35 կրակոց Կուտոյանի տան պատերի՞, թե՞ Հայաստանի վրա

Մհեր Արշակյան

Ինչ-որ մի բան այն չէ մեր ԱԱԾ-ում: Եթե ԱԱԾ նախկին ղեկավարն ինքնասպանվել է, ստացվում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը անհավասարակշիռ մարդ է, մեր ԱԱԾ-ն ղեկավարել է անհավասարակշիռ մարդ: 

ՔԿ-ն նախնական տեղեկություններ ունի, որ մարդը խմել է ու ինքնասպանություն է գործել: Անգլիայից վերադարձել է ու «զբաղվել» իրենով: Այսինքն՝ դեռ լավ է, որ ինքնաթիռի օդաչու չէր, թե չէ կարող էր ամբողջ ինքնաթիռը իր հետևից տանել: 

Կարելի է լրջանալ ու փորձել հասկանալ, թե ուրիշ ինչ կա բուն դեպքի մեջ: Գաղտնիք չէ, որ մեր ԱԱԾ-ն բազում մութ գործերի մեջ է խառնված, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից առաջ` հոկտեմբերի 27, մի շարք աղմկալի սպանություններ, մարտի 1 և այլն: 

ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանի մասով ինֆորմացիաների ամբողջ հասանելիությունը տեղափոխվել է Գեորգի Կուտոյանի լիազորությունների դաշտ, որից հետո այս մարդը հրաժարական է տվել, այդ ամբողջը տեղափոխվել է Վանեցյանի «կուռացիա», որի օգնությամբ էլ պարզվում է, որ մի շարք փաստաթղթեր են անհետացել ԱԱԾ-ից, իսկ հետո պարզվում է, որ Վանեցյանը սև է, այսինքն՝ խաղում է նախկին իշխանությունների դաշտում, որից հետո հաղորդագրություն` Սևակի փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին:

Արդյո՞ք այս ամբողջը պետք է վերլուծի ՔԿ-ն: Չգիտեմ: Բայց ՔԿ-ի պարզաբանումը կասկածելի խորհրդավոր այս մահը դարձնում է ստույգ խորհրդավոր` Կուտոյանը դեկտեմբերին 35 անգամ ոչ սթափ վիճակում կրակել է տան պատերին:

Ու էդ ընթացքում ոչ ոք, ոչ մի ոստիկան չի մտել Կուտոյանի տուն ու չի ասել` կներեք, էս ի՞նչ հրաձգության պարապմունքներ են բնակելի շենքում: 

Ոչ մի հարևան ոչինչ չի լսել, չի զանգել ոստիկանություն ու չի ասել` գիտե՞ք, իմ վերևի (ներքևի, աջ կամ ձախ) հարևանի տանը, որտեղ մեր ստույգ տեղեկությունով ապրում է ԱԱԾ նախկին ղեկավարը, կարծես թե պատերազմական գործողություններ են ընթանում, կզբաղվե՞ք, թե՞ մենք լքենք մեր բնակարանները, մեկ էլ տեսար՝ այդ գործողությունները տեղափոխվեցին հարևան բնակարաններ: 

Չէ, ոչ մեկը չի զանգել: Իսկ ՔԿ-ն շարունակում է, ի դեպ, ոճական զարմանալի սառնասրտությամբ և ասես պատմաբանի` դեպքերի հանդեպ հեռավորության թեթևությամբ` հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին: 

Հասկացա՞ք։ 

35 կրակոց տան պատերին, ու շենքում ոչ մեկը չի զգուշացել, շենքից ոչ մեկը չի փախել, ինչպես երկրաշարժից են փախչում։ 
Հետո այդ կրակոցները կրկնվել են հունվարին։ 

Իսկ հետո՝ ինքնասպանություն ըստ նախնական վարկածի։ Ես չեմ հասկանում՝ ՔԿ-ում բոլո՞րն են տանը։ Թե՞ նոր տարվա սեղաններից դեռ վեր չեն կացել։ 
Մյուս կողմից՝ ի՞նչ է կատարվում ընդհանրապես։ Ովքե՞ր են ղեկավարում մեր ԱԱԾ-ն։ Մեկը փախչում է Մոսկվա, մյուսը ինքնաթիռի աղետի զոհ է դառնում Մոսկվա փախած որդու հետ միասին, երրորդը ինքնասպանություն է գործում, չորրորդը պատիվ ունի չեղած տեղից։ 

Եվ, ընդհանրապես, այս մահապարտներն ընտրովի՞ են։ Ո՞ւմ մահն է լցնելու պետության համբերության բաժակը, որպեսզի սովորի իրերին տալ իրենց անունները։ 

Եթե Կուտոյանը սպանվել է, նոր իշխանությունները մտածելու բան ունեն անձնական հեղինակության մասով, եթե ինքնասպանություն է գործել, ուրեմն ինչ-որ հանցագործության կծիկ մինչև վերջ բացված չէ, և այս ինքնասպանությամբ հենց այդ կծիկը չբացելն են ապահովագրել։ 

Երկու դեպքում էլ դա սպանություն է, որտեղ գործող իշխանությունների մատը հազիվ թե խառը լինի, բայց որ այդ իշխանության ուժային կառույցներում մեծ մասն իր տեղում չէ, փաստ է։

Մհեր Արշակյան

MediaLab.am