«Չծխել, չխմել եւ աշխատել». 104-ամյա Մովսես պապը խորհուրդ է տալիս շատ երեխաներ ունենալ եւ երջանկության մեջ ապրել

«Չծխել, չխմել եւ աշխատել». 104-ամյա Մովսես պապը խորհուրդ է տալիս շատ երեխաներ ունենալ եւ երջանկության մեջ ապրել
«Չծխել, չխմել եւ աշխատել». 104-ամյա Մովսես պապը խորհուրդ է տալիս շատ երեխաներ ունենալ եւ երջանկության մեջ ապրել

Կյանքի 104-րդ տարին բոլորած Մովսես պապը` ձեռնափայտը ձեռքին, առավոտյան դուրս է գալիս տան բակ, նստում ծառի քոթուկին ու միայնության մեջ ընկնում անցած օրերի հիշողության գիրկը:

Ծառերի ճյուղերի արանքից ծիկրակող արեւի ճառագայթներն ընկնում են նրա ճերմակած մազերին ու դեմքին եւ ավելի ընդգծում խորը կնճիռները: Աշնան արեւը հաճելիորեն ջերմացնում նրան եւ հիշեցնում իր կյանքի անցած 104 աշունները իր ծննդավայր Մուսա լեռում, այնուհետեւ Լիբանանում եւ ավելի քան 65 տարի հայրենադարձ եղած ու հաստատված իր հայրենիքում՝ Հայաստանում:

Չորս երեխաների հայր Մովսես Դերմիշյանն ապրում է Վաղարշապատի Մարշալ Բաղրամյան գյուղում իր 40-ամյա թոռնուհու հետ: Իր սերնդակիցներից այլեւս ոչ ոք չկա, մահացել են եւ կինը, եւ երկու քույրերը, եւ հասակակից ընկեր, հարազատները:

«Իմ երկարակեցության գաղտնիքը առաջինը չծխելն է, ես ընդհանրապես չեմ ծխել իմ կյանքում: Երկրորդը՝ չխմելն է եւ երրորդ՝ աշխատասիրությունը: Մարդ պետք է միշտ աշխատի իր ուժերի չափով, թե չէ այն մարդը, որ ուտում պառկում է, էլ ի՞նչ»,-հարցնում է ամբողջ կյանքում շինարար աշխատած Մովսեսը պապը:

Նա ցույց է տալիս երկու ամիս առաջ ստացած իր նոր անձնագիրը, այնուհետեւ տան պատից կախված հին լուսանկարները, որտեղից ժպտուն հայացքով իրեն են նայում ծնողները:

«Ծնողներս էլ են երկար ապրել, մայրս 98 տարեկանում մահացավ, հայրս` 100-ից ավել»,-ասում է Մովսեսը պապն ու տխրում, որ տարիքի հետ հիշողությունը կորցնում է, մոռանում է անուններն ու թվերը:

Սակայն ծերությունը նրան թույլ չի տալիս մոռանալ Աստվածաշնչյան 10 պատվիրանները, որոնք նա մեկ առ մեկ թվարկում է, այնուհետեւ սկսում պատմել Աստվածաշնչյան մի քանի առակ:

«Ինչքան նեղության մեջ եմ ընկել, ինձ իմ Աստվածն է ազատել: Հիմա էլ աչքերս լավ չի տեսնում, որ Աստվածաշունչ կարդամ, բայց ես առաջ ամբողջը կարդացել եմ»,-ասում է Մովսես պապը:

Միտքն ու խոսքը հստակ` Մովսես Դերմիշյանը ծերունական դանդաղ, անշտապ քայլերով բակից տան մուտքի մոտ է անցնում: Նա ասում է, որ վերջին տարիներին տեսողության ու լսողության մասամբ կորստի պատճառով նույնիսկ հեռուստացույց չի կարողանում դիտել:

104-ամյա ծերունին, տանն ամբողջ օրը միայնակ անցկացնելով` խորասուզվում է երկարամյա կյանքի մանրամանսերի մեջ, վերհիշում անցյալը, իր կյանքի կարեւոր պատկերները, մարդկանց, հարազատներին, անցած-գնացած իրադարձությունները արդեն խունացած ֆիլմի ժապավենի պես պտտում մտքում` սպասելով, որ իր միակ խնամակալը` թոռնուհին, աշխատանքից տուն վերադառնա:

Արեւմտյան Հայաստանի ծննդավայր Մուսա լեռից` Լիբանան, Լիբանանից` կարմիր Սովետական Հայաստան, Սովետական Հայաստանից` անկախ Հայաստան:

«1946-ին Սովետական Հայաստանը կանչում էր իր հարազատ զավակներին, ասում էր «եկեք եղբայրներ»: Մենք էլ ելանք եկանք հայրենիք: էդ ժամանակ մոտ 50 000 հայ հայրենադարձ եղավ: Լիբանանում Հայաստանից լավ էր ապրելը, բայց ես ուզում էի Հայաստան գայի, սա մեր երկիրնա, մենք հայերս պետք է իրար հետ վատ չլինենք, միասին աշխատենք ու ապրենք մեր հայրենիքում»,-ասում է Մովսեսը պապը:

Նա հիշում է, թե ինչ դժվարությունների միջով է անցել Հայաստան տեղափոխվելուց հետո, սակայն միեւնույն ժամանակ խոստովանում է , որ կյանքի լավագույն օերերն անցկացրել է հայրենիքում:

«Սկզբի մի վեց ամիսը Էջմիածնի 4-րդ սովխոզում գոմի մեջ ենք ապրել ու շատ կային նման ընտանիքներ: Առաջին երկու օրը արդեն թեւիս ժամը ծախեցի, մեր շորերը, իրերը ծախում էինք, որ կարողանայինք ապրել, ուտելու բան առնել: Հետո արդեն1947-ին տեղափոխվեցինք Բաղրամյան գյուղը: Սկզբում էս գյուղն էլ դատարկ էր, մարդ չէր ապրում համարյա, ստեղ մեզ տուն տվեցին ու սկսեցինք աշխատել»,-հիշում է Մովսեսը:

Մի ամբողջ հավերժություն ապրած Մովսես պապն ասում է, որ ընտանիքն ու 4 զավակները նրա կյանքի երջանկությունն են եղել: Նա նշում է, որ ունեցել է ամուր ընտանիք եւ խորհուրդ է տալիս երիտասարդներին շատ երեխաներ ունենալ:

«Երջանկության համար խաղաղություն, համերաշխություն պետք է լինի ընտանիքում: Դե վեճեր էլ են լինում, բայց դա անցնում է: Երեխաներն են մարդու ուրախությունը եւ երեքից պակաս երեխազ չպետք է մարդ ունենա»,-ասում է Մովսես պապն ու երջանկություն մաղթում բոլոր երիտասարդներին:

Իսկ ամուր ընտանիք ունենալու համար նա ասում է, որ ամենակարեւորը սուտ չխոսելն է. «Ուրիշ վատ բան չի պատահի, եթե մարդը սուտ չխոսա: Իմ երեխաները երբեք սուտ չեն խոսացել, չեն գողացել: Ու ընտանիքում ամեն մարդ իր աշխատանքը պետք է իր տուն բերի»:

Նա երջանիկ է իրեն զգում, քանի որ զավակները մինչ օրս ուշադիր եւ հոգատար են իր նկատմամբ.

«Ամեն օր զանգում են, օրը մեջ գալիս ինձ տեսնում, դե թոռնիկս էլ ինձ հետ է ապրում, խնամում, մենակ վատ է, որ առողջությունս առաջվանը չի, չեմ կարում այգում գործ անեմ: Իմ տնկած 60 տարվա ծառները չորանում են, ջրող էլ չկա»,-տխրությամբ մեծ, քառակուսի հաստ ապակիներով ակնոցների տակից ասում է նա:

Ամեն օր այգու դիմաց կանգնելով ու նայելով տասնամյակներ շարունակ իր տնկած եւ երբեմնի մեծ բերք տվող այգուն նա ափսոսում է, որ չի կարողանում պահպանել իր կյանքի վերջին 60 տարվա վկաներին, որոնք չորացել են եւ այլեւս բերք չեն տալիս:

«Մարդ որ ծերանում ա, սկսումա արդեն իր անցած օրերը հիշել…,-ասում է նա,-Թե ինչքան կապրեմ` էլ մենակ Աստված գիտի»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am