Ոսկրածուծի դոնորների ռեեստրում այսօր իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր առանձնահատուկ պատասխանատու և կարևոր օր է: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրիկը։

Ոսկրածուծի դոնորների ռեեստրում այսօր իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակը փոխել է բոլորիս կյանքը: Տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումերը էլ ավելի բարդացրեցին, առանց այն էլ խիստ պատասխանատու և բազմափուլ գործընթացը:

Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր պահանջվեցին գործողությունների ամբողջ շղթան անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել: Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով: Հայաստանի հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ մոտեցան այս հարցին: Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարությանը, ՀՀ Պետ․ եկամուտների կոմիտեին, ՀՀ Պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և Բելավիա ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումը անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար:

Այսօրվա իրադարձությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան է համավարակը բարդացրել այն հիվանդների բուժման գործընթացը, որոնց համար պահանջվում է միջազգային համագործակցություն և բաց սահմաններ: Սա ևս միջազգային և պետական համագործակցության մարդասիրական գեղեցիկ քայլի օրինակ էր:

Մեր կազմակերպության անունից հորդորում ենք բոլորին կրել դիմակներ և օգնել հաղթահարելու համաճարակը մեր երկրում:

———————————————————————————————-

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5165 հիվանդի հետ նախնական համընկնող 5237 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 35-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: