Ինչ հարված է պատրաստվում Հայաստանի դեմ Սոչիում

Ինչ հարված է պատրաստվում Հայաստանի դեմ Սոչիում
Ինչ հարված է պատրաստվում Հայաստանի դեմ Սոչիում

Գեղարքունիքի մարզ այցելած Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Սոչիում օգոստոսի 8-ին կամ 9-ին հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, որտեղ հավանաբար ձեռք կբերվեն պայմանավորվածություններ, որոնք շատ կարեւոր են Հայաստանի համար:

Սոչիում Սարգսյան-Ալիեւ հանդիպումն աներկբայորեն արտահերթ կամ արտակարգ հանդիպում է, քանի որ դրա հնարավորության, դրա պլանավորման մասին նախկինում չի խոսվել երբեք: Ավելին, նախկինում խոսվել է Փարիզում հնարավոր հանդիպման մասին, որը փորձում էին կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ եւ Ֆրանսիան: Ֆրանուսա Օլանդը Փարիզում հանդիպման առաջարկն արել էր տարածաշրջանային այցի ընթացքում, մայիսին: Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն մերժում էր այդ հանդիպման գաղափարը, որը անկասկած անդուր էր նաեւ Ռուսաստանի համար:

Փարիզի հանդիպումը պետք է նշանավորեր Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական վեկտորի փոփոխությունը, այն պետք է անցներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, ավարտելով 2008 թվականից ի վեր Ռուսաստանի միջնորդական հեգեմոնիան:

Ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, եւ Փարիզի փոխարեն Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի է ունենում Սոչիում, որին նախորդում է սահմանային աննախադեպ լարվածությունը՝ կորուստների ինտենսիվացումով: Սոչիի հանդիպման հեռանկարը կարծես թե զգալիորեն լույս է սփռում սահմանին հրադադարի խախտման ինտենսիվության աննախադեպ փուլի վրա: Տպավորություն է, որ այդ ինտենսիվացման նպատակը հենց Սոչիի հանդիպմանը հասնելն էր:

Թե ինչ կարեւոր պայմանավորվածություններ են լինելու այնտեղ Հայաստանի համար, պարզ չէ: Մի բան ակնհայտ է, որ երբ Սերժ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից ու համանման մտածողության ու որակների կրող պաշտոնյաներից կազմված Հայաստանի իշխանությունը որեւէ բան է պայմանավորվում Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը հետո դրա համար շատ թանկ է վճարում:

Կարեւոր կլինի իհարկե, եթե պայմանավորվածությունների արդյունքում սահմանային իրավիճակը լիցքաթափվի եւ կորստաբեր լարվածությունը անցնի: Սակայն, մյուս կողմից հարց է, թե Հայաստանից ի՞նչ գին կպահանջվի դրա համար: Ակնհայտ է, որ Ռուսաստանը Սոչիում Հայաստանին ու Ադրբեջանին հաշիվ է ներկայացնելու: Ո՞ւմ ավելի շատ, դա է խնդիրը:

Հավանական է, որ Հայաստանին: Բանն այն է, որ սահմանային լարվածության էական աճն արձանագրվեց մի ժամանակահատվածում, երբ կարծես թե նշմարվում էր Հայաստան-Արեւմուտք հարաբերության «ռեսթարթ», որը կարող էր ընդգրկել նաեւ Իրան-Արեւմուտք հարաբերության կարգավորման գործընթացը: Եվ դա Ռուսաստանի հանդեպ միջազգային պատժամիջոցների խստացման ֆոնին: Այդ ֆոնին Հայաստանում անտեսվեց նաեւ Ռուսաստանի համար գերկարեւոր մի նախաձեռնություն՝ խաղաղապահ ուժերի ձեւավորման եւ հայ-ադրբեջանական սահմանին ու Արցախում դրանց տեղակայման նախաձեռնությունը: Զարմանալի է, բայց այդ նախաձեռնությունը Հայաստանում տեղ չգտավ անգամ իշխանամերձ եւ ռուսաստանահպատակ փորձագիտական հանրության շրջանում, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ հայկական զինուժն ի զորու է ապահովել հրադադարն ու կայունությունը:Կարդալ ավելին