ՀՀԿ-ականացված ընտրություններ

Վահրամ Թոքմաջյան

Շատ խորհրդանշական մի օր՝ օգոստոսի 23-ին, տրվեց մեկնարկը երեւանցիների սիրտը շահելու եւ բակ առ բակ ասֆալտելու մի ծեսի, որն արդի հայերենում քարոզարշավ է կոչվում։

Իսկ ինչո՞ւ հենց ասֆալտելու, որովհետեւ ներկաներն իրենց նախկիններից ասֆալտելու մշակույթն են յուրացրել՝ ասֆալտին փռելու ու ասֆալտ փռելու վերապրուկների տեսքով։

Միացյալ, Արդար, Լուսավոր, Եվրոպական Մայր Հայաստան կերտելու ակնկալիքով, 14 քաղաքական ուժեր մեկտեղվել են Ազգային առաջընթացի ոգով Հայրենյաց ուժը ժողվելու Քաղաքացիական Հաղթական բազկով եւ Հանուն սոցիալական արդարության Ապրելու մայրաքաղաք ստեղծելու սուրբ գործի շուրջ։

Հաշվի առնելով տարիների փորձը, թվում էր, թե հատկապես ընդդիմադիր դիրքավորված կուսակցությունները կփորձեն քաղաքականացնել այս ընտրությունները։ Իսկ տարիների փորձն ասում է, որ ընդդիմադիր զանգվածը միշտ էլ Երեւանում ավելի շատ է։ Սակայն ունենք այն, ինչ ունենք։ Նման հուսահատ փորձեր կատարում է միայն «Մայր Հայաստան» դաշինքը՝ մայրական անեծքների տեսքով, մնացածը պատրաստվում են «դինջ» ընտրությունների։ 

Քարոզարշավի այս փուլի դրությամբ դեռեւս մեծագույն հիասթափություն է Հայկ Մարությանը։ Մեկնարկից առաջ նրա քաղաքական տրանսֆերը գնահատվում էր բավականին բարձր, իսկ իշխանություններն էլ ամեն կերպ փորձում են նրան դարձնել իրենց ընդդիմություն, իսկ Հայկը չի ուզում ու չի ուզում։ Այս տեմպերով նա կարող է զիջել անգամ պիոներական կարգապահությամբ քարոզարշավ իրականացնող «Ապրելու երկրին»։

Իսկ ի՞նչ կարելի է ասել իշխող ուժի մասին։ ՔՊ-ն կամաց-կամաց դառնում է մոնոլիտ բուրգ եւ վերածվում նեոՀՀԿ-ական կազմակերպության։

Տիրապետելով հսկայական վարչական ռեսուրսի, օլիգարխների, ներեցեք, մոռացել էի, որ Հայաստանում այլեւս գործարարներ են, ինչեւէ, այդ ազնիվ աշխատավորների հնարավորություններին, որոնց մի մասը դատվում է ապօրինի հարստացման տարատեսակ մեղադրանքներով, նրանք կազմակերպում են գրեթե նույնը, ինչ անում էին Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը 2017 թ․ ընտրություններին։ 

Թաղ առ թաղ դիտարկելու դեպքում կտեսնեք, որ նույնիսկ «ձայնային ձեռներեցներն» են նույնը, իհարկե՝ հինգ տարի մեծացած, բայց ունենալով իրենց հետեւից եկող վստահելի սերունդ՝ ուսերին փոքր պայուսակներ եւ «վախ մորս արեւ» պռիչյոսկաներով։

Այս վերջինը՝ «վախ մորս արեւը», պետք է հատկապես արտաբերել քթի մեջ, մորս մասը ծոր տալով, հակառակ դեպքում դուք այդ ենթամշակույթի մուտացված ենթամնա դառնալու շանսեր չունեք։

ՔՊ-ին եւ 2017-ի ՀՀԿ-ին միավորում է նույն՝ ոչ թափանցիկ գործելաոճը, օլիգարխների, թաղային ու կլանային հեղինակությունների վրա հույս դնելը եւ սեփական թեկնածուին գործունյա խոհեմության անհույս երանգներ հաղորդելու փորձերը։ Ի դեպ, քանի որ խոսք գնաց ՔՊ թեկնածուի մասին, ապա եթե ուշադիր լինեք, նա քարոզչական պաստառներում է անգամ մի քիչ ծերացրած, մեծացված, որ խոհականություն հաղորդի արշավին։

Իսկ որպես քաղաքական ֆիգուր՝ ՔՊ թեկնածուն դիրքավորվել է «ժառանգորդ» միֆով։ Տպավորություն է, որ Երեւանի ընտրություններում նա ոչ այնքան քաղաքապետի խնդիր է փորձում լուծել, որքան «ժառանգորդի»։ Սա, բնականաբար, չի կարող դուր գալ տակավին ուժերի ծաղկուն շրջանում գտնվող «առաջնորդին»։ Եւ առաջնորդը կարող է զայրանալ։ 

Ինչևեւէ, հետեւելով այս փուլի գործընթացներին, կարող ենք փաստել, որ մեզ սպասում են բավականին «դինջ» ընտրություններ՝ ՀՀԿ-ական մոտիվներով, որտեղ դեռ միայն ուղիղ ընտրակաշառքը չկա եւ բացահայտ ահաբեկումը։

Մնացած բոլոր ատրիբուտներն առկա են։ Իսկ մյուս՝ 13 ուժերի վարքագծին հետեւելով, տպավորություն է, որ նրանք առաջադրվել են հերթական անգամ լեգիտիմացնելու գործընթացները, որոնց մենք ավելի լուրջ ենք վերաբերվում, քան առաջադրված ուժերը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am