Ռուսաստանը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը դեպի Ռուսաստան` արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը»):

Գերատեսչությունում նշում են, որ արդեն մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը զգուշացրել են, որ ներկրվող արտադրանքում հայտնաբերվել են վնասատուներ:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության տվյալների համաձայն` միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև այժմ արձանագրվել է 17 դեպք:

Նշվում է, որ խոսքը հարավամերիկյան լոլիկի ցեցի (Tuta absoluta (Povolny) և արևելյան ցեցի (Grapholita molesta (Busck) մասին է: