«30-ամյակը՝ հիվանդանոցում. սկզբում մամաս վատացավ, հետո՝ ես»․ լրագրող Անի Արամին չի պատկերացնում՝ որտեղից վարակը իրենց ընտանիք մտավ

Newarmenia.am-ի լրագրող Անի Արամին չէր էլ կարող պատկերացնել, որ ծննդյան 30-ամյակը կնշի հիվանդանոցում։ Թեպետ, ըստ նրա, պահպանել է բոլոր կանոնները՝ դիմակ և ձեռնոցներ կրել, հաճախակի ձեռքերը ախտահանել, սակայն կորոնավիրուսից չի կարողացել խուսափել։

Անին այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Ինքնազգացողությունը վատացել է 13 օր առաջ։

«Սկզբում վատացավ մամաս, խնամում էի ես, հետո վատացա ես։ Սկզբում 37-37․5 էի ջերմում, այնուհետև 2 օր հետո 37․5 ջերմության պայմաններում պարզապես անկողնուցս ընդհանրապես չկարողացա ելնել, որովհետև հոդացավեր ունեի, անմարդկային ցավ ես զգում, մարմինդ կտրտվում է։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ընդհանրապես ցավին շատ դիմացկուն եմ, պատկերացրեք՝ թոքերիս ցավից սկսել եմ լացել, չէի կարողանում ընդհանրապես շարժվել»,- պատմում է լրագրողը։

Անիին բացարձակապես չի կարողանում հասկանալ, թե որտեղից է վարակն իրեն փոխանցվել, ասում է՝ շատ զգույշ է եղել՝ հաշվի առնելով, որ ռիսկային գոտում է, ալերգիա ունի, և մայրն էլ առողջական խնդիրներ ունի։

«Անսպասելի էր, որ կորոնավիրուսով ենք վարակվել, որովհետև ռեալ չեմ պատկերացնում՝ ես ու իմ ընտանիքի անդամները որտեղից կարող էինք վարակվել։ Ամբողջ ընտանիքով եղել ենք դիմակով, ձեռնոցով, մեր տունը ժավելով, սպիրտով ախտահանվել է։ Աշխատավայրում ես 2 ժամը մեկ մաքրել եմ բժշկական սպիրտով, համակարգիչս անընդհատ մաքրվել է, անհնար է, որ ինչ-որ մեկը դրսում ինձ ֆիքսած լինի առանց ձեռնոցի և դիմակի, ակնոց էլ եմ դրել»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Լրագրողը պատմում է, որ առաջին օրերին, երբ տանն են անցկացրել, շատ բարդ է եղել՝ ջերմություն և ցավեր ունենալով խնամել է ծնողներին։ 

«Մերոնք թեստավորվել էին, բայց նրանց չէին հոսպիտալացնում, ու նրանց խնամող չկար։ Ես էի այդ վիճակում խնամում, բայց բարեկամներ ունեմ, որոնք սննդի և այլնի հարցը շատ լավ հոգում էին»,- նշում է Անին։

Ասում է, որ ընդամենը 4 օրում իր և մոր մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել, հոսպիտալացվել են հիվանդության 8-րդ օրը․ «Փառք Աստծո, արդեն ապաքինվում ենք, այլևս չեմ ջերմում, մարմնիս ցավերն անցել են, միայն թիկունքում՝ մեջքիս շրջանում են մնացել սուր ցավերը։ Համի ու հոտի զգացողությունը կորցրել եմ 4-րդ թե 5-րդ օրը, բայց ընդամենը օր ու կես է եղել այդ զգացողությունը, հետո վերականգնվել է։ Մինչև այսօր ախորժակ չունեմ որևէ բան ուտելու»։

Անին նաև ցավում է, որ այսօր չի կարողացել փորձել ծննդյան տորթից, որն ընկերներն էին անակնկալ մատուցելով ուղարկել հիվանդանոց։

«Ծննդյանս 30-ամյակս էր, բուժքույրերի միջոցով ընկերներս անակնկալ էին պատրաստել։ Գիշերը՝ ժամը 12-ին, քույրերը, մայրապետները երգելով եկան, շնորհավորեցին, տորթից չկարողացա ուտել, քանի որ հիվանդությունը ու հակաբիոտիկները բերում են սրտխառնոցի»,- ասում է Անին։

Այդուհանդերձ, Անին չի վհատվում, նշում է, որ պետք է սովորել ապրել վիրուսի հետ։ Չպետք է սարսափել, պետք է զգույշ լինել։

«Իրականում ես շատ պոզիտիվ մարդ եմ, ինձ ճանաչողները գիտեն, որ կյանքում ոչինչ ինձ չի ստիպում դուխաթափ լինել, տրամադրությունս գցել։ Վիրուսը միանշանակ գոյություն ունի, սեփական մաշկիս վրա եմ զգացել վիրուսն իր ամբողջ ծանրությամբ։ Այսինքն՝ չէ, ոչ ամբողջ ծանրությամբ, փառք Աստծո։ 

Ընկերներիցս ոմանք հարցնում են, ո՞նց ես, չենք ասել, որ կորոնավիրուս ես, ես բացահայտ հայտարարում եմ՝ կորոնավիրուսով վարակակիր եմ, ամաչելու ոչինչ չունեմ։ 

Սա էլ հերթական վարակն է, որը կհաղթահարենք, կանցնի, ոնց որ լիքը հազար ու մի հիվանդություններ։ Փորձենք զգույշ լինել, բայց պիտի վիրուսի հետ ապրենք ու ինքներս մեր նկատմամբ զգույշ լինենք, որովհետև այլ տարբերակ չի մնում»,- ասում է Անին։

Հորդորում է մարդկանց պահել սոցիալական հեռավորություն, պատճառ չդառնալ մեկ ուրիշին վարակելու:

«Մարդիկ կարող են լինել ասիմպտոմ, մարդիկ կարող են լինել սիմպտոմով, պետք է սոցիալական հեռավորությունը պահել, որովհետև դու կարող է՝ թեթև ես տանում, բայց մյուսի իմունիտետը շատ թույլ է, և շատ վատ է տանում։ 

Ես հիմա պատկերացում չունեմ՝ որտեղից եմ վարակել, բայց, բնականաբար, ինչ-որ մեկի անզգուշության պատճառով եմ վարակվել, որը բժշկի չի դիմել կամ անզգույշ մոտեցել, գուցե խանութում ինձ մոտ է կանգնել։ Ու ես շատ վատ եմ տանում։ Մայրս էլ թթվածնային սարքի է միացված եղել»,- նշում է լրագրողը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am