«Հոգուս խորքում բոլոր այն հիվանդներն են, որոնց մահը իմ աչքի առաջ եմ տեսել». Բուժքույր Յանա Խաչատրյանը՝ առաջնագծից

«Հիվանդի պայքարը, բժիշկների, բուժքույրերի, մայրապետների թիմային աշխատանքը երբ վերջապես իր արդյունքն են տալիս՝ դրանից կարևոր ոչինչ չկա։ Հոգիդ ցնծում է, երբ հիվանդը լավանում է և դուրս գրվում։

Ուրախանում ես նաև, որ էլի տեղ է լինելու։ Մեկը կգա, որը դրա անհրաժեշտությունն ունի, ու մենք իրեն մեր բուժօգնությունը կտանք»,- ասում է բուժքույր Յանա Խաչատրյանը, որը 3 ամսից ավելի է՝ կորոնավիրուսի դեմ պայքարում է ներգրավված՝ աշխատելով երկու բժշկական կենտրոններում՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում։ 

Յանա Խաչատրյանը, աշխատելով և՛ թերապևտիկ, և՛ վերակենդանացման բաժանմունքներում, նշում է՝ եթե թերապևտիկ բաժանմունքում մարդիկ իրենց համեմատաբար լավ են զգում, կարողանում եմ միմյանց հետ շփվել, իրար հույս տալ, ապա վերակենդանացման բաժանմունքում այն մարդիկ են, որոնք հիմնականում գերկախված են թթվածնի սարքերից:

Բուժքույրը ցավով է հիշում այն հիվանդներին, որոնց կյանքը այս ընթացքում հնարավոր չի եղել փրկել, որոնք իր աչքի առջև մահացել են. «Ես իմ հոգու խորքում բոլոր մարդկանց հիշում եմ՝ անուններով ու դեմքերով, ինքս իմ մեջ ուզում եմ հասկանալ՝ ի՛նչ կարելի էր անել, որ չարվեց: Հոգեբանական սթրես է։ Հոգուս խորքում բոլոր այն հիվանդներն են, որոնց մահը իմ աչքի առաջ եմ տեսել»,- նշում է նա։

Պատմում է, որ համավարակի պայմաններում հիվանդանոց գնալու և մասնագիտական աշխատանք կատարելու իր որոշումը ընտանիքը դժվարությամբ է ընդունել. «Մեր ընտանիքում մի պահ կռիվ էր ընկել, ասում էին՝ ինչի՛դ է պետք, մի՛ գնա, բա որ քեզ բան լինի: Բայց ես որոշել էի, որ պիտի գնամ և իմ մասնագիտական օգնությունը ցույց տամ: Մայրիկն էր միակ մարդը, որ հասկացավ: Ու իրեն էին զանգում, ասում էին՝ ո՞նց ես թողնում, որ գնա: Մամաս էլ ասում էր՝ ո՞վ, եթե ոչ ինքը, եթե մենք բոլորս մեր երեխեքին պահենք, ապա ո՞վ պիտի գնա»։

Յանան համարձակորեն պնդում է, որ եթե անհրաժեշտ լինի աշխարհի որևէ ծայր գնալ, որտեղ բուժանձնակազմի և բուժօգնության կարիք կա, ապա անպայման մասնակից կլինի:

Ասում է, որ աշխատանքի ընթացքում հիվանդների հետ մտերմություն է ձևավորվում, անգամ դուրս գրվելուց հետո շարունակում են շփումը, և նրանց խոսքը ոգևորում և ուժ է տալիս իրենց դժվարին գործում:

«Մի պապի կա, մինչև հիմա բոլորիս հետ կապի մեջ է։ Ինքն ամեն օր՝ առավոտյան, Ֆեյսբուքով բարի լույս է մաղթում, գրում է՝ Ձեզ ուրախ օր, լավ կնայեք ձեզ։ Մենք նրա ծնունդը վերակենդանացման բաժանմունքում էինք նշել: Երբ կարդում ես հիվանդների գրառումները, որոնք դուրս են գրվել ու շնորհակալություն են ասում, ինքդ քո մեջ հասկանում ես, որ իզուր չէ քո կատարածը, որ մի քանի ամիս հարազատներիդ չես տեսնում, ընդհուպ մինչև հեռախոսով խոսելու ժամանակ չես ունենում»,- նշում է բուժքույրը:

Բժշկական արտահագուստի վրա նկարել է հիվանդներից մեկը՝ առողջանալուց հետո հիվանդանոցից դուրս գրվելիս

Բուժքույրն ասում է՝ տեղյակ է, որ շատերը չեն հավատում վիրուսի գոյությանը, և կարծում է՝ կհավատան միայն այն դեպքում, երբ իրենք կամ իրենց հարազատը լինեն այդ վիճակում, այդուհանդերձ հորդորում է զգույշ լինել, որ խնդիրը չհասնի նրան, որ հնարավոր չլինի օգնություն հասցնել իրենց:

«Մեր հայերի բնավորության մեջ կա՝ մենք չենք հավատում, ամեն ինչի մեջ սուտ ենք ման գալիս: Դրական բան է լինում մեր կյանքում, մտածում ենք՝ ինչպե՞ս կարող է դա լինել, մենք դադարել ենք հավատալ լավին ու լավ բաներ անելուն, դրա համար այնքան քիչ ենք ինքներս լավ բան անում՝ առանց շահի, հետին մտքի: Մենք դադարում ենք մարդկանցից հավատալ դրան, դրա համար ունենում ենք այս պատկերը: Մեզ մի քիչ բարություն է պակասում»,- նշում է նա։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am