Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 93%-ը երեխաներ են. մասնագետը՝ իրավիճակի մասին

Լուսանկարը՝ «Արմենպրես»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը

– Տիկի՛ն Խաչատրյան, հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների մասով ի՞նչ պատկեր է, տվյալներ կներկայացնե՞ք:

– Մենք արդեն գտնվում ենք սեզոնի յոթերորդ շաբաթում, ու ամենօրյա մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ նախորդ շաբաթվա համեմատ մենք ունենք սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության մի փոքր նվազում: Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը մոտ 1,1 անգամ ցածր է, իսկ եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ապա ևս ցածր է 1,2 անգամ: 

Ընդհանուր դեպքերի 70%-ը կազմում են 0-10 տարեկան երեխաները, սուր շնչառական վարակով պայմանավորված հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս մոտ 1,5%-ով նվազել են, ինչպես նաև թոքաբորբերով պայմանավորված հոսպիտալացումները, շտապօգնության ընդհանուր կանչերի մեջ ՍՇՎ-ով պայմանավորված կանչերը գտնվում են միևնույն մակարդակի վրա, այսինքն՝ կազմում են ընդհանուր շտապօգնության կանչերի մոտ 8%-ը: 

Եթե խոսենք օրական հսկողության թվային արժեքներով, ապա նոյեմբերի 22-ի դրությամբ ՍՇՎ-ով այս պահին հոսպիտալացված է 456 պացիենտ, որի 93%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով՝ 142 պացիենտ, որոնց 53%-ը ևս կազմում են 0-18 տարեկան երեխաները: Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին հոսպիտալացված է 21 բուժառու: Դետքային համաճարակաբանական փոփոխության շրջանակներում այսօր շրջանառվում է գրիպի տեսակը, այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հարուցիչները: 

– Շրջանառվող վիրուսների շտամները որո՞նք են, ու ինչպե՞ս են դրանք դրսևորվում հիվանդի մոտ:

– Ասեմ, որ շտամով պայմանավորված՝ ախտանշանները չեն փոխվում: ՍՇՎ-ի ախտանշանները բազմազան են՝ քթահոսություն, հազ, կոկորդի ցավ, ականջաբորբ, գլխացավ, մկանացավ, ընդհանուր թուլություն: Յուրաքանչյուրի մոտ կարող է տարբեր դրսևորում ստանալ՝ մեկի մոտ կարող է լինել մի քանի ախտանշան, մյուսի մոտ՝ ընդհանրապես չլինել: 

Թոքաբորբը համարվում է ՍՇՎ-ի գրիպի բարդություն, որից բոլորը խուսափում են, ուստի ժամանակին բուժում ստանալը, ինքնաբուժությամբ չզբաղվելը, հատկապես՝ փոքր երեխաների, կարող է նվազեցնել թոքաբորբի զարգացումը:

Ինչպես գիտեք, մենք ունենք գրիպի կանխարգելման լավագույն միջոցը՝ պատվաստումը, որը ցուցված է հատկապես ռիսկի խմբերում գտնվող մարդկանց՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, բուժաշխատողներ, այն անձինք, որոնք ուղիղ շփում ունեն ՍՇՎ-ով հիվանդների հետ: 

ՍՇՎ հիվանդության տարածումը կարող են հնարավորինս կանխարգելել, եթե պահպանեն հազի, փռշտալու վարվելակարգը, հագնվեն եղանակին համահունչ, օգտագործեն շատ հեղուկներ, օդափոխեն փակ տարածքները, հետևեն անձնական հիգիենայի կանոններին, եթե հիվանդ են՝ չհաճախեն գործի, երեխաներին չուղարկեն դպրոց կամ մանկապարտեզ: ՍՇՎ-ի կանխարգելումը սա է: 

– Բուժումն ուշացնելու հիմնական վտանգը թոքաբորբի ռի՞սկն է:

– Թոքաբորբ, ականջաբորբ, բրոնխիտ: ՍՇՎ-ն վիրուսային վարակ է, դրա համար ժամանակին բուժում ստանալով հնարավոր է կանխարգելել երկրորդային այդ վարակները, որոնք ավելի վտանգ են առաջացնում, և, իհարկե, հակաբիոտիկների անհարկի օգտագործումը, ինչը հակացուցված է, որովհետև այն վիրուսի վրա չի ազդում, ու արդեն բժշկի ցուցումով պետք է նշանակվի հակաբիոտիկը: 

– Տիկի՛ն Խաչատրյան, այսինքն՝ ամենաուշը հիվանդանալու առաջին կամ երկրորդ օրը պետք է դիմել բժշկի՞:

– Երեխաների պարագայում, եթե ծնողը տեսնում է, որ առաջին երկու օրվա ընթացքում երեխայի մոտ փոփոխություն չի լինում՝ ջերմությունը պահպանվում է, ընդհանուր թուլություն ունի, սկսում է վատ սնվել, պարտադիր պետք է դիմել բժշկի: 

Իհարկե, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք ևս պետք է ուշադիր ու զգոն լինեն, և եթե առաջին երկու օրվա ընթացքում փոփոխություն չի նկատվում, դիմեն բժշկի: Մենք փոքրերի մասին առավել շատ ենք խոսում, որովհետև ես նշեցի, որ հոսպիտալացումների 90%-ը երեխաներն են, բայց 65-ից բարձր անձինք, քրոնիկ հիվանդություն ունեցողները ևս գտնվում են բարդությունների զարգացման ռիսկի տակ:

– Ասացիք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թվի նվազում կա, վիճակն ավելի լավ է, ո՞րն է պատճառը:

– Այս շաբաթվա համեմատ նկատի ունեմ, բայց նորից եմ ասում, սեզոնը դեռ առջևում է, ցուրտ եղանակները՝ ևս, որոնք նպաստելու են ՍՇՎ-ի ակտիվությանը, այսինքն՝ ակտիվությունը կա, բայց այս պահին մի փոքր նվազել է: Մենք մշտադիտարկում ենք, օրական վերլուծություն ենք իրականացնում, ու իրավիճակի բարդացման դեպքում հանրությանը կտեղեկացվի այդ ամենը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am