Ընդդիմադիր 12 ուժերի միավորումը տապալվելու է, մաքսիմում՝ հերթական սիթի տուրերը կարող են անել. Վոլոդյա Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, ընդդիմադիր 12 քաղաքական ուժեր հայտարարել են ազգային համախմբման մասին։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է փոխում այս միավորումը քաղաքական դաշտում։

– Նրանք երբեք էլ բաժանված չեն եղել, որ հիմա էլ միավորվել են, միշտ էլ ասել ենք, որ մենք գործ ունենք պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունների ու իրենց արբանյակների հետ: Տարբեր ժամանակներում, տարբեր շրջաններում նույն դերակատարները, տեղերը փոխելով, նույն գործողություններն են անում: Նրանք նույն թիմի մեջ են եղել, բազմիցս ենք խոսել այս մասին, ու սա հերթական փորձն է: 

– Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են իրական այն մտահոգությունները, որոնք ընդդիմադիր ուժերը ներկայացնում են որպես միավորման պատճառ։


– Նրանց միակ մտահոգությունը իրենց թալանը, իրենց գույքը պաշտպանելն է: Վարչապետը երեք օր է՝ խոսում է հանրային ճնշման, ընդդիմությանը առաջարկ անելու մասին, ձայն չեն հանում, հենց Սամվել Կարապետյանին ձերբակալում են, հայտնվում են դատարանների բակերում, խոսում են ալիևյան սահմանադրության մասին, հետո գոռում են՝ Սամվել, Սամվել: 

Ի՞նչ կապ ունի Սամվելը դրա հետ, հենց քրեական գործ են հարուցում, հենց ձերբակալվում են, փողերի լվացման մեջ են մեղադրվում, իրենց գույքը սպառնալիքի տակ է հայտնվում, սկսում են հիշել ինքնություն, Արցախ, փրկություն, հայրենիք: Բայց մեր ժողովուրդն դեռ 2021 թվականին է ապացուցել, որ այս նարատիվներն իր համար ընդունելի չեն, որ իրենք շատ լավ հասկանում են, որ այս մարդիկ ուղղակի սեփական գույքը պահելու կռիվ են տալիս: Հետևաբար, նրանց հրապարակած մտահոգությունները իրականում իրենց չեն հետաքրքրում, իրենց միակ մտահոգությունը իրենց սեփականությունն է:

– Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում այս միավորման համատեքստում։

– Այս առումով ևս նորություն չկա, ինձ մոտ դեժավյու է. հիմա էլ Նարեկ Կարապետյանն է իբր մտավորականների հետ հանդիպում, Սամվել Կարապետյանի փոխարեն, անընդհատ նույն դեմքերն են նույն գործողություններով, հիշեցնում են 2021 թվականի «Հայրենիքի փրկության շարժումը» ու Վազգեն Գալստանյանի այսպես կոչված «Սրբազան շարժումը»: Բացառում եմ որևէ այլ սցենարով զարգացում, զարգացումները ևս լինելու են նույնը, ինչպես նույնն են սցենարները: Ուղղակի տապալվելու են, մաքսիմում՝ հերթական սիթի տուրերը կարող են անել, մեր ժողովուրդը շատ լավ գիտի՝ ով ով է ու որտեղից է ուղղորդվում: 

– Փաստորեն մտավախություն չունե՞ք, որ այս միավորումը կստացվի, ու ի վերջո կկարողանան իշխանափոխություն անել՝ հանրության աջակցությունն ունենալով, պարո՛ն Հակոբյան:

– Իհարկե չունեմ, ընտրությունները նոր են ավարտվել, և մենք ստացել ենք ժողովրդի աջակցությունը, իսկ մենք տեսնում ենք, որ իրենք չունեն այդ աջակցությունը։ Երբ խոսում էին ընտրակեղծիքների մասին, բայց անգամ 100 հոգի դուրս չեկավ փողոց իրենց աջակցելու: Մենք բազմիցս ենք ասել՝ եթե մարդիկ կողմ չեն մեր վարած քաղաքականությանը, ապա թող դուրս գան փողոց ու հեղափոխություն անեն, իսկ մենք պատրաստ ենք ժողովրդի ցանկացած որոշման հետ հաշվի նստել ու դա այս տարիների ընթացքում բազմիցս ենք ապացուցել:

– Սամվել Կարապետյանի կալանավորումը, խուզարկությունները ընդդիմությունից ձայն ստանալու նպատա՞կ են հետապնդում, ինչպես ասում է ընդդիմությունը։

– Դա իրավական պրոցես է ՀԷՑ-ի հետ կապված չարաշահումների համատեքստում, բազմաթիվ չարաշահումներ ու մախինացիաներ են արել այդ մարդիկ: Սա ի՞նչ կապ ունի իրենց քաղաքական գործունեության հետ, ակնհայտ է, որ իրենց վերագրվող հանցագործությունները փորձում են ծածկել քաղաքականության շղարշով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am