Ադրբեջանից բռնագաղթածները` կոտրած տաշտակի առաջ. «փախստականների անունը չեն տալիս, երկրորդ սորտի եք»

Ադրբեջանից բռնագաղթածները` կոտրած տաշտակի առաջ. «փախստականների անունը չեն տալիս, երկրորդ սորտի եք»
Ադրբեջանից բռնագաղթածները` կոտրած տաշտակի առաջ. «փախստականների անունը չեն տալիս, երկրորդ սորտի եք»

Հնամաշ սպասքը, իրար վրա դարսած ափսեները, սեղանը, մահճակալն ու երկու աթոռը Ռոզա Սարկիսովայի փոքրիկ սենյակի կահ-կարասին են: Ձմռան օրերին հանրակացարանի իր փոքրիկ, ճաքած պատերով, վթարային համարվող կացարանը մի կերպ տաքացնելով` միայնակ թոշակառուն մտքերով հետ է գնում, հիշում անցած-գնացած օրերը, որդիներին եւ այն ցավը ինչը օր ծերության ուղեկցում է նրան:

85-ամյա Ռոզա Սարկիսովան միայնակ Հայաստան է բռնագաղթել Բաքվից: Պատմում է, որ Բաքվի կենտրոնում` հայտնի Կայարանի փողոցում է ապրել: Երիտասարդ տարիքում կորցրել է ամուսնուն, իսկ երկու որդիները ջարդերի զոհ են դարձել:

«Մեզ տղուս սպանեցին 88-ին Սումգայիթում, փոքր տղաս՝ Գրիշիկս, Ռուսաստանում էր, կոշկարար էր: Տելեգրամա են տվել, որ եղբայրը՝ Ալիկը, մահացել ա: Խեղճ խոխաս մենակ ելնում, պոեզով գալիս ա Բաքու, ճանապարհին սպանում են, փողերը վերցնում»,- արցունքն աչքերին պատմում է Ռոզա Սարկիսովան:

Այսօր էլ նա իր տղաների մասին հիշողություններով է ապրում, ասում է, որ հիշողություններից թանկ ոչինչ չունի, քանի որ ջարդերից հետո այլևս ընտանիք չի ունեցել: Չնայած դժվարություններին՝ Հայաստանի մասին խոսելիս ասում է, որ գոհ է. «Իմ երկիրս ա, եկել եմ, ապրում եմ, ի՞նչ ասեմ»:

Թեւ արդեն 25 տարի է ինչ հունվարյան օրերին սկսված ջարդերից մազապուրծ Բաքվից եւ Սումգայիթից հազարավոր հայեր բռնագաղթեցին Հայաստան, այնուամենայնիվ ավելի քան երկու տասնամյակ անց էլ զրկանքներ կրած փախստականները բազում խնդիրներ ունեն:

Ավելին, Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության տնօրեն Գագիկ Եգանյանը «Մեդիալաբին» տեղեկացնում է, որ վերջին չորս տարիներին փախստականների ամենակարևոր խնդրին՝ բնակարաններով ապահովելու ծրագրին բյուջեից գումար չի հատկացվում:

Որպես հետևանք` փախստականների մեծ մասը, ինչպես Ռոզա Սարկիսովան, շարունակում է ապրել կիսաքանդ ու խոնավ հանրակացարաններում՝ զուրկ կենցաղային տարրական պայմաններից: Այս ամենին գումարվում է նաև հայ հասարակության վերաբերմունքը. բռնագաղթածներն ասում են, որ անհյուրընկալ վերաբերմունքն ու «բաքվեցի» պիտակը Հայաստանում իրենց մշտապես ուղեկցում են:

«Մինչև հիմա 1172 ընտանիքներ կան, որոնք համարվում են առավել կարիքավոր, կառավարության չափորոշիչների համաձայն ընդգրկված են որպես շահառուներ այդ ծրագրում և սպասում են այն բաղձալի օրվան, երբ իրենց բնակարաններ կհատկացվեն»,- ասում է Եգանյանը:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին կառավարությունն անուշադրության է մատնել փախստականների հիմնախնդիրները, Գագիկ Եգանյանը նշում է, թե տեղյակ չէ: Ըստ նրա, ամեն տարի միգրացիոն ծառայությունը 4 մլրդ դրամի բյուջետային հայտ է ներկայացնում այդ խնդրի լուծման համար, սակայն բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտը մերժվում է:

Փախստականների մի մասն ապրում է վթարային հանրակացարաններում, որոնք ամեն րոպե կարող են փլվել: Գագիկ Եգանյանը նշում է, որ հնարավոր չէ միանգամից այդ հանրակացարաններից տարհանել փախստական ընտանիքներին:

Նախորդ տարի Արցախի 4-րդ նրբանցքի վթարային հանրակացարանի 60 ընտանիքներից տարհանվել ու բնակարանով ապահովվել են 24 փախստական ընտանիքներ: Աշխատանքները կատարվել են տարբեր աղբյուրներից ստացված ֆինանսավորման շնորհիվ: Թեև Երևանի քաղաքապետարանն այս և մայրաքաղաքի մյուս վթարային հանրակացարանների բնակչության վերաբնակեցման հարցը գերխնդիր է համարել, սակայն տարիներ շարունակ հնարավոր չի լինում լուծել այն:

«Առաջիկայում էլ կփորձենք այդ խնդրին լուծում տալ, դյուրին խնդիր չէ»,- ասում է Եգանյանը:

Մինչ պետական այրերը խոստումներ են տալիս, հանրակացարաններում բնակվող փախստականները հույսները կտրել են, թե մի օր բնակարանի տեր կդառնան: Տարիների հեռվից նրանք այսօր էլ հիշում ու կարոտով են պատմում, թե Բաքվում կամ Սումգայիթում որ փողոցում էին ապրում, ինչ տներ ունեին, ինչ ունեցվածքի տեր էին:

Սեդա Բաբայանը բռնագաղթել է Բաքվից, 23 տարի է՝ նա էլ Սարկիսովայի պես ապրում է Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի վթարային հանրակացարանում: Ցույց է տալիս, թե սենյակի պատերին ինչ ճաքեր են առաջացել, վախենում է, որ ամեն վայրկյան կարող է փլուզում տեղի ունենալ:

«23 տարի մարդ աբշեժիտեում կապրի՞: Մենք, ի վերջո, մարդ ենք, չէ՞, տուն էլ ենք ունեցել, կահույք էլ, իսկ այսօր աղքատ ենք»,- նշում է նա: Հիշում է, որ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունում կադրերի բաժնի պետ էր աշխատում:

Տիկին Սեդան ասում է, որ եթե Բաքվի ջարդերի մասին պատմի, երկու օրն էլ չի հերիքի: Նա հիշում է 1990 թվականի հունվարյան ցուրտ օրը, երբ Հայաստան տեղափոխվեցին:

«Մեզ մի լավ թակեցին, ախպորս ամենաշատը թակեցին: Դրա պատճառով 18 տարի ախպերս ըստեղ պառկավ, մահացավ: Մամաս էլ հիվանդ էր, մահացավ, մնացի մենակ, պետք ա ես էլ մեռնեի, թե ինչի՞ եմ մնացել»,- ասում է նա:

Հայաստանում Սեդա Բաբայանը չի աշխատել, այսօր ծերության կենսաթոշակ է ստանում: Ասում է, որ Հայաստանում հասարակությանն ինտեգրվելու խնդիր չի ունեցել, չնայած գիտի, որ փախստականներին այնքան էլ լավ աչքով չեն նայում: Միայն տուն է ուզում պետությունից, թեև նշում է, որ հույս չունի, թե իր այդ ցանկությունը կկատարվի:

«Եթե իմանայի, որ իմ հայրենակիցներն ինձ էսպես կընդունեին Հայաստանում, ես էստեղ չէի գա, կգնայի Ռուսաստան»,- դառնացած ասում է Բաքվից բռնագաղթած Էմմա Միրզոյանը:

Նա պատմում է, որ Բաքվի լամպերի գործարանում է աշխատել, հիշում է այն օրը, թե ինչպես ադրբեջանցիները եկան ու զենքով գործարանի հայ աշխատակիցներին դուրս վռնդեցին: Հայերն էլ իրենց բնակարաններում կացինները սրել ու սպասում էին ադրբեջանցիների հարձակմանը:

Հանրակացարանի աղքատիկ սենյակը ցույց տալով՝ տիկին Էմման ասում է.

«Հիմա կուխնյա ա, բաղնիք ա, զուգարան ա` լրիվ էս ա, էս մի սենյակն ա»:

Երևանի քաղաքապետարանից նրանց հույս էին տվել, թե մինչև 2009 թվականը նոր բնակարան կունենան:

«Բայց արդեն 2013 թվականն ա»,- տխրում է նա: Շենքն ավարյոննի ա, քնում ես, մտածում ես՝ կզարթնե՞ս, թե՞ փուլ կգա վրեդ: Փախստականների անունը չեն տալիս, երկրորդ սորտի եք, տեղացիներին են ապահովում տնով»,- նշում է տիկին Էմման:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Ադրբեջանից բռնագաղթել է շուրջ 500 հազար հայ, որոնցից 360 հազարը եկել են Հայաստան:

© Medialab.am