«Ձեռքն ալ իստակ է»։
«Դուն ալ գրել-կարդալ չես գիտեր, դո՞ւն ալ էշ ես»։
«Գրիգո՛ր աղա, էշը ինչ գիտե՝ երկա՞ր է, կա՞րճ է։ – Էշը հայվան է՝ չգիտե, տե՞րն ալ հայվան է»։
Պրեմիերայից հետո քաղաքում արտահայտությունները պտտվում էին ու ամրապնդվում, որ մնան ապրելու մյուս ֆիլմերի արտահայտությունների հետ՝ կինո հարգող Երևանում։ Իսկ միամիտ մեկին բնորոշելու համար դրանից հետո ասում էին՝ Թորիկ։ Մեր «Կտոր մը երկինքը» այս աշնանը կդառնա 40 տարեկան։
Թորիկն ալ մեծցավ։
Ինչպես չորրորդ դասարանում տեսա «Կտոր մը երկինքը»։
1980 թվականի աշունն էր, պրեմիերային հաջորդող օրերը։ Դպրոցներում աշնանային արձակուրդ էր, չորրորդ դասարանում էի։ Իհարկե, դպրոց ես մենակ էի գնում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից մինչև Տերյան փողոց, բայց վարժված ճանապարհ էր, իսկ քաղաքում ազատ պտտվել միայն կենտրոնում էի կարողանում։ Մեր տանն այդ օրերին մի շաբաթով պետք է ապրեր Ղարաբաղից դպրոցի ավարտական դասարանով աշնանային արձակուրդ եկած՝ պապիս հարևաններից մեկի աղջիկը՝ 17 տարեկան մի աղջիկ։ Ծնողներս ինձ վստահեցին նրան մինչև Լենինի հրապարակ ուղեկցելը, որ միանա դասարանին, ու օրվա վերջում նույն տեղից տուն բերելը։ Երբ հրապարակ հասանք, իր դասարանի ու ուսուցիչների մեջ այնքան ծանոթ մարդ գտա, որոնց տեսնում էի ամռանը՝ պապիս տանը արձակուրդներիս օրերին, որ մոռացա, թե հանձնարարված էր տանել Լենինի հրապարակ ու հետ գալ։
Ինձ առաջարկեցին միանալ իրենց մեծ խմբին ու պտտվել Երևանում, ու ես միացա։ Օրվա ավարտին գնացինք Երևանի կայարանն ու Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը» տեսնելու։ Շատ էի տեսել, բայց ավտոբուսով Երևանում երթևեկելը ընտիր բան էր։
Երբ աշակերտաուսուցչական կազմը հիացավ Քոչարով՝ ավարտեց, կողքի «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի աֆիշին գրված էր՝ «Կտոր մը երկինք»։ Ղարաբաղցիները սովետական տարիներին հայկական բան տեսնելիս իրոք ծարավ մարդու պես վրա էին հասնում։
Ուսուցիչները հերթ կանգնեցին, տոմսեր առան, ու ես Ղարաբաղից էքսկուրսիա եկած դասարանի ու ուսուցիչների հետ կյանքում առաջին անգամ մտա «Սասունցի Դավիթ» կինոթատրոն։
Մինչ այդ շատ կինոթատրոններում էի մորս ձեռքը բռնած կամ հորս ներկայությունից խելացի դեմք արած ֆիլմեր նայել՝ «Նաիրի», «Մոսկվա», «Կոմիտաս», «Հայրենիք», «Ռոսիա», նույնիսկ Սունդուկյան այգու կրկնվող ֆիլմերի ամառային բացօթյա դահլիճում էի եղել, բայց «Սասունցի Դավիթում» ու ինքնուրույն՝ առաջին անգամ էի։
Մութ, անծանոթ, հրաշալի ու անսպասելի ինքնուրույնության մեջ, էկրանին՝ Մանսուրյանի երաժշտությունը, կողքիս՝ մեր տանն ապրող պապիս հարևանի աղջիկը՝ ձեռքս ամուր բռնած, դահլիճի կեսը ծանոթ մարդիկ, լավագույն շորերը կոկիկ հագած ուսուցիչներ, աշակերտներ՝ թեք սանրած մազերով ու էկրանին մեկը մեկից պատկերավոր, վառ կերպարներ, սիրուն խոսք, անուշ հայերեն, գույներ, հին, անորոշ քաղաքի փողոցներ, տներ, կանայք, վառ շորի կտորներ։
Մանկության անհասկանալի, չձևակերպվող ու մանավանդ՝ չնախատեսված երջանկության հետ մեկընդմիշտ նույնականացավ «Կտոր մը երկինքը»։ Երբ էկրանին հայտնվեցին քաղաք մտնող երեք կանայք՝ դահլիճի զսպվող ծիծաղից, քսփսոցից մի բան զգացի, բայց ինչ զգացի՝ չգիտեմ:
Մենք չորրորդ դասարանում չափազանց քիչ բան գիտեինք կյանքի այդ ոլորտի մասին, բայց կինոդահլիճում իմ ապրած բնազդային դիսկոմֆորտը գումարվեց այդ օրվա անհասկանալի, չնախատեսված երջանկության առեղծվածին, ու ես առաջին անգամ զգալով հասկացա, թե նման իրավիճակներում ոնց պիտի ինձ պահեմ որպես հասուն տասնամյա հանդիսատես, ու երբ պապիս հարևանի աղջիկը ձեռքով փակեց աչքերս, այնքան հասուն և խիստ դիտողություն արեցի իրեն, որ խեղճ աղջիկը վատ զգաց։
«Կտոր մը երկինքը» ինձ համար առեղծված-երջանկություն մնաց, դրան գումարվեց ֆիլմից հետո կայարանի ճաշարանում բոլորի հետ ճաշելու անհավատալի հնարավորությունը, որովհետև այլևս երբեք ես հնարավորություն չունեցա կայարանի ճաշարանի ճաշ ուտելու ու վայելելու գրանյոննի բաժակով սովետական կոմպոտը։
Թոթովենցը, Մալյանը, Մանսուրյանը, Սոֆիկո Ճիաուրելին, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը, Մելինե Համամջյանը, Աշոտ Ադամյանը ինձ 1980 թվականի աշնանային արձակուրդի օրը կախարդական կոլեյդոսկոպի նման բան նվիրեցին՝ հնչյուններով, գույներով, առաջ ու հետո այլևս երբեք չկրկնված բաներով, և երբ Երվանդ Քոչարի արձանի մոտից ուսուցիչներից մեկը հարցի մեջ դրական պատասխանը ամփոփած հարցրեց՝ «կկարողանա՞ս, չէ՞, Գայանեին տանես ձեր տուն», ես դեռ կոլեյդոսկոպի ազդեցության տակ չկարողացա ասել, որ ես երբեք մենակ կայարանից տուն չեմ գնացել, որ պատկերացում չունեմ՝ որտեղ է մեր տունը, ու շատ վճռական ասացի՝ հա՛, կտանեմ ես։
«Կտոր մը երկինքը» հիպնոսի տակ էր թողել, բայց մանկական ճկուն տրամաբանությունս աշխատեց, ու ես տեսա տրամվայի գիծը, հետո տեսա տրամվայի գծերով իջնող 7 համարի տրամվայը՝ ուզում էի համբուրել վագոնը, որովհետև 7 համարի տրամվայը հասնում էր մեր տան դալանի մոտ։
Միակ բանը, որ հարցրի տասներորդ դասարանն ավարտող, ինձնից յոթ տարով մեծ Գայանեին սա էր՝ կասե՞ս մեր տունը որ կողմն ա՝ նկատի ունենալով դեպի վե՞ր գնացող տրամվայը նստենք, թե՞ դեպի վար։ Ու երբ հասանք ԳՈՒՄ-ի մոտ՝ ազատ շնչեցի, հասկանալով, որ ուղղությունը ճիշտ է ընտրված, ու այդտեղից սկսած մտքով վերադարձա մի կտոր երկնքի իմ նոր տեսած կոլեյդոսկոպին։
Այսօր Աշոտ Ադամյանի ծննդյան օրն է։ Աշոտի մասին միշտ ասում էին՝ մեր լավագույն ջահել դերասաններից։
Ջահելն այսօր տոնում է իր վաթսունմիքանի տարին։ Աշոտ Ադամյանը դեռ ջահել է, նույնքան տաղանդավոր, ինչպես առաջ, հրաշալի տեմբրով ու խելացի ձայնով, որից բեմերում չկա, ֆիլմերում չկա, հաղորդավարների մեջ չկա։ Այն ձայներից է, որ երբ տեքստ է կարդում, ու սենյակում չես՝ ձայնը բերում է, քեզ մոտեցնում էկրանին, որովհետև տեմբրը լավն է, ու իր արտասանած հնչյուններից զգացվում է, որ իր արտասանած տեքստը իր ուղեղի հետ հաղորդակցվում է, որ չի հիանում իր սեփական ձայնով ու նախապես մշակած, ռուսական թատրոնների բեմերում չիրացված ժեստիկուլյացիայով։
Աշոտ Ադամյանը մի կարևոր հատկանիշ ունի՝ իրեն նայելիս րոպեներ հետո մոռանում ես, որ խաղ ես նայում, դերասանություն ես նայում, մոռանում ես, որ մեծ իմաստով՝ միմոսություն ես նայում, խաղը դարձնում է կադրում մարդու տեսակ տեսնելու հոգեթերապիա, քեզ ես իդենտիֆիկացնում, ծանոթիդ, իրավիճակը պրոյեկտում ես կյանքիդ մեջ ու քեզ պրոյեկտում իրավիճակի մեջ, որը հենց հիմա նայում ես ու մոռացել ես, որ միմոսություն է, քանի որ մարդը խոսում է մարդու ձայնով, ծիծաղը դիմախաղով չի պոկում, այլ, ասենք՝ «կախած էկրանի» դեմքի արտահայտությամբ՝ առանց ավելորդ ծախսի ու ծանրաբեռնելու։ Աշոտ Ադամյանը էկրանից խոսում է մարդու նման, ու, իմ կարծիքով, երկրորդ մարդն է խոսքի արվեստում, որ կարողացել է անհետացնել բեմական ու խոսակցական հայերենների դեմարկացիոն գիծը ու ստեղծել կիրթ խոսակցական լեզու։
Մեր ջահել դերասանը դառնում է վաթսունքանի տարեկան։
Նա երբևէ որևէ կոչում չի ստացել։ Կարծում եմ՝ մի այնպիսի օժտված ու ճանաչում ունեցող դերասանի համար, ինչպիսին Աշոտ Ադամյանն է, սա շատ կարևոր կենսագրական տվյալ է ու շատ օրիգինալ։ Կարծում եմ՝ այն չի կարելի խախտել, որ համահարթեցում չլինի, ափսոս է։
Մենք համալսարանում մի հին ու արժանավոր դասախոս ունեինք գրաբարի, կիսամյակի վերջին իրեն թույլ չէր տալիս քննել ուսանողներին հատ-հատ ու բոլորին նշանակում էր «գերազանց»։ Հետո, լսարանից դուրս գալիս վերադառնում էր ու առանձին-առանձին նշում էր մի քանի ազգանուն ու նրանցից ներողություն խնդրում՝ նրանց իրական «հինգը» համահարթեցնելու համար։ Կարծում եմ՝ Աշոտ Ադամյանին չարժե կոչում տալ արդեն, որովհետև վերջին տարիների «վաստակավորները» մեր գրաբարի դասախոսի բոլորին նշանակած «հինգի» նման են։ Իսկ ներողություն խնդրող չի լինելու։
Մեր զրույցը բարձրագույն տեխնոլոգիաների շնորհիվ էր, Աշոտը Ամերիկայում է, ես՝ Երևանում, ու որոշեցի մի քանի հարց տալ, երբ տեսա ֆիլմի 40-ամյակն է ու իր տարեդարձը շուտով։ Զրույցը, իհարկե, ավելի լավ կստացվեր, եթե ոչ բարձրագույն տեխնոլոգիաներով լիներ, այլ սովորական մարդու հին տեխնոլոգիայով՝ դեմ առ դեմ, բայց առայժմ՝ այսպես։
– «Կտոր մը երկինքը լա՞վ ֆիլմ է»:
– Նայողն է որոշում ֆիլմի լավ ու վատ լինելը:
– Դու որպես նայող կարծում ես լա՞վ ֆիլմ է:
– Ես ամենաքիչ նայողներից եմ եղել, երևանյան ու մոսկովյան պրեմիերաների ժամանակ մի քիչ նայել եմ, հետո իջել ենք ներքև, վերջում բարձրացել ենք բեմ՝ հանդիսատեսի հետ շփվելու համար։ Շատ ցուցադրված ֆիլմերից է, իսկ ցուցադրվում է այն, ինչը սիրվում է։
– Թոթովենցին ծանո՞թ էիր մինչև նկարահանվելը:
– Մինչև նկարահանումները Թոթովենցին տակնուվրա էինք արել։ Սցենարը Հենրիկ Մալյանն ու Ստեփան Ալաջաջյանն էին գրում։ Հաճախակի հավաքվում էինք պարոն Ստեփանի տանը՝ քննարկում, մտորում, բանավիճում, սովորում ու զտում էինք Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկների» մեր տարբերակը՝ «Կտոր մը երկինքը»:
– Բոլո՞րն էին դերակատարներից Թոթովենց կարդացել:
– Գլխավոր դերակատարները՝ հաստատ, մնացածի մասին՝ չգիտեմ, մասսովկայի դերասանը պարտադիր չէ, երևի, որ Թոթովենց կարդացած լիներ։
– Նկարահանման ժամանակ պատահած դեպքերից մի բան կպատմե՞ս:
– Չէ, դա քառասուն ժամ պատմելու նյութ է։ Նկարահանման ժամանակ Գյումրին ապրում ու շնչում էր ֆիլմով, չեմ սիրում հանրայնացնել, պատառիկներ պատմել, որոնք ինձ համար շատ թանկ են։
– Իսկ ինչո՞ւ քեզ Թորիկով հիշեցին, դու շատ ֆիլմերում ես խաղացել, ու ես համարյա նորից բոլորը նայեցի՝ ահագին հետաքրքիր բաներ կան, օրինակ՝ «Եվս հինգ օր» ֆիլմում քաղաքային կյանք, երիտասարդ լրագրող, դրամատիկ պահեր, ու դու շատ լավ ես խաղում, կամ՝ «Օրացույցը»՝ Արսինե Խանջյանի ու Ատոմ Էգոյանի հետ, ինչո՞ւ, օրինակ՝ այս ֆիլմը հանրաճանաչ չի, շատ սիրուն աշխատանք է։
– Ամեն դերասան մի ֆիլմով հիշվում է, Մհեր Մկրտչյանին ասում էին՝ «01-99»։ Ինձ էլ սրանով հիշեցին, երևի բոլորի շնորհիվ՝ Թոթովենցի, Մալյանի, Մանսուրյանի, Ալաջաջյանի, Մհեր Մկրտչյանի, Սոֆիկո Ճիաուրելիի, ամբողջ դերասանական կազմի շնորհիվ։
«Օրացույցում» խաղ չկար, ավելի ճիշտ՝ խաղը պիտի հնարավորինս մոտենար փաստագրական կինոյի սկզբունքին, ընկալվեր որպես խրոնիկա։
– Հանդիսատեսը խա՞ղ է ուզում։ Ես քեզ չեմ հաճոյախոսում, բայց քո ձայնը իր մեջ արդեն դրամատիկ բան ունի, խոսքը միայն տեմբրի մասին չէ, այլ այն մասին, որ ձայնի մեջ կերպար կա արդեն, խաղի կարիք չկա։
– Մալյանն ասում էր՝ ձայնով ծիծաղ կորզել չի կարելի, ծիծաղը պետք է ստեղծվի։
– Ֆիլմում թերություններ տեսնո՞ւմ ես տարիների հեռվից։
– Դա հանդիսատեսի իրավունքն է։ Աշխատելիս մենք բոլորս՝ գրող, ռեժիսոր, օպերատոր, կոմպոզիտոր, դերասան, նկարիչ, լուսավորող և անգամ վարորդները, ջանում էինք անել հնարավորի լավագույնը։
– Չե՞ս զգում, որ երիտասարդ դերասանների արևմտահայերենի վրա կարելի էր աշխատել, խոսքս առոգանության, հնչերանգի մասին է։ Մանավանդ որ ֆիլմում ունեիք, ասենք՝ Մելինե Համամջյան՝ Պոլսում ծնված, Բուլղարիայում մեծացած, հայրենադարձված, արևմտահայերենի հրաշալի գիտակ։
– Իհարկե կարելի էր։ Ֆիլմում հնչում է հին Խարբերդի բարբառը։ Այն ճանաչելու գործում ուսուցիչս Ստեփան Ալաջաջյանն էր։
– Կոչումներ ունե՞ս:
– Բացարձակ ոչ մի կոչում:
– ՞՞՞՞՞
– 1982-ին ներկայացված եմ եղել, բայց մերժել են՝ հիմնավորելով, որ որևէ հոբելյանական տարի չի՝ Հոկտեմբերյան հեղափոխության, Հաղթանակի և այլն։ Պետական մրցանակի ներկայացվել էի, բայց չստացա՝ «շատ ջահել է» պատճառաբանությամբ։ Իրավունք ունեին՝ դա իրենց պարգևներն էին։
ԽՍՀՄ-ից մեզ հասած այդ համակարգը վաղուց հնացել է։ Նորացող մեր երկիրը պետք է ստեղծի գնահատման ուրույն, սեփական երկրի պատմական բարձր արժեքների շարունակականությունը կրող մի համակարգ, որի չափորոշիչները պետք է լինեն հստակ ու վստահելի։ Մարդկանց մտքով անգամ չպետք է անցնի, որ ինչ-որ մեկը պարգևատրվում է, որովհետև ընդունել է «դու՝ ինձ, ես՝ քեզ» արատավոր համաձայնությունը։
«Հայոց ոսկեղենիկ լեզու» ասելով չի կարելի տգեղ հայերեն խոսել ու պահանջել առաջադիմություն։ Դա, իհարկե, կրթական համակարգի բարձրացման շնորհիվ միայն կարող է շտկվել։
Մշակույթային հսկա շերտը բարձրացնելու համար կարևոր է, թե ինչ է անում երկրի գլուխը՝ ինչ է նայում, ուր է այցելում, ինչն է կարևորում։ Անշուշտ, երկրի ղեկավարի գործը պետություն կառավարելն է, չի կարելի պահանջել, որ նա բարձր մշակութաբան և արվեստագետ լինի։ Այդ խնդիրն իրենց վրա պիտի վերցնեն խորհրդականները, որոնք կհուշեն, կուղղորդեն՝ ինչը նայել, ինչը՝ ոչ, ինչն է արվեստ, ինչը՝ ոչ։
Բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, այդ թվում և՝ վարչապետը, ժարգոնային բառապաշարով չպետք է խոսեն, որ չարժեզրկվի մեր Մաշտոցը։ Ղեկավարը պետք է նշաձող լինի։ Իր ներկայությունը որևէ մշակութային իրադարձության՝ պետք է նշանակի, որ համերգը, կատարումը, ներկայացումը, ֆիլմը, նկարը և այլն, արվեստի լուրջ գործ են և արժանի են ուշադրության։
– Իսկ մշակութային արտադրանք չկա՞։ «Ոսկե ծիրանում» ժյուրիի անդամ էիր, չկա՞ր որակյալ ֆիլմ այդքան ֆիլմերի մեջ։
– «Ոսկե ծիրանին» ես ներկայացնում էի «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը, լավագույն սցենարի համար նախատեսված մրցանակը շնորհեցինք վրացի ռեժիսոր Թինաթին Թաջրիշվիլիի «Հորիզոն» ֆիլմին։
– Կարո՞ղ եմ հարցնել՝ Ամերիկայում ինչ ես անում մասնագիտական առումով:
– Ամերիկայում էլ կան մարդիկ, որոնք մտահոգ են Հայաստանի մշակութային հարցերով։ Իսկ մեծ հաշվով մեր դիասպորան անկատար է՝ ինչքան էլ քանակապես մեծ լինի։ Դիասպորան չի դառնում մշակույթ կրող միասնություն։ Այստեղ էլ կան կարգին մարդիկ, այստեղ էլ կա տականք։ Որակապես աճելու ցանկությունը կա, բայց գործնական քայլերը բախվում են խմբային շահերի ու ձգտումների անջրպետին։ Ամեն մեկը պահպանում է իր դղյակը։ Անելիք շատ կա, որքան ուզես։
– Դե, քո անձնական տարածքին մասամբ ծանոթ եմ, կնոջդ հետ ընկերություն ենք անում, որքան կարողանում ենք, հրաշալի աղջիկներ ունես։ Դժվա՞ր էր փրկել անձնական տարածքը։ Ինչպե՞ս փրկեց սուբյեկտն իր «դղյակը»։
– Ընտանիքում վարչական մարմին էինք՝ ես և Արմինեն, ուստի այն ամենը, ինչի մասին խոսում ենք ձեզ հետ, մեր նախագծերով էր իրականացվում։ Իսկ մեր դստրիկներին մենք կրթում էինք ոչ թե արգելքների բազմությամբ, այլ որակյալ առաջարկների առատությամբ։ Եվ ստացանք այն, ինչ ցանեցինք։ ☺ )))))
– Իսկ ինչո՞ւ էր Ստեփան Ալաջաջյանը հանել պատմվածքի սկզբի այն մասը, որ տերտերը ժամկոչի հետ էր եկել միայն և տիրացուին կարգադրել էր չգալ Թորիկի մոր հուղարկավորությանը, որ ստացած փողը երեքի տեղ երկուսի միջև բաժանեին։ Սովետական ժամանակ հոգևորականության հանդեպ դրական վերաբերմունքը այլախոհական քա՞յլ էր, դա՞ էր եղել հոգևորականին ծաղրող հատվածը հանելու շարժառիթը։
Դերասաններից ոչ ոք չի՞ նկատել, որ Թոթովենցի գործում Գրիգոր աղան ավելի բարի է Թորիկի հանդեպ, ավելի զգայուն։ Օրինակ՝ երբ Թորիկի մանուկ ժամանակ Թուրվանդա քորոն ամուսնուն ասում է՝ թող տունը մնա, քըզի նեղություն կուտա, Գրիգոր աղան պատասխանում է՝ «Չէ, կնիկ, նեղություն չի տար, ճիվերս կը բռնե, կը կայնի, շատ խելոք փիճ է»։ Ինչո՞ւ է այդ մարդն ավելի կոշտ ֆիլմում։ Չի՞ եղել քննարկում դրա շուրջ։
– Այս երկու հարցերը միավորելով՝ ասեմ, որ պետք չէ կինոստեղծագործությունը նույնացնել գրքի հետ՝ դրանք առանձին ու անկախ աշխատանքներ են։ Գիրքը գրավում, ոգևորում է ռեժիսորին ու սցենարիստին, և դրա հիման վրա ծնվում է մի նոր աշխատանք։ Տվյալ դեպքում՝ «Կտոր մը երկինք»:
Ինչքան մարդ արդեն չկա՝ Մալյանը, Մհեր Մկրտչյանը, Սոֆիկո Ճիաուրելին, Գալյա Նովենցը, Մելինե Համամջյանը, Շերենցը, Ստեփան Ալաջաջյանը, դերակատարներից շատերը։ Ֆիլմը քառասուն տարի ակտիվ ապրում է։
Պարզ պատմություն, Թոթովենցի ներողամիտ ծաղրի, ընթացիկ կյանքը շատ հետոյի դիտանկյունից նայողի հանդարտված իմաստնության, բարի կիսաժպիտով դեպքերն արձանագրողի վարպետության շնորհիվ, այդ պատմությունը շարժանկար դարձրած մյուս վարպետի շնորհիվ, դերասանի վարպետության հմուտների շնորհիվ, ու շատ-շատերից տարբերվող 27 տարեկան Աշոտ Ադամյանի շնորհիվ, որը խաղաց այնպես, ինչպես կխաղար Թոթովենց կարդացած, Թոթովենցի պատմելը զգացած շատ բան անել իմացող, անբնական բնական ձայնով դերասանը։
Դժվար գա մի օր, երբ Աշոտ Ադամյանին ասեն՝ շնորհավո՛ր ծնունդդ, վարպե՛տ, որովհետև «վարպետ» ասում են տարիքով մեծացած տաղանդավոր մարդկանց։ Աշոտը Ադամյանը միշտ «մեր տաղանդավոր ջահել դերասանն» է լինելու՝ ինչքան էլ մենք մեծանանք, քանի զրո էլ ավելանա մի կտոր երկնքի հոբելյանական չնշվող երեկոյի օրը։ Շնորհավո՛ր ծնունդդ, մեր ջահե՛լ, տաղանդավո՛ր դերասան։
Լուսինե Հովհաննիսյան
MediaLab.am