«Ճիշտ են արել», «լավ են արել», «ապրե՛ս, ախպե՛րս, մի հատ էլ թքեիր վրեն», «հասնում ա էդ կիստուկին, շատ էր լեզվին տալի», «արա՛, դու ո՛վ ես, ա՛յ համբալ», «քեզ հասնում ա, պտի տային սպանեին», «դուրս էր տալի էդ անասունը», «ով ազգի լիդերի դեմ ա խոսում, պտի լեզուն կտրեն», «ծեծը քիչ ա, աչքն էլ հանել ես», «պտի սատկացնեին էդ փնթի թուլին», «ծեծել են, որ բոյովանա»…
Գիտակցություն մթագնող այս մառազմը շարունակական է: Արյուն տենչացող մոլեռանդ վայրի տռփանքը սպանում է ցանկացած բանականություն:
Այս մեկնաբանությունների զգալի մասը լատինատառ «գրաբարից» թարգմանել եմ աշխարհաբար հայերեն: Սրանք ընդամենը մեկ հրապարակման տակ եղած մեկնաբանությունների տասը տոկոսն են: Լուրը տեղեկացնում էր, որ բռնության է ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը:
Քավ լիցի, մենք կանխակալություն չունենք կողմերից որևէ մեկին պաշտպանելու, արդարացնելու կամ խրախուսելու: Դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են: Մեզ անհանգստացնում է իրերի ուղին, տվյալ դեպքում՝ արյուն երազող բովանդակությունը, բռնության արդարացումը, խրախուսումը, մեկնաբանողներից յուրաքանչյուրի մեջ հաստատված «ճշտի ասպետը», կիսաքրեականի և կիսախուլիգանի միահյուսումը, օրենքի ստորադասումը, իրավականության վրա թքած, ավելի շուտ՝ թքած չէ, ներեցե՛ք, հարգելի՛ ընթերցող, «խ» տառով սկսվող մեկ այլ գործողություն արած լինելը:
Նո՞ր հասանք այս հանգրվանին: Ո՛չ: Վաղուց այս հանգրվանում էինք: Վաղուց «ճիշտը մի հատ էր», ու քանի որ մեր երկրում ապրում է երեք միլիոն մարդ, հետևաբար կա երեք միլիոն ճիշտ:
Մեկնաբանողները ևս ունեն իրենց ճիշտը, որոնք դառնում են ճշտեր, հետո միավորվում են, ստանում հրեշի տեսք ու սպառնում համակեցության ցանկացած կանոնի: Այս հանգրվանը վաղուց կար:
Մենք անհանդուրժող եղել ենք ու մնում ենք մեզնից տարբերվողի, այլ կարծիք ունեցողի, մեզ ոչ հաճո միտք, տեքստ, խոսք արտաբերողի նկատմամբ: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուրն ապրի «ճիշտ»:
Բայց էդ ճիշտը մեկն է ու մեր ճիշտն է: Թքա՛ծ, թե 2.999.999 այլ «ճշտեր» ևս կան: Տարբերվո՞ւմ ես, հաճո չե՞ս: Վառել, ստորացնել, նվաստացնել, թքել վրեն, քացու տակ քցել:
Մեր հազարամյակների քաղաքակրթական հանգրվանը վերոհիշյալ քոմենթչիների համար այլ զարգացում չի ապահովել: Մամոնտի որսի դարաշրջանից առաջացել են մինչև դրավիտյան մարդու փուլ ու կանգ առել: Նորո՞ւյթ է: Իհարկե ո՛չ: Միշտ եղել են ու կան: Պարզապես համացանցի շնորհիվ տեսանելի են դարձել:
Ինձ թվում էր, թե այդ հանգրվանում կվերանա տոնական օրերիս զարմանքը: Ավելի շուտ՝ զարմանք չէ: Կան փաստեր, որոնք պարզապես կան: Դու քեզ համոզում ես, որ հնարավոր է՝ սխալվել ես մինչ այն պահը, երբ դաժան իրականությունը յուր ողջ թշվառությամբ քեզ չի գրկում:
Բայց ահասարսուռը հետո էր: 16-ամյա աղջկա սպանությունը: Այն, ինչ դաշտ նետվեց որոշակի խմբի կողմից, հետնախորշային պիղծ քննարկումները, որոնք ծավալվեցին այդ սահմռկեցուցիչ սպանության շուրջ, խոսում են արժեհամակարգային հատկությունների կորստի մասին:
Չէ՛, դուք հասկանո՞ւմ եք, կան մարդիկ, որոնք հրեշավոր ոճրագործությունը թողած՝ իրենց «ճշտի» սահմաններում որոշել են «իտոգ» տալ:
Թե բա՝ ի՞նչ գործ ուներ 16 տարեկան աղջիկը մերկ, ի՞նչ գործ ուներ Սայաթ-Նովայի փողոցում, վարձով տանը (էս նեանդերթալցիների տրամաբանությամբ, եթե դեպքը լիներ Չարբախում, լրիվ նորմալ կլիներ), դե, մի բան արել է, հո հավայի չե՞ն սպանել:
Քցեցին ու քաշեցին, հորինեցին ու հավատացին իրենց հորինածին, պիտակեցին ու որոշեցին: Խարանը դրեցին ու խիզախ հայացքով, իրենց մտքի ցնորքից, վայրագ երևակայությունից խենթացած՝ գնացին հաջորդ խարանը դնելու սպասումով:
Ու սա անողների մեծ մասը պարզունակ երեսպաշտներ են: Սրանք չբավարարված տեսակ են, որ թաքուն հարևան Ամբակումի հաջաթն են երազում, հաջողության դեպքում՝ երբեմն կիրառում, բայց սոցիալական ցանցերում, տո, ինչու չէ, նաև համայնքում՝ սուրբ տիկիններ ու պարոններ են խաղում:
Դուք նողկալի եք, տիկնա՛յք և պարոնա՛յք: Սպանությունն արդարացում չունի: Մահը, արյունը, խրախճանք մի՛ դարձրեք ձեր հիվանդագին երևակայությանն ու թաքնված հրեշավոր ցանկություններին հագուրդ տալու համար:
Վահրամ Թոքմաջյան
MediaLab.am