«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
– Տիկի՛ն Հովսեփյան, մայրաքաղաքի խցանումները նվազեցնելու նպատակով քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ի թիվս տարբեր լուծումների, առաջարկում է նաև քննարկման առարկա դարձնել այն, որ երեխաները պետք է հաճախեն այնպիսի դպրոց, որտեղ կարող են ոտքով հասնել՝ իրենց բնակության վայրի մոտակայքում: Նա կարծում է, որ «պետությունը չպետք է թույլ տա ծնողին ընտրել դպրոց, որն իրենց բնակության վայրին մոտ չէ»: Այս առաջարկն ինչպե՞ս եք գնահատում:
– Այդ առաջարկն ապացուցում է այն, որ Տիգրան Ավինյանն առհասարակ չի տիրապետում այն ենթակառուցվածքներին, որն ունի Երևան քաղաքը, չի պատկերացնում իր քաղաքի դասավորվածությունը, չի պատկերացնում, որ քաղաքում կան թաղամասեր, որոնք ոտքի ճանապարհի հեռավորություն չունեն ամենամոտ դպրոցին, այսինքն՝ երեխան պետք է նվազագույնը 3-4 կիլոմետր քայլի ու բավականին վտանգավոր ճանապարհով: Տիգրան Ավինյանը չի կարող ուղղակի հրահանգ տալ ու որոշել, թե իմ երեխան որտեղ պետք է սովորի: Իր երեխան կարող է սովորել հեղինակավոր դպրոցում, իսկ ես անգամ պետական դպրոցների՞ց չկարողանամ ընտրել ինձ հարմար կրթական հաստատություն:
Այս միտքն ուղղակի անհեթեթություն է, նա չի կարող նման որոշում ընդունել ու հակադրել միջազգային կոնվենցիաներին, որտեղ երեխայի լավագույն շահը հստակ ամրագրված է: Սա ապակառուցողական քաղաքականության հետևանք է, փոխանակ մետրոյի կայարան կառուցվի, որի համար մեծ ֆինանսավորումներ են եղել ու կերել են, փոխանակ ճանապարհներ, հավելյալ ենթակառուցվածքներ կառուցվեն, իրենք փոխեցին դպրոցում դասերի մեկնարկի ժամը, այսինքն՝ նրանք խնդիրը լուծում են այլոց կյանքի որակի հաշվի: Չեն մտածում, որ կարելի է ճոպանուղի կառուցել, որ Նորքի ժողովուրդն էլ տրանսպորտ չնստի ու միայն Մարաշի ժողովուրդն իջնի տրանսպորտով, որ մարդկային հոսքը քիչ լինի:
Չեն մտածում, օրինակ՝ Աջափնյակի մետրոն կառուցելու մասին, որ դրանով հեշտացնեն մարդկանց կյանքը, կամ որ մեկական վագոն ավելացնեն, տեսե՞լ եք՝ մետրոյում ինչ է կատարվում. երկու վագոնով մետրոն գալիս է, ու հնար չկա, մարդը մետրոյի կայարանում կանգնած է նույն խցանման մեջ, ինչը բավական վտանգավոր է:
Չեն մտածում, թե բյուջեից ինչպես կարելի է ֆինանսական ծախս անել, այլ ոչ թե լափել, որ մարդկանց հոգսը թեթևացնեն, այլ մտածում են՝ ինչպես ավելի շատ բեռ դնեն մարդկանց վրա, որ մարդիկ տանջվեն, բայց իրենք շահեն: Ծարավ Աղբյուրում երեխան չի կարող ոտքով դպրոց հասնել՝ և՛ Քանաքեռի դպրոցն է հեռու, և՛ Ավանի դպրոցը ու վտանգավոր: Սովորական փոքր մայթերիզ չկա, որ երեխան քայլի ու դպրոց հասնի, փողոցի մեջտեղով պետք է քայլի:
– Փաստորեն, երբ քաղաքապետի որոշմամբ դասերի մեկնարկի ժամը փոխվեց, դա էլ չօգնեց խցանումների թեթևացմանը, դրա համար էլ հիմա ա՞յս առաջարկով են հանդես գալիս:
– Իհարկե լուծում չեղավ, ու ակնհայտ էր, որ չի էլ լինելու, որովհետև դա չհաշվարկված քայլ էր: Եթե մարդիկ առավոտյան 7-ն անց 20 րոպեից ուշ են դուրս գալիս, որ ինչ-որ տեղ հասնեն, արդեն խցանման մեջ են, այսինքն՝ որևէ բան չի փոխվել, ուղղակի այդ փոփոխությունից հետո խցանումներն ավելի շուտ են սկսվում ու շարունակվում են մինչ 10-ն անց կես:
Միայն դասաժամերի փոփոխությամբ կամ դպրոցների ընտրության սահմանափակմամբ քաղաքը խցանումներից չես ազատի, այդ ամենը միայն անհարմարություններ ու նոր գլխացավանքներ են առաջացնում շարքային քաղաքացիների համար: Որևէ բան հաշվարկված ու հաշվի առնված չէ՝ ո՛չ երեխայի լավագույն շահը, ո՛չ երեխայի ազատ կրթվելու իրավունքը, միայն հաշվարկում են, թե ինչպես գումարներ խնայեն մեր կյանքի որակի հաշվին ու իրենցով անեն:
– Տիկի՛ն Հովսեփյան, հնարավո՞ր է այս առաջարկությունն էլ ի վերջո որոշում դառնա, ինչպես դասաժամերի մեկնարկի փոփոխությունը:
– Չեմ կարծում, չի կարող սա որոշում դառնալ, Տիգրան Ավինյանը սա կգցի իր ոտքերին, առանց այն էլ իր հետևից ընկած են, ինչպես ասում են:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















