Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության: Այս մասին փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է  «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Խնդիրը կապված է «Թումո»-ին տրված՝ Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների հետ:

Դատախազի տեղեկացմամբ՝ մասնավորապես վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգու որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314 հոդված հատկանիշերով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում:

Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:  Խոսքը նաեւ  Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում: «Ինչքան տեղյակ եմ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել,  բայց մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել:  Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ, բայց վերջնական գնահատական ստանալու համար, երբ կունենանք փորձաքննության  եզրակացությունը, նոր կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»,- ասաց դատախազը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: