Այս տարի առաջին դասարանցիները շուրջ 40 հազար են․ էլեկտրոնային հայտագրումը կմեկնարկի հունիսի 1-ից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստվում է առաջին դասարանցիների գրանցմանը, և արդեն մայիսի 8-ից stugum.emis.am կայքում բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորությունը։

 «Կան երեխաներ, որոնց ծննդյան վկայականները թվայնացված չեն, և համակարգով հնարավոր է առցանց դիմում ուղարկել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի փաստաթուղթը թվայնացվի։ Այդ հնարավորությունը տվել ենք ծնողներին, որպեսզի հայտագրման ընթացքում խոչընդոտների չհանդիպեն»,- «Մեդիալաբին» ասում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Առաջին դասարանցիների հայտագրումը նույն կայքում կմեկնարկի հունիսի 1-ից։ Բայց բոլոր ծնողները չեն, որ կարող են այդ օրը գրանցել իրենց երեխաներին․ առաջին տասն օրերի ընթացքում իրենց առաջին դասարան գնացող երեխային կարող են գրանցել այն ծնողները, որոնք արդեն դպրոցում սովորող երեխա ունեն, կամ աշխատում են այդ դպրոցում: Այդ խմբի երեխաների հայտագրումը կավարտվի հունիսի 10-ին։ 

«Դա կարգավորվում է «Հանրակրթության մասին» օրենքով, որով առաջնահերթություն է սահմանված այն ծնողների համար, որոնք այդ դպրոցում ունեն արդեն սովորող երեխա, և այն ծնողների համար, որոնք աշխատում են դպրոցում։ Հունիսի 1-10-ը գրանցում կիրականացնեն այդ ծնողները, իսկ հունիսի 11-ից համակարգը կբացվի բոլոր ծնողների համար»,- ներկայացնում է Արտակ Պողոսյանը։

Այս քայլին մասնագետների գնացել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա դասերը, քանի որ, Պողոսյանի փոխանցմամբ, շատ են եղել մարդիկ, որոնք դժգոհել են, թե հնարավորություն չի տրվել, որ առաջին դասարան գնացող իրենց երեխան եղբոր կամ քրոջ հետ միասին նույն դպրոց կարողանա գնալ։

«Նախորդ տարի նման առաջնահերթություն չկար, և այս տարի օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա կարող ենք դիմել այդ քայլին»,- նշեց ԿՏԱԿ-ի տնօրենը։

Այս տարի սպասվում է, որ առաջին դասարանցիների թիվը կլինի 40 հազար, սակայն օնլայն գրանցման համակարգը չի վերաբերի բոլորին, քանի որ այդպես գրանցվում են այն բնակավայրերում, որտեղ դպրոցները մեկից ավելի են։

«Այս համակարգով հնարավոր գրանցվողների թիվը շուրջ 25 հազարի է հասնում։ Համակարգը չի տարածվի հիմնականում գյուղական բնակավայրերի վրա, այսինքն՝ այն համայնքներում կամ բնակավայրերում, որտեղ դպրոցների թիվը մեկն է։ Կարիք չկա այնտեղ ծնողներին ստիպել էլեկտրոնային հայտագրում իրականացնել»,-ընդգծում է Արտակ Պողոսյանը։

Նախորդ տարի, պաշտոնյան հիշում է, երկու սերվերների միջև կապի խնդիր էր առաջացել, որը 15 րոպե է տևել։ Այս տարի ասում է, վստահ է, խնդիր չի առաջանա։ stugum.emis.am կայքում ծնողը լրացնում է իր և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը, այսինքն՝ սոցիալական քարտի տվյալը և հայտագրում երեխային իր ցանկացած դպրոցում։

Նաև հնարավոր է նշել բջջային հեռախոսի համարը, որին ստանում է ծածկագիրը, որի միջոցով իր անհատական էջում դրանով կարող է իրականացնել չեղարկում և այլ դպրոցում հայտագրում։

«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ էլեկտրոնային հայտագրման համակարգը արդյունավետ է, և շատ են եղել դեպքեր, երբ ծնողները մեզ շնորհակալություն են հայտնել, որ ստիպված չեն եղել գնալ դպրոցի որևէ տնօրենի մոտ ու խնդրել ընդունել երեխային և ինքն իր տնից գրանցում է իր երեխայի համար ամենահարմար դպրոցը։

Այս մեխանիզմը նաև հնարավորություն է տալիս խուսափելու կոռուպցիոն ռիսկերից, հավասար բաշխել աշակերտներին դպրոցների միջև և թեթևացնել գերծանրաբեռնված դպրոցները»,- ընդգծում է ԿՏԱԿ-ի տնօրենը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am