Պատմությունը դարձավ պատմություն

Վահրամ Թոքմաջյան

Ցանկացած փոփոխություն, հատկապես կոնֆորմիստ ոլորտներում, արժանանում է դիմադրության։ Այդպես եղավ նաեւ դասագրքերի փոփոխության պարագայում։ Սույն ակնարկը գրում եմ ստիպված՝ հաշվի առնելով, որ դաշտում խառնվել են թացն ու չորը, իրականն ու անիրականը, իսկ բուն բովանդակությունը երրորդվել է։

Ամենամեծ աղմուկը հանել է Սմբատ Հովհաննիսյանի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը։

Նախապատմություն

Տարիներ շարունակ դասագրքի շուկան Հայաստանում եղել է օլիգոպոլիա։ Այն կենտրոնացած է եղել մի քանի խոշոր ընկերությունների ձեռքին, որոնք ստացել են բավականին թոթոլ շահույթ։ Իսկ այդ շուկայի տարեկան արժեքը միլիոնավոր դոլարներ են։ Հայաստանում կա 380.000-ից ավելի սովորող։ Հաշվեք, թե քանի առարկա են անցնում այդ սովորողները, բազմապատկեք գրքերի արժեքի թվով եւ բաժանեք հինգի։ 

Յուրաքանչյուր օղակում հինգ տարին մեկ գրքերի նոր մրցույթ էր, կամ թարմացվում էր գիրքը։ Այսինքն՝ որոշ ընկերություններ մի անգամ շահել էին ու մեխանիկորեն փող էին աշխատում՝ շատ քիչ ծախսի պարագայում։ 

Որոշ դասագրքերի բովանդակությունն անգամ Հայաստանում ստեղծված չէր, այլ պարզապես էժանով առած էր թարգմանության իրավունքը։ Ըստ օդում կախված լուրերի, չար ու բարի լեզուների՝ հատկապես հումանիտար ոլորտի դասագրքերը «մկրտություն» էին ստանում նաեւ եկեղեցու կողմից, եւ օրհնություն մի «բարեկամ» երկրի հատուկ ծառայությունների կողմից, որը խորհրդային ժամանակ КГБ էր կոչվում։ Եթե անգամ այդ օրհնությունը չէին ստանում, ապա գոնե գրվում էին այնպես, որ «փրկիչ հիւսիսոյ»-ն հանկարծ չնեղվի։ 

Անհատ հեղինակները, հեղինակային խմբերը, պարզապես մասնագետները չէին կարող դասագիրք գրել ու մասնակցել մրցույթների։ Ամեն ինչ արված էր խոչընդոտելու համար։ Արդյունքում՝ տարրական դասարանների դասագրքերի համար վճարում էր պետությունը, տարրականից բարձր օղակների համար՝ ծնողը, վայելում էին մի քանի կազմակերպություն եւ մի քանի անհատ։ Անուններից դեռ խուսափենք։ Իսկ ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ հանրակրթությունը Հայաստանում անվճար է։

Ի՞նչ փոխվեց

Շուկան ազատականացվեց, եւ բազմաթիվ անհատներ կամ հեղինակային խմբեր կարող են դիմել մրցույթների ու շահել։ Գրել դասագրքեր։ Դրա դիմաց նրանք ոչ թե կվճարվեն 200-300 հազար կամ, լավագույն դեպքում՝ 1 միլիոն, այլ կարող են շահել 6.300.000 դրամաշնորհ եւ օրինակների տպագրության գումարից որոշակի տոկոս։ Օրինակ ստեղծելու ծախսն էլ չի անցնում 500.000 դրամը։ Այսինքն այժմ, ցանկացած նախաձեռնող խումբ, որն ունի բավարար հմտություններ եւ պատրաստ է ժամանակ տրամադրել, կարող է դասագիրք գրել ու մասնակցել մրցույթի։ Այս նոր համակարգը քանդում է տարիներ շարունակ ձեւավորված ոլորտային օլիգոպոլիան, եւ, բնականաբար, մեծ աղմուկ էր լինելու։ Եվ եղավ։ Թուրքից սկսած, «կոռումպացված» պիտակով վերջացրած աղաղակեցին, բայց գործընթացը չկասեցվեց։ Գործընթացի հաջողության պարագայում՝ որոշ ժամանակ անց ծնողը չի վճարելու դասագրքի համար։

Ի՞նչ թերություններ կան

Թերություններ առկա են իրավական դաշտում, դասագրքին ներկայացվող տեխնիկական պահանջների դաշտում, որը լրացուցիչ բեռ է հեղինակների համար, ժամկետների հարցում եւ այլն։ Չէին կարող չլինել, որովհետեւ զրոյից փորձարկվում է նոր համակարգ։ Խնդիր է նաեւ մարդկանց նախաձեռնողականության պակասը։ Շատերը վարանում են գրել, դիմել կամ չեն հավատում օբյեկտիվությանը։ Կարծում եմ՝ հետեւողականության դեպքում սա էլ կուղղվի։

Խնդրահարույց է նաեւ հանձնաժողովների կազմը։ Հետագա դիտարկումները ցույց տվեցին, որ ընտրված մասնագետների որոշ հատված կարող է չընկալել նորարարությունները եւ գնահատել դասագրքերը՝ ելնելով ստանդարտ մոտեցումներից։ Սա, ինչ խոսք, շատ վատ է։ Այսինքն՝ կլինեն շատ լավ մշակված դասագրքեր՝ նոր շնչով, որոնք կարող են պարզապես կտրվել, որովհետեւ ստանդարտ չեն, կամ սանէպիդի աշխատողը լավ չի հասկացել։ Մասնագետները պետք է նաեւ գաղտնիություն պահեին։ Սակայն նրանցից ոմանք, հանձնաժողովներում ներառվելուց հետո, այդ մասին իրենց դիմամատեանային մագաղաթներում հայտարարեցին ի լուր աշխարհի։

Գալով պատմությանը

Շատ շատերը, բժշկական նշտարները ձեռքերին, կաթոլիկ եկեղեցու լիցենցիատի դեմքով ընկան Սմբատի գրած դասագրքի ջանը, որոշ դեպքերում՝ հենց Սմբատի ջանը։ 

Քաղաքական համատեքստ

Սմբատի դասագրքի շուրջ շուրջ ստեղծված աղմուկն ավելի շուտ քաղաքական է, քան գիտական, մանկավարժական կամ մեթոդական։ Այդ աղմուկն ուղղված է նախեւառաջ փոփոխություններին։ Ֆլեշմոբի կամ ֆլեշբոմբի մասնակիցների 80 ու ավելի տոկոսը չի կարդացել այդ դասագիրքը, որեւէ հոդաբաշխ հիմնավորում չի կարող տալ, թե ինչո՛ւ է դեմ։ Կա միայն աղմուկ, որը, նորից եմ կրկնում, որոշ բացառություններով (օրինակ՝ Ուրարտուի շրջանի վերաբերյալ արձագանքը) կապ չունի դասագրքի հետ։ Ոլորտային «մաֆիա» է կազմաքանդվում, եւ առանց աղմուկի կամ ցնցումների հնարավոր չէ։ Պարզապես «մաֆիոզներից» շատերը այդ ժանրին բնորոշ ոճով հանդես չեն գալիս առաջին դեմքով։ 

Ֆեյսբուքյան ինտելեկտուալները կամ մտահոգ լրագրողները

Աղմուկի հիմնական պատճառներից մեկը քարտեզն է։ Սմբատն իր պարզաբանումներն ունի։ Ես նրա փաստաբանը չեմ։

Կեղծիք. «դասագրքերն ուշացրել են, որ Արցախը տան, հետո նոր քարտեզ դնեն մեջը»։

Իրականություն. դասագրքերը ստեղծվել են մինչեւ 2023 թ. ողբերգական իրադարձությունները։ Ավելին՝ դասագրքերի տպագրության մրցույթներն ավելի շուտ են անցկացվել, քան բովանդակության մրցույթները։ Այսինքն՝ հրատարակիչներն արդեն մայիս-հունիս ամիսներին գիտեին, թե որ դասարանի որ գիրքն են հրատարակելու։ Իսկ բովանդակային մրցույթներն ամփոփվել են հունիս ամսին։ Ավելին, դասագրքի 16-րդ էջում հանդիպում ենք հետեւյալ ձեւակերպմանը. «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր կազմում ընդգրկում է Արցախ, Ուտիք եւ Սյունիք նահանգների փոքրիկ մասը»։ 

«Ազոխի քարանձավից 700.000 տարի առաջվա մարդու ոսկորներ են գտել, իրանք եկվորության տեսություն են գրում»։ Ազոխի քարանձավից կամ Եղվարդից կարող են գտնել նաեւ 1 միլիոն տարի առաջվա ոսկորներ, բայց դա չի նշանակում, որ այդ ոսկորները հադրութցու են կամ եղվարդցու։ Այս վիթխարահասակ մտքերը գեներացնողները փաստորեն երբեք պատմության դասագիրք չեն բացել կամ բացել են ու չեն հասկացել։ Նախորդ բոլոր դասագրքերում առկա են հայ ժողովրդի ծագման տեսությունները, վարկածները, լեգենդները։ Իսկ թե ինչո՛ւ են միայն հիմա ընդվզում, կարծում եմ՝ որոշակի ինտելեկտ ունեցող չորրորդ դասարանցուն էլ է պարզ։

Պարզապես հայ հասարակության զգալի մասն առաջին մասնագիտությամբ պատմաբան է, իսկ մարտնչողների մի զգալի հատվածի համար բոլոր ժողովուրդները ծագել են հայերից, այդ թվում՝ Քրիստոսն էլ էր հայ։

Գիտական համայնք

Երբ այս կամ այն գիտնականը որեւէ շրջանի վերաբերյալ ունի նոր եզրակացություն, հայտնագործություն կամ մոտեցում, ապա անպայման ուզում է, որ այն տեղ գտնի դասագրքում։ Կարծես գործ ունենք 30.000 պոտենցիալ պատմաբանի հետ, որոնց ուղեղի մեջ անպայման պետք է լցնել բոլոր չլուծված խնդիրները եւ Թեոդորոս Ռշտունու կոշիկի չափսը, որը ոչ ոք չգիտի։ Այս բանավեճերը եղել են միշտ ու կլինեն, քանի դեռ կա պատմությունը։ Այլ բան է, երբ խոսում ենք հիմնավորված մոտեցումների եւ խնդիրների մասին (տե՛ս Միքայել Բադալյանի գրառումը)։

Միշտ պետք է նկատի ունենալ, որ գործ ունենք հանրակրթական դպրոցի հետ։ Այս դեպքում՝ յոթերորդ դասարանցու հետ, որը բնավ մեղավոր չէ մեր գիտական բանավեճերի կամ ակադեմիական լեզվի ճամարտակությունների համար։ Խոսքն իհարկե ակնառու սխալների մասին չէ։ 

Բուն գրքի մասին

Բուն դասագրքի վերաբերյալ իմ կարծիքը, բնականաբար, սուբյեկտիվ է եւ որեւէ կապ չունի հեղինակի անձի հետ։ Դասագրքի լեզուն բարդ է։ Դա այն լեզուն չէ, որը հասկանում է այսօրվա 7-րդ դասարանցին։ Երբ մենք տեւական ժամանակ դասավանդում ենք միայն բուհում, ապա հետ ենք մնում այն լեզվից, որով խոսում են դպրոցականները կամ որը հասկանում են դպրոցականները։ Դա ունի իր բազմաթիվ խորքային պատճառները։ Սա հարցի միայն մի կողմն է։ Սրան գումարենք այն հանգամանքը, որ դասագրքում շատ են երկար նախադասությունները։ Այսինքն՝ գործ ունենք փիլիսոփայական բաղադրիչներով հարստացված լեզվի ու բարդ ընկալելի նախադասությունների հետ։ Այդ լեզուն ավելի շատ կպատշաճեր 10-11-րդ դասարաններին։

Առաջ քայլ է դասագրքի մեթոդական մասը։ Մեր բոլոր նախկին դասագրքերը չեն ունեցել նորմալ առաջադրանքներ։ Առաջադրանքներ ասելով հասկացել են միայն դասին առնչվող թիվ կամ գործողություն։ Այս դասագրքում մոտեցումը փոխված է, սակայն ունի խճողված հատվածներ եւ դժվար ընկալելի բաղադրիչներ։ Առաջադրանքների մի մասը չենք քննարկում էսթետիկ, շունիկների իրավունքների պաշտպանության կամ այլ հումանիստական նկատառումներից ելնելով։ Զուտ մեթոդական առումով դրանց մի մասի հետ մասնագետները կարող են խնդիրներ ունենալ, սովորողները՝ նույնպես։ 

Պատմական տեքստը «վախվորած է» ու բավական ստանդարտ։ Այստեղ կա բնականաբար չափորոշչի եւ ծրագրի մեղքի ահռելի բաժինը, սակայն հեղինակն ուներ ազատություն ստանդարտներից դուրս այլ մոտեցումներ ցուցաբերել, երբ հատկապես խոսում ենք քննադատական մտածողության կամ կարողունակություններ ձեւավորելու մասին։ 

Այդպիսի մոտեցում, մեկ անգամ, մեկ օրինակով՝ քրիստոնեության ընդունման թվի հետ կապված, ցուցաբերել է երջանկահիշատակ Բաբկեն Հարությունյանը։ 

Այն ժամանակ մեծ վայնասուն բարձրացավ, սակայն խիզախել անհրաժեշտ է։ Եթե անգամ հեղինակը փորձում է հատկապես նուրբ թեմաներով ստանդարտ տեքստեր գրել՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, կամ համոզված է բոլոր տեքստերի իսկության մեջ, ապա ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են հնարավորություն այլընտրանքային կարծիք եւս սովորողին տրամադրելու։ 

Հակառակ դեպքում, մենք գործ ունենք ստանդարտ տեքստի հետ, որոնք հարցեր չեն առաջացնում։ Կան գնահատականներ, որոնք հին են կամ հին մոտեցումների ժառանգություն։ Այստեղ չենք խոսում տեքստում առկա այս կամ այն թերությունների մասին։ Տեքստը նաեւ սյուժետային չէ՝ խնդիր, զարգացում, կուլմինացիա ձեւաչափն ըստ էության չկա։ Հասկանալի է, որ ծավալի խտությունը թույլ չի տալիս, սակայն լուծումներ հնարավոր է գտնել։

Մենք սովորաբար դասագրքերին նայում ենք սովորողի կամ պատմության տեսանկյունից, շատ հաճախ այն չենք դիտարկում ուսուցչի դիտանկյունից։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ դասագիրքը նաեւ գործիք է։ Աշխատանքային գործիք ուսուցչի համար։ Այս առումով, նոր դասագրքի գործիքակազմը թերի է ուսուցչի կիրառելիության տեսանկյունից։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am