ՀՀ կառավարությունը հրաժարվեց ռուսական վարկից՝ 63․2 մլրդ դրամ բյուջետային վարկ տրամադրելով Հայկական ատոմակայանին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, ըստ որի՝ բյուջետային վարկ է հատկացվում Հայկական ատոմակայանում աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ասաց, որ Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգում ծրագրի շրջանակներում ռուսական կողմը Հայաստանին 300 մլն ԱՄՆ դոլար էր հատկացրել, որից 270 մլն դոլարը վարկ, մնացածը՝ դրամաշնորհ։

«Այս պահին մնացորդը 107 մլն դոլար է, սակայն  աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք այժմ նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել։ Եվ ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-22 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63․2 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն արձանագրել է, որ մինչև այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ Ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար։

«Եվ մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, դրա փոխարեն ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որը աներկբա շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու և ըստ էության ավելի է մեծացնելու կառավարության լծակներն այդ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար։ Նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով»,- ասաց վարչապետը։