«Սա ապիկարության և տգիտության հետևանք է․ ես սա համարում եմ ծաղր». Վահան Արծրունի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երաժիշտ Վահան Արծրունին

– Պարո՛ն Արծրունի, վերջին շրջանում քաղաքապետի շուրջ ստեղծված աղմուկը ինչի՞ կարող է հանգեցնել։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ցավում է, որ Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ և ակներև աջակցություն չհայտնեց ՔՊ-ին, իսկ քաղաքապետի խոսնակն էլ հիմնավորել էր, թե քաղաքապետը զբաղված է եղել իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ։ Քաղաքապետը նախընտրական գործընթացներին որքանո՞վ պետք է մասնակից լիներ։

-Իհարկե մենք կարող ենք տարբեր կերպ մեկնաբանել քաղաքապետի պաշտոնը։ Ենթադրաբար, քաղաքապետը քաղաքի բնակիչների կողմից ընտրված մեկը պետք է լինի, որը պետք է զբաղվի հիմնականում տնտեսական ու կազմակերպչական խնդիրներով, այսինքն՝ ենթակառուցվածքները զարգացնի, խնդիրներ լուծի՝ կապված անարդարությունների հետ։

Ես կարծում եմ՝ քաղաքապետի գլխավոր ֆունկցիան այս շրջանում պետք է լիներ հետևյալը՝ հասարակական սեփականությունը նախևառաջ հասարակությանը վերադարձնելը։ Դա վերաբերում է և՛ բակերում ապօրինի շինություններին, և՛ այդ շենքերի վերելակներին, և՛ մնացած տգեղ երևույթներին, որոնք փչացնում են քաղաքի դեմքը։ Եվ, իհարկե, քաղաքի սոցիալական և այլ խնդիրները։

Այսինքն՝ այն ամբողջ փաթեթը, որով ենթադրվում է, որ պետք է զբաղվի քաղաքապետը, բայց ակնհայտ է, որ ցանկացած նախկին կամ ներկա իշխանության կողմից քաղաքապետի պաշտոնն ընկալվում է առաջին հերթին որպես քաղաքական պաշտոն։

Եվ բնական եմ համարում, որ իմքայլականները ըստ երևույթին իրենց դժգոհությունը վերջապես բանաձևեցին և արդեն որերորդ անգամ ի ցույց հանեցին այն հանգամանքը, որ, չէ, քաղաքապետի պաշտոնը ոչ թե հասարակական պաշտոն է, այլ առաջին հերթին քաղաքական, որ մենք ենք այս մարդուն այդ պաշտոնին դրել, նա իրեն վատ է պահել, մեզ չի աջակցել, և մենք հիմա նրան պետք է հանենք։

Այսինքն՝ պարզունակ և ոչ այնքան խելոք և ոչ այնքան պոլիտկոռեկտ մոտեցում, որը շատ բնորոշ է ՔՊ-ին և իմքայլականներին, դա շատ տիպական է իրենց համար։

-Առհասարակ, վերջին երեք տարիների ընթացքում քաղաքի ինչպիսի՞ կառավարման հետ ենք գործ ունեցել։ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը կիսատ մնաց, բայց վերջին շաբաթներին մեծ թափ է ստացել ապամոնտաժման գործընթացը։

-Ես սա համարում եմ ծաղր։ Ըստ էության՝ միակ սրճարանը, որը քանդեցին, Միքայել Մինասյանի սրճարանն էր։ Եվ պարզվում է, որ մնացած բոլոր սրճարանները դատարաններում հաղթել են, և քաղաքապետը պարտվել է։ Ուղղակի ծիծաղելի է։

Այս պարագայում քաղաքապետի ապիկարությունը, անունակությունը շատ հեռու չեն փաշինյանական կառավարության անունակությունից, անկազմակերպությունից: Այնտեղ կոմպետենտ մարդ չկա։ Միակ կոմպետենտ մարդը Արթուր Մեսչյանն էր, նա էլ հեռացավ։

Այսինքն՝ այնքան անկազմակերպ էին, որ նույնիսկ նախընտրեցին ընդհանրապես հրաժարվել գլխավոր ճարտարապետի պաշտոնից, որպեսզի իրենց կողքին հանկարծ հաջորդ խելոք և կոմպետենտ մասնագետը չհայտնվի։ Ես սա բնական է դիլետանտների համար։

Դիլետանտները երբեք իրենց շուրջը չեն համախմբում իրենցից խելոք մարդկանց։ Եվ քանի որ այս երեքուկես տարվա ընթացքում համատարած դիլետանտությունն իրեն ցույց տվեց՝ սկսած քաղաքական դաշտից, սկսած պետական ատյանների «բովանդակային» լցոնումից՝ վերջացրած այդ նույն դիլետանտիզմով բանակում, դատաիրավական համակարգում և մնացած բոլոր ոլորտներում։

Այսինքն՝ ալգորիթմը նույնն է, և սա համատարած երևույթ է, և սա շատ տիպական և բնորոշ ԱԺ այս կազմին և իմքայլականներին։

-Քաղաքապետի հարցում կարծեք թե իմքայլականների մի մասն աջակցում է քաղաքապետին, մյուս մասը՝ ոչ։ Եթե իշխանությունն ամեն գնով նպատակ է դրել հասնել քաղաքապետի հրաժարականին, կհաջողի՞։

-Իսկ ի՞նչը իրենց չի հաջողվել։ Մի առանձնապես մեծ արժանիքներ չեմ տեսնում Կարգին Հայկոյի մեջ, մարդը նշանակվել է պաշտոնի, որը մինչ այդ նման ոլորտի հետ որևէ առնչություն չի ունեցել, այսինքն՝ կառավարման և կառուցվածքային մենեջմենթից գաղափար չուներ, և այն, ինչ սովորել է, սովորել է այս երեքուկես տարիների ընթացքում։

Եվ երբ իրեն ընտրում էին, ինձ լրագրողներից մեկը հարց տվեց՝ արդյոք ձեզ համար ինչով է կարևորված կամ ինչով կարևորված չէ իր նշանակումը, ես այն ժամանակ պատասխանեցի՝ ինձ բոլորովին մեկ է՝ ով է պատուհանի տակի աղբամանից աղբը հավաքելու, ինձ ավելի հետաքրքիր է, որ այդ աղբը այնտեղ ընդհանրապես չկուտակվի։

Ես անձամբ ընկալում եմ քաղաքապետի պաշտոնը որպես հասարակական ֆունկցիա։ Դուք փորձում եք ձեր հարցը կառուցել այլ պլատֆորմի վրա՝ ակնարկելով քաղաքական գործոնը։

-Նրանք ասում են, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է Հայկ Մարությանն այդքան ձայն ստացել։

-Եվ ի՞նչ… ինչ կապ ունի դա քաղաքապետի պաշտոնի հետ։ Բնական է, որ ինչ-որ ճանապարհով այս տղան հասել է այդտեղ։ Եվ մենք խոսում ենք ոչ թե բուն ծառայողի մասին՝ որպես ֆունկցիա, այլ, չգիտես ինչու, շեղվում ենք դեպի անհատի քննարկում, այսինքն՝ լավն է Հայկոն, ափսոս չէ՞, որ հանեն։

Այսինքն՝ սա ծիծաղելի հարթության վրա հարցադրում է, և այս էլ որերորդ անգամ փաթաթվում է հասարակության վզին և ուղղորդում է հասարակությանը դեպի անհեթեթ քննարկումներ։

-Այսինքն՝ Հայկ Մարությանը համապատասխանո՞ւմ է կադրային այն քաղաքականությանը, որը որդեգրել է այս իշխանությունը։

– Իհարկե, սա նույն նյութն է՝ տարբեր մոդիֆիկացիաներով բոլոր հարթակներում ներկայացված՝ սկսած ԿԳՄՍ նախարարությունից վերջացրած քաղաքապետով։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ նրանք միջամտել և իրենց մարդկանց են նշանակել, զավեշտալի է, անհեթեթ և ողբերգական հետևանքներով։ Սա նույն անունակության, ապիկարության, տգիտության հետևանք է։

Մանե Հարությունյան

MediaLab.am