Կորոնավիրուս. Պատժե՞լ, թե՞ չպատժել կանոններին չհետևող անձանց

Փաստաբան Նորայր Նորիկյանը դժվարանում է ասել՝ արդյոք կորոնավիրուսի հայտնաբերման վերջին աղմկահարույց դեպքի առիթով կիրառելի կլինի՞ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը սահմանում է սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու պատիժները:

«Բարդ է ասել, լրացուցիչ ուսումնասիրություն պետք է կատարվի, որ եզրակացություն անենք: Այդ մարդը հո միտումնավոր չի՞ վարակել մարդկանց, հետո ինքը պետք է արդեն տեղյակ լիներ, որ ինքը վիրուսակիր է»,- ընդգծում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք՝ մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Էջմիածին քաղաքի բնակիչը, Իտալիայից վերադառնալով և կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ունենալով, չի հայտնել այդ մասին, չի ինքնամեկուսացվել և մասնակցել է տոնական միջոցառման՝ պատճառ դառնալով նաև այլ մարդկանց շրջանում վիրուսի տարածման:

Այս դեպքը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ հանդիսացավ, առանց այն էլ խուճապային այս իրավիճակում։ Ֆեյսբուքի օգտատերերից ոմանք պնդում են, որ անկախ նրանից՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր է դա կատարվել, պետք է օրենքով պատիժ սահմանվի:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ պետք է հարցը բարձրացնել ստուգողների աշխատանքի առումով.

«Նման իրավիճակում, երբ պետության կողմից միջոցներ են ձեռնարկվում համաճարակային միջոցառումներ իրականացնելու համար, և տեղի է ունեցել այդ շատ ցավալի դեպքը, ես ավելի շատ հարցը բարձրացնում եմ ստուգողների, որոնք պետք է իրականացնեին ախտորոշումներ կամ միջոցառումների շրջանակում գործողություններ հայտնաբերելու համար: Էստեղ խնդիրն այն չէ, որ այդ կինը դիտավորությամբ է կամ ունեցել է դիտավորություն տարածելու համար, դա ավելի շատ չիմացության հետևանք է»,- նշում է իրավապաշտպանը՝ հավելելով,- կտեղափոխեի այն հարցերով, ո՞վ է թերացել, որովհետև հիմա պետք է մենք ունենանք երաշխիք, որ էդ թերացած օղակը բացահայտվի, շտկվի, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն: Նման դեպքերում պատժիչ գործողություններն ամենևին արդյունավետ չեմ կարող համարել»: 

ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն՝

«Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

Անդրադառնալով այս հոդվածին՝ Սաքունցը մեկնաբանում է, որ դա վերաբերում է այն դեպքերին, երբ կա հստակ կանխամտածված գործողություն՝ վարակելու կամ համաճարակին նպաստելու.

«Եթե մարդն ունի առողջական խնդիր կամ հիվանդություն, շատ լավ տեղյակ է, որ որևէ ճանապարհով կարող է փոխանցվել մեկ այլ անձի, ու ինքը դիտավորությամբ թաքցնում է և դիտավորությամբ հիվանդությունը տարածում է՝ վնաս պատճառելով, դա այլ հարց է, տվյալ դեպքում պարզ է՝ հարսանիքի հետ կապված հարց է եղել, ունեցել է բոլորովին այլ միտում, քան, ենթադրենք, համաճարակային»: 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, ԱՄՆ-ն արտակարգ իրավիճակ է հայտարարել, մի շարք երկրներ փակել են սահմանները։ Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 150.000 է: Վիճակագրության համաձայն՝ արձանագրվել է 5543 մահվան դեպք, առողջացել է 72.572 մարդ: Մարտի 14-ի դրությամբ՝ ամենաբարդ իրավիճակում է գտնվում Իտալիան՝ 17.660 վարակված դեպքերով և 1266 մահով։ 

Հայաստանում այսօրվա դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 18 դեպք։ Իրավիճակը հսկողության տակ պահելու համար իշխանության տարբեր ներկայացուցիչներ դիմել են բնակչությանը՝ կոչ անելով ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ստեղծված իրավիճակին և սահմանափակել շփման դաշտը։ Մարտի 12 -ից դպրոցները, մանկապարտեզները և այլ ուսհաստատությունները փակվել են։ 

Առանձին պատգամավորներ հանդես են եկել սննդի օբյեկտները՝ սրճարանները, ռեստորանները փակելու առաջարկով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին իր Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում, անդրադառնալով նշված դեպքին և հետագա դեպքերի կանխարգելմանը, նշել է, որ քննարկվում են օրենսդրական հնարավոր փոփոխություններ, որ վարակիչ հիվանդություններ ունենալու և համաճարակային իրավիճակի դեպքում ժամանակին բժշկի չդիմելը, չինքնամեկուսացվելը կարող է հանգեցնել որոշակի պատասխանատվության:

Արփինե Արզումանյան

MediaLab.am