Պարտադիր է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում հայտնվեն նախկին պաշտոնյաներ, ընդհուպ՝ նախագահներ. Արայիկ Պապիկյան

«Մեդիալաբի» հարցազրույցը իրավապաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ։

– Պարո՛ն Պապիկյան, երեկ ՀՀ գլխավոր դատախազը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների իրականացնելուն ուղղված հանձնարարականներ է տվել։ Դուք ի՞նչ սպասումներ ունեք այս գործընթացից։

– Անկեղծ ասած, սպասումներ կան, բայց շատ մեծ չեն։ Ինչու շատ մեծ չեն, որովհետև այդ օրենքի ընդունումը շուրջ 2 տարի ուշացրեցին, որի ընթացքում ապօրինի գույքի ենթադրյալ սեփականատերերը ստացան իրենց համար կոնֆորտ ժամանակ այդ գույքերի հետագա ճակատագիրը ապահովագրելու համար, քանի որ բոլորը զգում էին, որ սպասվում է նման մի գործընթաց։

Երկու տարուց հետո ես չգիտեմ՝ ե՛րբ կսկսի աշխատել մեխանիզմը, հայտնաբերել մի բան, որն արդեն գրեթե անհնար է կամ չափազանց դժվար կարող է լինել, այդ առումով սպասելիքները մեծ չեն։ Ժամկետի բացթողումը ինքնին վտանգեց այդ գույքի հայտնաբերումը։

Ակնկալիքն այն է, որ տարիներ շարունակ ապօրինաբար թալանվածը պետք է վերադարձվի։ Բայց առայժմ մենք դրա համար առարկայական արդյունքներ չունենք։ Իսկ թե որքա՛ն իրատեսական կլինի նոր մեխանիզմների միջոցով այն հետ բերել՝ դժվար է ասել, բայց մի բան պարզ է՝ չափազանց դժվար է լինելու։

– Դատախազության հաղորդագրության մեջ հետևյալ միտքը կա՝ «Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020 թ. ընթացքում վարույթում քննված (ավարտված) կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր»։ Ի՞նչ է սա նշանակում, և ովքե՞ր տեսականորեն կարող են հայտնվել սրա թիրախում։

– Դժվարանում եմ հստակ պատասխանել, բայց կարող եմ ենթադրել, որ դրանց մեջ կարող են լինել այն գործերը, որոնք վերաբերում են նախկինում բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց։

Դրանք կարող են լինել պատգամավորների, նախարարների, նախագահների կամ այլ պետական պաշտոն զբաղեցրած անձանց վերաբերյալ քննությունները։ Օրինակ՝ դիզվառելիքի հափշտակության համար մեղադրվող անձին (նկատի ունի Սերժ Սարգսյանի գործը – հեղ.) և այլն։

– Այսինքն՝ այս հանձնարարականի թիրախում կարող են ընկնել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյանե՞ր, ընդհուպ՝ նախկին նախագահնե՞ր։ 

– Ես կարծում եմ՝ ոչ թե կարող են, այլ պարտադիր է, որովհետև մեզնից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական բյուջեից միայն աշխատավարձ ստացող անձինք չէին կարող նման հարստություն դիզել, կուտակել։

Օրինակ՝ վարորդի հաստիք զբաղեցնող անձը մի քանի միլիոն դոլար եկամուտներ է ունեցել, պատգամավորի աշխատավարձ ստացողը՝ դղյակներ է ունեցել կամ քաղաքի ամենամեծ առևտրի ցանցը, մի շարք ոլորտներում՝ մենաշնորհներ։

Այդպիսի անձանց անունները հասարակության յուրաքանչյուր անձ շատ լավ գիտի։ Ես կարծում եմ՝ դատախազության համար չպետք է խնդիր լինի հստակեցնել այդ անձանց շրջանակը ու զբաղվել նրանցով։

Թե ֆորմալիզմին են տրվելու և այս պահին քննվող գործերով պարզեն, ապա կարող ենք ասել, որ ժամանակի ընթացքում մաշելու են բոլոր հույսերը։

Շատ հստակ է՝ առաջին հերթին այդ գործողությունների թիրախում պետք է լինեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որովհետև ոչ մի շարքային բյուջետային աշխատող կամ կենսաթոշակառու դղյակներ չունի, չի կարող ունենալ։

Գուցե մեկ-երկու աղմկոտ դեպք կբացահայտեն, բայց պետք է նաև պատասխանատվության ենթարկել, մինչդեռ մինչև հիմա մենք որևէ դեպք չենք տեսել, որ նախկիններից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի։

Հիմա դատախազությունը առերևույթ լավ բան է նախաձեռնել, թե ե՛րբ այդ լավ բանի արդյունքը կտեսնենք՝ անորոշ է։

– Պարո՛ն Պապիկյան, ի՞նչն է պատճառը, որ ասում եք՝ կարող են գնալ ֆորմալիզմի ճանապարհով՝ քաղաքական կամքի բացակայությո՞ւն, ոչ պրոֆեսիոնալի՞զմ, թե՞ վարչապետի՝ մի քանի անգամ մատնանշած սաբոտաժի հնարավորություն։

– Այդ բոլոր հանգամանքները առկա են՝ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալիզմի բացակայություն, սաբոտաժ։

Բայց սրանք ընդամենը պատճառաբանություններ են։ Հայտնի խոսք կա՝ եթե ցանկանում ես ինչ-որ բան կատարել, միջոցներ ես ձեռնարկում, եթե չես ցանկանում՝ պատճառներ ես փնտրում։

Հիմա քաղաքական իշխանությունը կամ իրավապահները միշտ պատճառաբանություն գտնում են՝ դժվար է, ժամանակատար է, խնդիրներ կան, օրենսդրությունը թույլ չի տալիս։

Բայց ընդամենը պետք էր համարձակ, 2018-ի հեղափոխության տրամաբանությանը համապատասխան մի քանի ամիսների ընթացքում այդ հարցերին լուծումներ տալ։ Ես կարծում եմ՝ տևական ժամանակ այդ ուղղությամբ ոչինչ չանելն աններելի է։

Օրինակ՝ որևէ մեկը խանգարո՞ւմ էր ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը սկսել 2018-ի ամռանը, իհարկե չէր խանգարում։ Բայց միշտ պատճառ գտնում են։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am