Գագիկ Ծառուկյանի որդին վկայի կարգավիճակով հարցաքննվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ 2019 թվականի հունվարին տեղի ունեցած զինված միջադեպի գործով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վաչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է Նվեր Ծառուկյանը»,- նշեցին ՔԿ մամուլի ծառայությունից։

2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Գործի անջատված մասով 3 անձի մեղադրանք է առաջադրվել։