաստ է ընդդիմադիր դիրք գրավելու, կա շանս, որ ընդդիմությունը կհաղթի Երևանի ավագանու ընտրություններում:

«Նախագահի ընտրությունները շատ անսպասելի զարգացումներով ընթացան: Անսպասելի էր, որ նախ՝ նման ընդդիմադիր ուժ գոյություն ունի, պետք է լիներ ինչ-որ մեկը, որի հետևից ժողովուրդը գնար: Մյուս կողմից՝ նախորդ փորձերի արդյունքում ժողովրդի մոտ բացեիբաց ընդդիմադիր կեցվածք էր առաջացել»,- ասում է Պողոսյանը:

© Medialab.am