Երեխաներ` «փորձանոթից». անպտղություն հաղթահարումը Հայաստանում թանկ հաճույք է

15-04-2015
2591 դիտում
Երեխաներ` «փորձանոթից». անպտղություն հաղթահարումը Հայաստանում թանկ հաճույք է

Հայաստանում ամեն 7-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ կառույցների կողմից համատեղ կատարված «Անպտուղ ամուսնության տարածվածության եւ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություն»-ը: Ըստ հետազոտության` հայ կանանց մոտ 16.8 տոկոսը տառապում է անպտղությամբ:

Թեև վերջին տասը տարում անպտղության մակարդակը երկու անգամ նվազել է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունված նորմերի 15% ցուցանիշը դեռ ճգնաժամային է: Մասնագետները պնդում են, եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի:

«Թեեւ 1999-2000 թվականներին անպտղության ցուցանիշը 31.9%, եւ էականորեն տարբերվում էր ներկայիս վիճակից, այնուամենայնիվ անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ»,- «Մեդիալաբին» ասում է Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ըստ Ավագյանի` ընդհանուր առմամբ, Հայաստանում կանանց անպտղության պատճառները գրեթե նույնն են, ինչ այլ երկրներում` փոխպիրիտոնիալ (փողերի անանցանելիություն), էնդոկրին և անատոմիական պատճառներ, որոնց ավելանում են արտաքին ազդակները` սեռավարկներ, աբորտներ, բոբոքումներ, հորմոնալ խանգարումներ:

«Առաջնային անպտղությունը 5,4% է, սա նշանակում է, որ մեր երիտասարդները բավականին լավ վերարտադրողական սկիզբ ունեն, և արդեն մնացածը ձեռք են բերում կյանքի ընթացքում»,- ասում է Գայանե Ավագյանը:

Ինչպես նշում են հոգեբանները, անպտղությունը հոգեբանական տեսանկյունից ամենաբարդ խնդիրներից է, որին իրենք առնչվում են աշխատանքի ընթացքում: Ըստ մասնագետների, այս հարցը ավելի քան ուռճանում է հայ հասարակության մեջ, քանի որ դեռեւս մանկուց շատ աղջիկների դաստիարակում են, որ նրանց հիմնական առաքելությունը կյանքում երեխա ունենալն է:

«Եթե երեխա չունենք, ուրեմն մեր կյանքը ավարտվում է` անտեսելով, որ մենք կարող ենք նաև այլ դերակատարություններ ունենալ այս կյանքում,- «Մեդիալաբին» ասում է հոգեբան Սոֆյա Վարդանյանը, ով արդեն վաղուց աշխատում է անպտղության խնդրին բախված զույգերի հետ,- դրա համար էլ մեր հասարակությունում դա գերխնդիր է, ինչն էականորեն տարբերվում է այլ մշակույթ ունեցող ազգերի մոտ»:

Թեեւ հիմնականում ընդունված է միայն կնոջը մոտ խնդիրներ փնտրել, եթե զույգը երեխա չի ունենում, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել կարծրատիպային այդ մոտեցումից:

Ըստ վիճակագրության, տղամարդկանց անպտղությունը Հայաստանում կազմում է 11%, ուստի կնոջը անտեղի չտանջելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ամուսնական զույգերին հետազոտվել միասին:

«Անպտղության նվազման կարևոր հանգամանք է նաև վերարտադրողական օժանդակ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը` արհեստական բեղմնավորում, փոխնակ մոր հնարավորություն, որոնք նպաստում են անպտուղ ամուսնության հաղթահարմանը և ընտանիքներին երեխաներ պարգևելուն»,- ասում է Գայանե Ավագյանը:

Անպտղության դեմ պայքարի այս մեթոդը հանրապետությունում թեեւ ներդվել է 7-8 տարի առաջ, իսկ առաջին արտամարմնային բեղնավորումից եռյակ է ծնվել, այնուամենայնիվ Հայաստանում այն բոլորի կողմից չէ, որ ընդունելի է:

«Մենք հենց սկզբից գիտեինք, որ բալիկ ունենալու միակ ելքը արհեստական բեղմնավորումն է, որովհետև մինչև ամուսնությունը` դեռ ութ-ինը տարի առաջ իրար հաջորդած մանկաբարձական վիրահատությունները այլ հնարավորություն չթողեցին»,- «Մեդիալաբին» պատմում է 28-ամյա Ստելլա Բուռնաչյանը, ով մեծանալով բազմազավակ ընտանիքում, միշտ երազել է 4 երեխա ունենալու մասին :

Այսօր Ստելլան մեծ ոգևորությամբ ու հույսով կրկին ուզում է դիմել բժիշկների միջամտությանը` արհեստական բեղմնավորման միջոցով երկրորդ երեխային լույս աշխարհ բերելու համար.

«Առաջնեկս` Եվան, արդեն տասնմեկ ամսական է, և քանի որ ես շատ քիչ հնարավորություններ և ժամանակ ունեմ երբևէ երեխա ունենալու անգամ արհեստական ճանապարհով, ուրեմն պետք է շտապել»,- ասում է Ստելլան ու ավելացնում, որ երբևէ չի ամաչել պատմել ու ասել, որ իր բալիկը հենց այդ եղանակով է ծնվել:

Բժիշկների հավաստմամբ, այսօր մոտ 30%-ով աճել է այն մարդկանց թիվը, ովքեր դիմում են արհեստական բեղմնավորման մոթոդներին, նույնիսկ վերաբերմունքն է փոխվել մարդկանց.

«Առաջ շատ վատ էին վերաբերվում այս ամենին, ինչպես արհեստական երեխայի, որը իրենց հետ ոչ մի կապ չունի»-, ասում է «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կրիստինա Մելիքյանը:

«Հիմա քանի որ շատ է ինֆորմացիան, ավելի նորմալ են ընդունում, բայց այնուամենայնիվ նույնիսկ երեխայի ծնունդից հետո ծնողները այդ ամենը թաքցնում են և հասարակությունից և հենց երեխայից: Մեր հասարակությունը դեռ պատրաստ չի ընդունել այս երևույթը` որպես նորմալ»,- ասում է Մելիքյանը:

Որպես կանոն արհեստական բեղմանվորմանը դիմող զույգերը, երկար ու տառապանքներով լի ճանապարհ անցած մարդիկ են, ովքեր փորձել են գրեթե ամեն ինչ, տարբեր մեթոդներով պայքարել են անպտղության դեմ, և սա դիտարկելով որպես ելք փակուղուց` բարդ հոգեբանական վիճակով և վերջին հույսով են դիմում այս մեթոդին:

«Մենք պարտադիր պատրաստում ենք զույգերին, նրանց հետ աշխատում է հոգեբանը, որովհետև շատ կարևոր է մարդու հոգեբանական դրությունը, որը գնում է էկո-յի, կարևոր է նաև տեղեկացվածությունը, քանի որ եթե մարդ գիտի ինչի միջով պետք է անցնի, ավելի հեշտ հաղթահարում այդ ամենը»,- ասում է բժշկուհի Մելիքյանը:

Նա մտաբերում է սպորտսմենուհի մի աղջկա, ում հաջողվել է հղիանալ միայն 12-րդ փորձից հետո, սակայն նա մինչեւ վերջ էլ հույսեր է փայփայել ու չի ընկճվել:

Էկո-ն, կամ այլ կերպ ասած` փորձանոթային բեղմնավորումը, արհեստական բեղմնավորման տեսակ է, երբ սաղմը աճեցվում է արհեստական պայմաններում, ապա որոշակի ժամանակահատվածում տեղադրվում արգանդի խոռոչում, ուր եւ շարունակվում է հղիությունը:

Արհեստական բեղմնավորման գործընթացը բարդ ու երբեմն շատ երկարատև գործընթաց է, հնարավոր է` նույն գործողությունը մի քանի անգամ կրկնելու կարիք լինի: Ու քանի որ այդ գործընթացները բավականին թանկ են, զույգերը մի քանի փորձից հետո նահանջում են` կամ համբերությունն է տեղի տալիս կամ դրամապանակի պարունակությունը չի բավարարում:

Չնայած բժիկների և նախարարության այն հավաստմանը, որ արհեստական բեղմնավորումը Հայաստանում մի քանի անգամ ավելի էժան է, քան այլ երկրներում` մոտ 1մլն 500 Հազար դրամ դրամ, այնուամենայնիվ, սոցիալական դժվարին իրավիճակում գտնվող Հայաստանի բնակիչների համար այդ գումարն այնքան էլ մատչելի չէ: Ավելին, շատերի համար դա ահռելի մի թիվ է, հաշվի առնելով այն, որ ոչ մի բժիշկ չի կարող երաշխավորել հղիություն առաջին իսկ փորձից: Իսկ յուրաքանչյուր նոր փորձը գրեթե նույնքան գումար է պահանջում:

Սոֆի և Արտակ Խաչատրյանները արդեն հինգ տարի է չեն կարողանում երեխա ունենալ.

«Փորձել ենք համարյա բոլոր միջոցները, ծախսել ենք ահռելի գումարներ, ու ամեն անգամ բժիշկները շատ հանգիստ տոնով ուղղակի ասում են` չստացվեց»,- «Մեդիալաբին» պատմում է 31-ամյա Սոֆին,- վերջում խորհուրդ տվեցին արհեստական բեղմնավորում անել, բայց դա այնքան թանկ արժե, որ չգիտեմ էլ երբեւէ կկարողանանք նման գումար հավաքել, թե ոչ»:

Չնայած բժիշկները պնդում են, որ շատ կարծրատիպեր հաղթահարված են, եւ ավելի ու ավելի շատ զույգեր են ընտրում արհեստական միջամտությամբ երեխա ունենալու համար, այնուամենայնիվ կոնկրետ վիճակագրություն այս ոլորտում գոյություն չունի, որը պատկերացում կտա ծնված երեխաների, դիմող զույգերի  թվի մասին:

«Մեր կենտրոնի տվյալներով, արհեստական բեղմնավորմանը դիմած զույգերի 60%-ը հղիանում են, բայց ավելի կարևոր են այն հղիությունները, որոնք ավարտվում են երեխաների ծնունդով, որի թիվը կազմում է`35%»,- ասում է «Վիտրոմեդ» կենտրոնի գլխավոր բժիշկը:

Չնայած առ այսօրա վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գծով պետպատվեր չի եղել, այնուամենայնիվ Գայանե Ավագյանը նշում է, որ այս տարի արդեն մշակվել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշումը:

«Որոշման համաձայն ընտանեկան ապահովության ցանկում ներառված ընտանիքի կանանց կտրվի հնարավորություն օգտվել այդ միջոցներից պետության կողմից սահմանված անվճար բուժօգնության սահմաններում»,- վստահեցնում է Գայանե Ավագյանը:

Անի Եղիազարյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am