«Կորոնավիրուսը անակնկալ բարդություններով հիվանդություն է: Մեզ համար շոկային էր այն հանգամանքը, որ բոլոր օրգան-համակարգերը կարող է շարքից հանել։
Այսինքն՝ կոպիտ ասած, ման է գալիս թույլ կետեր, որոնց վրա ինքը կարողանում է ներգործություն ունենալ՝ սկսած սրտանոթային համակարգից վերջացրած երիկամներով, լյարդով, ուղեղով»,- «Մեդիալաբին» ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Տիգրան Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ քանի որ հիվանդությունը անակնկալ բարդություններ է ստեղծում, բուժաշխատողների կողմից բազմապրոֆիլ պայքար է տարվում է.
«Այս հիվանդությունը բարդություններ առաջացնելու համար խելքն իրենը չի: Բուժումը կազմակերպվում է բազմապրոֆիլ, որպեսզի հնարավոր լինի պայքարել:
Մեր վերակենդանացման բաժանմունք մտնում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ։ Անամնեզ ենք հավաքում հիվանդի նախկին հիվանդությունների մասին՝ քրոնիկական հիվանդություններ, ալերգիաներ, վատ սովորություններ, հավաքվում է էդ ամբողջը, այնուհետև սկսվում է բուժումը»:
Բժշկին զարմացնում է մինչ այժմ այն հանգամանքը, որ հիվանդությունը կարող է օրգանիզմի բոլոր կետերի վրա ազդեցություն ունենալ:
«Ես առաջին անգամ որ տեսա, թե ինչպես է այս հիվանդությունն ազդում, մտածեցի՝ ինչո՞ւ պետք է բնությունը այսպիսի բան ստեղծած լինի։ Ինչո՞ւ պետք է լինի նման վիրուս, որ բոլոր հնարավոր կետերի վրա կարող է ազդել: Պրոբլեմներ է առաջացնում, լուրջ խնդիրներ՝ ընդհուպ մինչև մահվան։ Հակված էի, որ սա մարդածին վիրուս է։ Այդ մտքերը ինձ մոտ կան»,- ասում է բժիշկը։
Վարդանյանի խոսքով՝ հիվանդությունը կարող է խորանալ հատկապես քրոնիկական հիվանդություն ունեցող անձանց մոտ, քանի որ առաջացնում է դեկոմպենսացիա:
«Հավելյալ քաշը, ճարպակալումը ևս լուրջ խնդիրներ են առաջացնում հիվանդների համար: Հետագայում, երբ սկսվում են թոքաբորբի առաջացրած պրոբլեմները, հիվանդների մոտ կարող է շնչառական անբավարարությունը խորանալ, քանի որ նրանց մոտ ի սկզբանե դժվարաշնչություն կա՝ քաշի պատճառով:
Մկանների թուլություն կարող է առաջանալ, ներորովայնային ճնշում է այդ մարդկանց մոտ առաջանում։ Քաղցկեղով և նման խնդիրներով հիվանդ մարդիկ ևս դառնում են խոցելի խումբ, քանի որ իրենց մոտ իմունիտետը արդեն ընկճված կարող է լինել, ու այդ ֆոնին պրոբլեմ է առաջանում»,- նշում է Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ անգամ պատահում է, որ հիվանդության հետևանքով երևան գան գենետիկական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություններ, օրինակ՝ դիաբետ, որոնք մինչև այդ արտահայտված չեն եղել:
«Այն հիվանդները, որ մեզ մոտ են հայտնվում, շատ ժամանակ ընդհանրապես դիաբետ չեն ունեցել, իրենց մոտ առաջին անգամ առաջացող դիաբետ է:
Հիվանդությունը նախատրամադրում է, եթե ազգի մեջ ինչ-որ մեկը ունեցել է դիաբետ, էս հիվանդների մոտ շատ հավանական է, որ ի հայտ գա: Ինձ հանդիպած շատ մարդկանց մոտ էդպես է եղել։ Իսկ նրանք, ովքեր ունեցել են դիաբետ, լինում է՝ կոմպենսացված են մնում, լինում է՝ ահավոր վիճակի մեջ են հայտնվում»,- նշում է Վարդանյանը։
Բժիշկն այս ամիսներին տեսնելով, թե ինչպես է հիվանդների մոտ վիրուսային թոքաբորբը զարգանում, նկատել է՝ այն կարող է 30 տոկոսից դառնալ 60 տոկոս, բայց հակառակ պրոցեսը չի լինում:
«Մի օրվա մեջ 60 տոկոսից 30 չի իջնում, շատ դանդաղ է նահանջում, մենք կարող ենք օրգանիզմում կորոնավիրուս որպես այդպիսին չունենալ, բայց առաջացած վիրուսային թոքաբորբը երկար ժամանակ դեռ հիվանդի հետ է, մանավանդ նրանց մոտ, որոնք ունեն քրոնիկական խնդիրներ։ Մենք բուժում ենք որպես վիրուսային թոքաբորբ, բայց կլինիկայով ոչ մի թոքաբորբի նման չի»,- ընդգծում է բժիշկը։
Վարդանյանը նշում է, որ Հայաստանի բնակիչների համար վտանգ է ներկայացնում վիրուսը, քանի որ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց տոկոսը ցածր չէ, մի մասն էլ ընդհանրապես չի հետևում իր առողջությանը:
Վարդանյանն անդրադառնալով այն հանգամանքին, որ լինում են քրոնիկական հիվանդություն չունեցող մարդիկ, որոնք ծանր են տանում, անգամ մահվան դեպքեր են գրանցվում, նշում է, որ դա պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկությամբ:
«Հազվադեպ լինում է, որ քրոնիկական հիվանդություն չունեցող մարդիկ ծանր են տանում կամ մահանում են, դա հազվադեպ է լինում, օրգանիզմի առանձնահատկությամբ է պայմանավորվում։
Հավանաբար գենետիկական նախատրամադրվածություն է, տեսանելի աչքով մենք չենք տեսնում, գուցե գենետիկ բացեր կան, որոնց վրա էլ վիրուսն ազդելով՝ օրգանիզմը ուղղակի չի պայքարում, էն պայքարը, որ պիտի մղեր, չի անում։
Այն բուժումը, որ իրականացնում ես, տեսնում ես՝ արդյունք չի տալիս, օրգանիզմը դրական ռեակցիա չի տալիս, նույն պայմաններում ինչ-որ հիվանդ դուրս է գալիս, մյուսը՝ չէ»,- բացատրում է բժիշկը։
Մարդկանց հորդորում է լուրջ վերաբերվել անակնկալ բարդությունների սիրահար վիրուսին և օգնել բժիշկներին՝ իրենց վարքագծով:
«Մարդկանց աջակցությունը կարևոր է, որ մեր առողջապահության համակարգը դուրս գա այս վիճակից, այս ծանր շրջանը ի վերջո հաղթահարենք»,- ասում է Վարդանյանը:
Արփինե Արզումանյան
MediaLab.am