«Եթե հայ աղջկա հանդիպեմ և սիրեմ՝ կամուսնանամ և մշտապես կբնակվեմ Հայաստանում». հնդիկ Գուրին Փենջաբից՝ Երևան

28-ամյա Գուրի Սինգը (Guri Singh) մեկ տարի է՝ ապրում է Հայաստանում: Պատմում է, որ ընկերոջ առաջարկով այցելել է Հայաստան և այնքան է հավանել երկիրն ու մարդկանց, որ որոշել է ժամանակավորապես բնակություն հաստատել այստեղ։ 

«Ես հավանեցի Հայաստանը, դրա համար այստեղ եմ: Եվ որոշեցի՝ եթե աշխատանք գտնեմ, ապա կմնամ: Աշխատանք գտա և մնացի»,- «Մեդիալաբին» ասում է նա: 

Գուրին Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փենջաբ նահանգից է։ Ասում է, Փենջաբում շինարարական աշխատանքներ է կատարել, շենքերի պատեր է ներկել։ Սակայն, ընկերոջ առաջարկը մի կողմից, նոր աշխարհի հետաքրքրությունը՝ մյուս կողմից, նրան բազմաթիվ այլ հայրենակիցների նման բերել են ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Հայաստան։

Վերջին տարիներին Հնդկաստանի քաղաքացիների այցը Հայաստան շեշտակի աճել է։ Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային քաղաքականության պարզեցմամբ։ 

Անցած 4 տարիներին Հնդկաստանից Հայաստան այցելուների թիվը ավելի քան 7 անգամ ավելացել է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականին Հնդկաստանից Հայաստան է եկել 3951 մարդ, իսկ 2019 թվականի առաջին 9 ամիսներին՝ 28740։

«2018-ի սկզբին մեծ աղմուկ կար՝ կապված Հնդկաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի հետ: Մենք բազմիցս լուսաբանեցինք և բացատրեցինք, որ դա կապված է 2017-ի կառավարության երկու որոշումներով, որոնցից առաջինով նրանց մուտքը դյուրացվել էր մեր երկիր, երկրորդով վիզայի պահանջը հանվել էր»-, «Մեդիալաբին» ասում է ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

Մուտքի արտոնագրի դյուրացումը հնարավոր դարձրեց ինչպես Հնդկաստանից Հայաստան ժամանած շատ այլ քաղաքացիների, այնպես էլ Գուրիի այցը: Սակայն Հայաստանում հաստատվելու նրա ցանկությունն ամրապնդվեց Երևանի բժշկական կլինիկաներից մեկում դռնապանի աշխատանք ստանալուց հետո։  Գուրին պատմում է, որ կլինիկայում իրեն նաև փոքրիկ առանձնասենյակ հատկացրեցին, որտեղ և բնակվում է։ «Ինձ Հայաստան հրավիրած ընկերս գնաց Հնդկաստան, բայց ես մնացի և աշխատում եմ այստեղ»,- ասում է նա:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պատրաստած «Միգրացիան թվերով» 2019 թ. վերլուծական տեղեկագրի համաձայն՝ Հնդկաստանից եկած քաղաքացիների 8%-ն աշխատում է սպասարկման ծառայությունների ոլորտում, այդ թվում և Գուրին: Աշխատանքի հիմնական ոլորտները, որոնցում զբաղված են Հնդկաստանի քաղաքացիները, մեծածախ և մանրածախ առևտուրն է, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգումը, որը կազմում է 22%, կացության և հանրային սննդի կազմակերպումը՝ 21% և մշակող արդյունաբերությունը` 17%:

https://lh5.googleusercontent.com/qssdfgA5Tb9Z2VcVd2gec-_2lXuNWVgRXKgDLd3etnO5Iv45yMzmtVP9ja8mfYl74pruE4BWi3W9ZxjdRzt68Y15r0cM2DPc_NKvx3mPRWHbr9dm3-L8MZuBPUiyu2zAWKifKMr9

Գծապատկերը՝ «Միգրացիան՝ թվերով» վերլուծական 2019 թ.տեղեկագրի

Չնայած Գուրին ասում է, որ շատ է հավանել Հայաստանը և տպավորված է, բայց չի թաքցնում, որ սկզբնական շրջանում բախվել է տարբեր դժվարությունների։ 

«Երբ այստեղ եկա, հայերեն ոչ մի բառ չէի հասկանում, ես խոսում էի անգլերեն, և շատ դժվար էր ինձ համար, թե մարդիկ ի՛նչ են ասում: Երևանում որոշ մարդիկ խոսում են անգլերեն, բայց Երևանից դուրս չեն խոսում, սա ինձ համար ամենամեծ խնդիրն էր: Դու խոսում ես՝ քեզ ոչ ոք չի հասկանում, իրենք են խոսում՝ դու չես հասկանում»,- պատմում է նա: 

Անդրադառնալով իր հանդեպ վերաբերմունքին, նշում է, որ հայերը շատ լավն են, բարեհամբույր: «Հիշում եմ՝ նոր էի եկել Հայաստան, կորել էի: Տաքսի նստեցի, ասացի, որ կորել եմ, գիտեմ, որ Ձմեռային այգու մոտ եմ ապրում, բայց հասցեն չէի հիշում: Տաքսու վարորդը մի փոքր անգլերեն հասկանում էր, ինձ օգնեց, տարավ այգի, որտեղից ես արդեն կարող էի գտնել տունը»,- ասում է Գուրին:

Այնուհետև Գուրին սկսում է լեզուն սովորել, այդ հարցում օգնում են ընկերները: Այժմ կարողանում է հայերեն հասկանալ և որոշ մտքեր արտահայտել: Ի՞նչ հայերեն բառեր գիտի հարցին Գուրիի առաջին պատասխանը լինում է՝ «ես սիրում եմ քեզ», այնուհետև ավելացնում է՝ «բարև ձեզ», «ցտեսություն», «Հայաստանը շատ լավն է»:

Գուրին, սակայն, նաև պատմում է, որ այնուամենայնիվ լինում են մարդիկ, որոնք իրեն տեսնելիս կարող են վատ արտահայտվել, վատ ու «տգեղ» խոսքեր ասել. «Կարող է վատ բառեր ասեն, չիմանալով, որ ես հասկանում եմ հայերեն, ես, թեպետ, հասկանում եմ, բայց երբեք որևէ բան չեմ ասում: Ես ընդունում եմ, որ վատ արտահայտվող մարդը լավը չէ, և փոխում եմ իմ ճանապարհը»,- ասում է նա:

MHS հոգեկան առողջության ծառայության տնօրեն Արամ Հովսեփյանը նշում է, որ հայ հասարակության մեջ կա արտահայտված որոշակի խտրական վերաբերմունք օտարերկրացիների հանդեպ: Նրա խոսքով՝ մշակութային տարբերությունը հաճախ հիմք է դառնում նման վերաբերմունքի: Նա նշում է, որ պատճառն այն է, որ շատ իրավիճակներում այլազգիների վարքը մեր վարքից տարբերվում է:

«Հնդիկներն ունեն բարձր խոսելու սովորություն, կանանց նկատմամբ նրանց վերաբերմունքը երբեմն տարբերվում է, նրանք նաև խմբերով են դրսում լինում, ինչը ուշադրություն է գրավում. ուշադրություն գրավելն առաջացնում է ավելի բացասական ռեակցիա, որովհետև մարդիկ լարվում են էդ անորոշ վիճակից, չգիտեն՝ ո՛վ են, ի՛նչ են ուզում»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Հովսեփյանը:

Նա շեշտում է, որ խտրական վերաբերմունքի ձևավորմանը նպաստում են նաև լրատվամիջոցները։  «Շատ մեդիաներ իրենք են հաճախում լարում իրավիճակը, բողոքներ են ներկայացնում, թե ինչի՛ պետք ա սենց լինի, ինչի՛ են եկել»,- ասում է Հովսեփյանը:

Գուրին ասում է, որ չնայած շփումներում կարող է հանդիպել վատ վերաբերմունքի, այնուամենայնիվ չի խուսափում մարդաշատ վայրերում զբոսնելուց, քանի որ շատ է սիրում երևանյան զբոսանքները։ Երևանում իր սիրած վայրերն են՝ Հանրապետության հրապարակը և Ձմեռային այգին, որտեղ հաճախ է լինում հանգստյան օրերին կամ աշխատանքից հետո: 

Ասում է, որ Հայաստանում ընկերներ է ձեռք բերել, մասնակցում է տարբեր խնջույքների և նշում է, որ հայերն ու հնդիկները նույն կերպ են խնջույք անում: Հայկական ուտեստներից ամենասիրելին տոլման է, որն առաջին անգամ փորձել է՝ հյուրընկալվելով հայ ընտանիքի:

«Ես շատ եմ սիրում նաև հայկական գինին, հայկական սուրճը, շատ-շատ եմ սուրճ խմում: Երբ նոր էի եկել, առաջին անգամ խմեցի, չհավանեցի, հետո հասկացա, որ սա շատ համեղ է»,- ասում է նա:

Պատմելով հայաստանյան արկածներից՝ հիշում է մի զվարճալի դեպք, որը տեղի էր ունեցել վիզայի ժամկետը երկարացնելու նպատակով Հայաստան-Վրաստան սահմանակետ գնալիս: 

«Ես տաքսիով գնում էի Վրաստանի սահման, մենակ չէի, ինձ հետ կային մի քանի հայեր, Երևանից դուրս գալուց 3-4 կմ անցնելուց հետո հայտնաբերեցի, որ շտապելու պատճառով անձնագիրս թողել եմ Երևանում, և բոլորով նորից վերադարձանք Երևան: Զվարճալի իրավիճակ էր ստեղծվել, մենք բոլորով հետ եկանք: Այնուհետև ամբողջ ճանապարհը շատ հաճելի անցավ, մտերմացա հայ ուղևորների հետ, ես իմ հեռախոսով միացրել էի հնդկական երաժշտություն, բոլորը լսում էին, հետո բոլորով նկարվեցինք, Դիլիջանում միասին սուրճ խմեցինք և շարունակեցինք ճանապարհը»,- հիշում է Գուրին:

Գուրին համեմատություններ անցկացնել չի սիրում, բայց նկատել է, որ հայ կանայք ավելի շատ են աշխատում, ափսոսանքով նշում է, որ Հնդկաստանում սակավաթիվ կանայք են կրթություն ստանում և աշխատում։ Հիմնականում աշխատող կանայք, ըստ նրա, մեծ քաղաքներում բնակվողներն են, իսկ փոքր քաղաքներում և գյուղերում կանայք տնային աշխատանքներով են զբաղվում՝ մաքրություն են անում, կերակուր պատրաստում: Գուրին անձամբ շատ է կարևորում այն հանգամանքը, որ կանայք կրթություն են ստանում, այնուհետև աշխատանք գտնում և կարիերայում հաջողությունների հասնում:

«Այժմ 21-րդ դարն է, երբ դու ունես աշխատանք, դու զբաղված ես և ժամանակ չունես վատ բաների մասին մտածելու, դու ունես գումար, և քո ապագան ավելի լուսավոր է այդպես: Եթե դու աշխատանք չունես, դու կախված ես քո ամուսնուց, քո եղբորից կամ մեկ ուրիշից»,- ասում է նա: 

Նա հույս է հայտնում, որ մոտ ապագայում Հնդկաստանում նույնպես ավելի շատ կանայք կաշխատեն: 

Գուրին դեռ չի որոշել, թե որքան ժամանակ կբնակվի Հայաստանում, ապագայի ծրագրեր դեռ չի կազմել։ «Եթե հայ աղջկա հանդիպեմ և սիրեմ, ապա կամուսնանամ և մշտապես կբնակվեմ Հայաստանում»,- ժպտում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am