Ճշտի «ասպետները»

Վահրամ Թոքմաջյան

Ճշմարտության փնտրտուքը մարդկության պատմության հնագույն զբաղմունքներից մեկն է։ Որևէ մտածող, որն ունեցել է ազատ ժամանակ, փորձել է փնտրել կամ սահմանել ճշմարտությունը։ Արիստոտելից սկսած մինչև Կանտ, Հեգել և նույնիսկ մերօրյա մեծ մտածողները՝ Մգեր Արմենիան, Դիանա Գրիգորյանն ու էլի շատ շատերը, փնտրել են ճշմարտությունը կամ սահմանել այն։ Իսկ քչերը, որոնք կարողացել են պարտադրել իրենց ճշմարտությունները, սկսել են իշխել։

Նույնն է ներկայիս Հայաստանում։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ երեսփոխանաց ճեմարանում, ասել է թե՝ Ազգային ջոջաց ժողովում։ 

Իհարկե ուշադիր ընթերցողի մեջ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի ներկայիս Հայաստանը «ճշտի» հետ, իսկ Երեսփոխանաց ներշնչանք ճեմարանը՝ մտածելու հետ։

Մեծ կապ ունի, չափազանց մեծ, քանի որ հենց նրանք են պարտադրել իրենց «ճիշտը» հասարակությանը, և այդ հասարակությունը կառավարվում է պարտադրված «ճշմարտության» կողմից։ Եվ որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, Հայաստանը չի կառավարվում միայն իշխանության կողմից։ Հայաստանը կառավարվում է նաև ընդդիմության կողմից, որն այնքան համահունչ է այս իշխանությանը։ 

Այդ կառավարման հանգրվաններում երկուսն էլ ճիշտ են, միմյանց փոխլրացնող, միմյանցից սնվող։ Սակայն դա դասական ճոճանակների քաղաքականությունը չէ, երբ ընդդիմությունը հակակշռում է իշխանությանը կամ հակառակը, և հարդյունս շահում է պետությունը։ Սա այն դեպքն է, երբ երկուսի միմյանց փոխլրացնելը միայն ու միայն վնասում է պետությանը, և շահում են մասնակիցները, այն էլ՝ փոքր հարցերում։

Տեսեք՝ ընդդիմության մի մասը փորձում էր Նիկոլ Փաշինյանի անուն, ազգանունը համարժեք դարձնել «դավաճան» հասկացությանը։ Բայց եկավ խոհեմ Սերժ Սարգսյանը և փրկեց իրավիճակը՝ նրան անվանելով «կապիտուլյանտ»։

Շահե՞ց սրանից պետությունը, պատերազմի պարտության բեռի հարցում որևէ դրական փոփոխություն եղա՞վ, իհարկե չեղավ, իսկ ո՞վ շահեց, կարծում եմ՝ առանց օգնության էլ յուրաքանչյուրը կհասկանա։

Նույն մոդելը խաղարկվեց նաև նախընտրական քարոզչության ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հրապարակեց հայտնի ձայնագրությունը։ Ի՞նչ եք կարծում, նրա նման գործիչն արդյոք չէ՞ր հաշվարկել, որ դա մեկ տոկոս անգամ չի նվազեցնելու Փաշինյանի վարկանիշը, ավելին՝ նպաստելու է հօգուտ Փաշինյանի կողմնորոշվելու հարցում։

Եվ Սարգսյանի հաշվարկը նորից ճիշտ դուրս եկավ։ Իհարկե ժեստն ապարդյուն չանցավ, քանի որ իշխանության քավորությամբ առաջ եկած հնի ու նորի եռաբևեռ, իսկ իրականության մեջ՝ միակողմ պայքարը ձևավորեց այն, ինչ ունենք հիմա։

Քանի որ վերջին քսան ու ավելի տարիների «ճիշտ» պարտադրողները դեռ ասպարեզում են ու կարծես հեռանալու միտում չունեն, ես համոզված եմ, որ նրանք հոգու խորքում գիտեն, թե որքան սխալ էր իրենց պարտադրած «ճիշտը», ու ինչ փորձանքներ այն բերեց մեր գլխին (սա բնավ չի նվազեցնում Փաշինյանի մեղքը)։

Սակայն հնարավոր է նաև, որ նրանք այլևս այս պարտադրված «ճշտի» ոլորաններից ելք կամ հետդարձի ճամփա չունեն։ Այդպես է լինում պատմության մեջ՝ անհատի մոտիվը և թուլությունները գերակա են և հաճախ խեղում են ժողովուրդների ճակատագրեր։

Եվ նրանք շարունակում են ճշմարիտ լինել միմյանց հանդեպ։ Այն, ինչ ասում է իշխանությունն ընդդիմությանը, ճիշտ է, և հակառակը՝ ինչ ասում է ընդդիմությունն իշխանությանը, նորից ճիշտ է։ Սակայն մեկ առանցքային խնդիր կա՝ երկուսն էլ սխալ են, իսկ իրական «ճիշտ» պարտադրող չկա։

Իսկ մեզ մնում է վայելել ճշտի «ասպետների» պասերով խաղի արյունոտ բերկրանքը և շարունակել ցնցվել հայոց անանդորր աշխարհում։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am