Մաղձը

Վահրամ Թոքմաջյան

Սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ բնույթի ճգնաժամերը հասարակության պատմության անքակտելի մասն են։ Անցնող չորս տարիների ընթացքում հայաստանյան հասարակությունն անցավ երկու խոշոր ցնցումների միջով, որոնցից առաջինը հեղափոխությունն էր, երկրորդը՝ պատուհասած Արցախյան պատերազմը։ 

Թվում էր, թե առաջինը բնույթով դրական երևույթ է, քանի որ լճացած գործընթացներին կարծես այլընտրանք չկար։ Սակայն իրերի խորքում այն ունի բազմաթիվ բացասական շերտեր, որոնց անդրադառնալու համար չի բավականացնի մի ամբողջ աշխատություն։ 

Այդ բացասական շերտերից ամենաակնառու դրսևորվեց հիասթափությունը։ Հիասթափությունները հեղափոխությունների անբաժան ուղեկիցներն են, քանի որ հարթակային խոստումներին ու բարձր նշաձողերին գալիս է փոխարինելու նորին մեծություն իրականությունը։ 

Մարդկանց մեջ առաջանում է արդարության զգացողության օբյեկտիվ պակասորդ։ Անարդարության այդ խտացած զգացողությունն ի վերջո փոխակերպվում է հանրային վարքագծի։ Կրկնում եմ՝ սա դրսևորված շերտերից միայն մեկն է։ 

Սրան գումարում ենք նաև պատերազմի աղետը, որի հետևանքները դեռ շատ երկար ենք կրելու։ Շատերին թվում է, թե հասարակության հիշողությունն ամեն օր կարճանում է և գործում ընդհատ։ Նրանք ճիշտ են, երբ խնդիրը վերաբերում է օրվա տեղեկատվությանը, փոքրիկ սկանդալներին, քաղաքական տեքստերին։ Իսկ պատերազմի հետևանքների մասով այդպես կարծողները սխալ են, քանի որ այն անդառնալիորեն տրանսֆորմացրել է մեր մտածողությունը։ 

Մենք ամեն օր, ուղղակի թե անուղղակի դրա հետևանքների կրողն ենք, անկախ այն հանգամանքից՝ դա ընկալո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Եթե Հայաստանն այսօր հասցե չունի, ապա դա հենց պատերազմում պարտության հետևանքն է։ 

Եթե երրորդ երկրները խոսում են մեր մասին՝ մեր կարծիքն անգամ հաշվի չառնելով, ապա դա կրկին պատերազմում պարտության հետևանքն է։ Շարքն անընդհատ կարելի է շարունակել, սակայն այն ոչնչով չի սփոփի սկզբնական պնդումը՝ պատերազմում պարտության հետևանքը։ 

Այս ճգնաժամի էական անկյունաքար է նաև այն հանգամանքը, որ ոչ ոք քաջություն չունեցավ պատերազմի պարտության բեռն իր վրա վերցնելու, պատասխանատվություն կրելու։ Իսկ դա ստիպում է, որ բոլորս պտտվենք նույն կետի շուրջ։ 

Այս հետևանքները կուտակվում և վերածվում են մաղձի։ Այդ մաղձն առկա է անձնական, խմբային, հասարակական, ասել կուզի՝ բոլոր մակարդակներում։ Իսկ մաղձի անբաժան ուղեկիցն է սխալվելը։ 

Անարդյունավետ սխալվելը։ 

Հայաստանում սխալվում են բոլորը՝ իշխանությունը, ընդդիմությունը, հանրային դեմքերը, մենք՝ շարքային քաղաքացիներս։ Խոսքը սովորական, առօրյա, պարզ մարդկային սխալների մասին չէ։ Խոսքը գործընթացներից բխող սխալների մասին է։ Նաև սխալների, որոնց հիմնավորումը նույնիսկ ամենաանկեղծ պահերին չունենք։ Այսինքն՝ առաջ է գալիս շփոթի սխալը։ 

Եթե անձնային մակարդակում սխալները կարող են անդառնալի հետևանքներ չունենալ, ապա քաղաքական էլիտաների մակարդակում դրանք ավելի են խորացնում ճգնաժամը։ Մեզանից մի քանի դար առաջ Լոուրենց Պիտերը նկատում է․ «Պաշտոնական հիերարխիայում յուրաքանչյուր պաշտոնյա միշտ միտում ունի հասնելու այն աստիճանին, որտեղից սկսվում է նրա ոչ կոմպետենտությունը։ Նա աշխատում է անել ամեն ինչ՝ հասնելու այն մակարդակին, ուր այլևս լինելու է բացարձակապես անարդյունավետ»։ 

Պիտերի այս նկատառումը կիրառելի է հայաստանյան քաղաքական գործող բոլոր էլիտաների՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասով։ «Պաշտոն» բառն այստեղ ընկալելի է որպես քաղաքական-հասարակական գործընթացներում դերակատարում ունեցող անձ։ Իսկ այդ անհամարժեքությունը չի կարող հետևանքներ ուղղել։

Գալով խնդրո առարկա թեմային՝ հարկ է արձանագրել, որ այսօր Հայաստանում կա հասարակական խորքային ճգնաժամ (պնդումը հոգեբաններին դուր գա, թե ոչ, դրանից էությունը չի փոխվում)։ Այս ճգնաժամի մասնատերերս ընտրում ենք անհասցե թիրախներ, քավության նոխազներ ու կարծում ենք, թե որևէ խնդիր լուծեցինք։ 

Դա շատ լավ հասկանում են իշխող էլիտաները։ Հիսուսի արձանի մասին հազարավոր ստատուսները և կարծեցյալ ընդվզումները ձեզ վառ օրինակ։ 

Սակայն իրականության մեջ այդ ամենն առ ոչինչ է, չի պարունակում որևէ լուծում և տեղապտույտից դուրս գալու խղճուկ փորձ չէ անգամ։ 

Կուտակված համրաշարժ էներգիան մի օր ուղղորդվելու է և պայթի։ Սա նույնպես պատմության շղթայի անկասելի օրենքներից է։ Այստեղ խնդիրը միայն մեկն է՝ այն կպայթի ի նպաստ հանրությա՞ն, թե՞ հերթական անգամ՝ ի վնաս հանրության։ 

Հասարակությունները կենսունակ են նաև ճգնաժամեր հաղթահարելու կարողությամբ։ Սակայն դրանք հենց այնպես՝ անդեմ ու հախուռն չեն լինում։ Ուղիները մշակում են ինտելեկտուալները, իրագործում՝ էլիտաները։ 

Հասարակական ճգնաժամից դուրս գալու առաջին քայլն այդ ճգնաժամն ընդունելն է, իսկ հետո արդեն՝ հասարակագիտական մտքի միջոցով գնահատելը, ուղիներ մշակելը։ Ցավոք, այդ ուղղությամբ այսօր որևէ քայլ չի արվում։ Իշխանությանը ձեռնտու է մաղձի անհասցե սփռումը, ընդդիմությանը հարմարավետ է պատասխանատվություն չունենալը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am