Ստոմատոլոգների կանխատեսմամբ՝ հարկերը բարձրացնելու պարագայում ստվերն ավելի է մեծանալու (Տեսանյութ)

Ստոմատոլոգների կանխատեսմամբ՝ հարկերը բարձրացնելու պարագայում ստվերն ավելի է մեծանալու (Տեսանյութ)
Ստոմատոլոգների կանխատեսմամբ՝ հարկերը բարձրացնելու պարագայում ստվերն ավելի է մեծանալու (Տեսանյութ)

Արտոնագրային վճարների մասին օրենքի փոփոխությունը ստոմատոլոգների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այն ուժի մեջ է մտել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին: Օրենքի փոփոխությունից հետո ստոմատոլոգիական ծառայությունները պետք է հարկվեն ոչ թե շահութահարկով, ինչպես մինչ այդ էր, այլ` հաստատագրված հարկատեսակով, այսինքն` յուրաքանչյուր աթոռի համար:

Այսօր «Հայացք» մամուլի ակումբում իրենց դժգոհությունների վերաբերյալ ասուլիս հրավիրած գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանն ու Հայաստանի ստոմատոլոգների միության նախագահ Աշոտ Գեւորգյանը վստահեցրին, որ հարկման այդ տեսակին անցնելուց հետո ստոմատոլոգիական ծառայությունները 50 %-ով կթանկանան: Ըստ Լազար Եսայանի, ոչ ասոցիացիան, ոչ էլ առհասարակ ստոմատոլոգները տեղյակ չեն եղել օրենքի մանրամասներին. «Առաջին հայացքից այն շատ լավն է, քանի որ ստոմատոլոգին ազատում է շատ հոգսերից, բայց, երբ որ խորանում ենք այդ օրենքի մեջ, տեսում ենք, որ կան բազմաթիվ բացթողումներ, հարկային պարտավորությունները մի քանի անգամ մեծանում է»:

Նոր օրենքով ստոմատոլոգը մեկ աթոռի համար պետք է վճարի 80 հազար դրամ: Պատկերցնելու համար, թե քանի անգամ է ավելացել հարկը, Աշոտ Գեւորգյանն ասաց, որ նախկին օրենքով 11 աթոռի համար ստոմատոլոգիական կլինիկան ամսական վճարել է 2 միլիոն դրամ շահութահարկ, այժմ պետք է վճարի 8,5 միլիոն դրամ:

Լազար Եսայանի խոսքերով, օրենքի նախնական տարբերակում մեկ աթոռի համար 30 հազար դրամ վճարելու մասին է խոսքը գնացել, վերջնական տարբերակում ստոմատոլոգները հայտնաբերել են, որ 30 հազարը դարձել է 80 հազար դրամ:

Aravot.am-ի հարցին, թե ո՞ր օղակում է հարկի չափը փոխվել, պարոն Եսայանի պատասխանը տեսանյութում.