«Ես հասկանում եմ, որ գալիս են ինչ-որ երիտասարդներ՝ պլակատներով, թե՝ պահպանենք մեր Ֆիրդուսը, էնտեղ ի՛նչ կա պահպանելու». Արթուր Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, վերջին օրերին բուռն քննարկվում է Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցը, դրա դեմ պայքարող անձինք ահազանգում են, որ նախկինների քաղաքականությունը շարունակվում է։

– Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար պարոն Սիսեռյանը ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց իրավիճակը, մի հատ բաց տեղ չի մնացել, պետությունն ամեն ինչ անում է։ Ես ընկեր ունեմ, որն այնտեղ էր ապրում, չորս տարի առաջ կանգնեցրեցին իրենց առևտուրը։ Այդ տղան բանկից վարկ էր վերցրել, չկարողացավ վարկը վճարել ։ 

Այն վիճակի հասցրեցին, որ վերջում կոպեկներով տվեց այդ բնակարանը՝ մեկ քմ-ն 600 դոլարով։ Հիմա 1300 դոլար են փոխհատուցում։ Բացառապես բոլոր բնակիչներին տեղավորել են տներում, որոնք նախկինում երազել անգամ չէին կարող նման բնակարաններ գնելու մասին։ 

Պատմամշակութային 8 հուշարձան, պլյուս ևս մեկը, որը հարցական է, պահպանվելու են։ Այսինքն՝ ո՞նց են ուզում այս իրավիճակը համեմատած լինել նախորդ սրիկա, գող, ավազակ իշխանության հետ, որը մարդկանց բացի կեղեքելուց ու թալանելուց ուրիշ ոչինչ չի արել։

Ես հասկանում եմ, որ գալիս են ինչ-որ երիտասարդներ՝ պլակատներով, թե՝ պահպանենք մեր Ֆիրդուսը։ Գնացեք տեսեք՝ էնտեղ ի՛նչ կա պահպանելու։ Օր առաջ պետք է մաքրվի այդ տարածքը, դա մեր խայտառակությունն է, մեր ամոթը։ 

Հետո՝ ի՞նչ է նշանակում խորանալ այս հարցի մեջ՝ ովքե՞ր են ներդրողները։ Ձե՞ր ինչ գործն է՝ ովքեր են։ Կանգնեք ու շնորհակալություն հայտնեք, որ մարդիկ այս վիճակում ու պայմաններում ներդրումներ են անում։

– Այսինքն՝ խնդիր չկա՞, հուշարձանները պահպանվում են, բնակիչների փոխհատուցման հարցերը՝ լուծվո՞ւմ։

– Ոչ թե լուծվում են, այլ լուծվել են։ Ավելի քան 400 ընտանիքներ փոխհատուցում են ստացել բոլորը։ Եթե մեկը կա այս քաղաքում, ով ինձանից շատ է սիրում Երևանն ու պատմամշակութային շենքերը, թող գան ասեն։ Ո՞վ է այդ մարդը, ով ինձանից, Արթուր Մեսչյանից կամ քաղաքապետից շատ է սիրում Երևանը։

Այսինքն՝ եթե խնդրահարույց լինի այդ ծրագիրը, դուք ինքներդ էլ կբարձրաձայնե՞ք։

– Ոչ մի խնդիր չի կարող լինել։ Ես վստահում եմ իմ կառավարությանը, նախարարությանը, ես վստահում եմ իմ ավագանու անդամներին, չկա խնդիր, որը մենք չենք բարձրաձայնի։

Ըստ այդ նախագծի՝ Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքեր են կառուցվելու։ Որքանո՞վ է նպատակահարմար այդ կառուցապատումը՝ հաշվի առնելով այն, որ տարիներ շարունակ շատ է խոսվում այն մասին, որ Երևանի կենտրոնը գերբնակեցված է։

– Սա հիմիկվա բան չէ, նախօրոք նախագծված ու հաշվարկված նախագիծ է։ Այդ հաշվարկով են բնակիչներին այդքան գումար տվել կառուցապատողները։

Այսինքն՝ շատ հնարավոր է, որ ես համաձայն չլինեմ այդ ճարտարապետական կոթողին, որն իրենք սարքում են, բայց նաև եկեք հաշվի առնենք, որ այնտեղ ֆինանսական ու տարբեր հաշվարկներ կան։ Այսինքն՝ ոչ մի կառուցապատողի ձեռք չի տա ավելի քան 400 հոգու 1300 դոլարով փոխհատուցում տալ, բայց շահույթ չունենալ։ Կառուցապատողը պետք է փող աշխատի։

Այս շահարկումները քաղաքական են, հիմա թեմա են ման գալիս, որ խոսեն։ Բայց կառավարության անդամ պարոն Սիսեռյանի բացատրությունից հետո ոչ մի հարց չի առաջանում։

Էն պլակատով երիտասարդները, որոնց ուղարկել էին քաղաքապետարանի դիմաց, իրենք էլ խոսելու բան չունեն, sms-ներ են ուղարկում նախկին սրիկաներին, թե՝ ի՞նչ ասենք, և պատասխան չկա։ Դրա համար արդեն գործընթացը վերածում են բազարի, արդեն մտնում են ֆինանսական հարցերի մեջ, թե քանի կառուցապատող կա, անունները հրապարակեք։

Ո՞նց թե անունները հրապարակեք, դուք ո՞վ եք, որ ձեզ համար անուն հրապարակենք։ Ձեզ հետաքրքրում է մեր պատմամշակութային շենքերի պահպանումը, մարդիկ ասում են՝ 9 շենք մենք կպահպանենք։

Եվ հարցերը փակվում են։ Տարածքի բնակիչները պետք է շատ շնորհակալ լինեն, որ այս կառավարությունն է։ Եթե նախորդ կառավարությունը լիներ, կասեր՝ կորոնավիրուս է սկսվել, և այդ 600 դոլար փոխհատուցումն էլ չէին տա, ժողովրդին կհանեին ու կշպրտեին փողոց։

Մենք գիտենք, թե այս բոլորը որտեղից է գալիս, ինչ աղբյուրներից է գալիս, պատվիրատուներին էլ գիտենք, թե ովքեր են։ Բայց ես ձեզ ասեմ՝ դրանց համայնքը միայն Ֆեյսբուքում է, իրական կյանքում իրենք տեղ չունեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am