Դարձ ի ֆիդայապետություն

Վահրամ Թոքմաջյան

Մերօրյա իրականությունը շատերը հակված են համեմատելու 1920-ական թվականների իրադրության հետ։ Ապաշնորհ ու անհեռատես կառավարում, բարոյալքված բանակ, բզկտված հասարակություն, տոտալ ապատիա և սեփական երկրում ապագայի անտեսանելիություն։ Կամ որ ավելի ճիշտ՝ դժնդակ ապագայի սպասումով՝ ապագայի բացակայություն։

Այս պնդումներն անողներն իրավացի են։ Սակայն իրավիճակը գնալով ավելի շատ նմանվում է 19-րդ դարին՝ ֆիդայականության ժամանակաշրջանին։ Մենք կարող ենք երկար քննարկել, թե ֆիդայիների որ գործողություններն էին ճիշտ, իսկ որոնք՝ սխալ, սակայն մեկ հարցի շուրջ կա կոնսենսուս՝ չունեինք պետություն, և ինչ-որ բան անել պետք էր։ Մեկ «բայց»-ով․ խոսքը վերաբերում է 19-րդ դարին։ 

Աննկարագրելի զրկանքներ կրելով՝ Ցեղասպանություն վերապրես, բոլշևիկյան ամբողջատիրության կապանքներից ազատվես, դեռ չծնված՝ Արցախյան առաջին պատերազմ հաղթես, ուսուցչին, գիտնականին, բժշկին, հրշեջին, ոստիկանին քիչ վճարես, գյուղական դպրոցում երեխային ուղարկես վարագույրով ծածկված զուգարան, որպեսզի պետություն ու բանակ ստեղծես, հասնես 21-րդ դար ու…

Պարզվի, որ դեռ ֆիդայիներ են անհրաժեշտ, պարզվի, որ մնացել ես 19-րդ դարում։ Պարզվի, որ պետության չգոյությունը իշխանության շարունակականության գրավականն է։

Նախորդ օրերի իրադարձություններն ասվածի վառ ապացույցն են։ Ընդհանրապես ոչ միայն նախորդ օրերի, այլ նաև մսխված վերջին երեք տարիների և պատերազմից հետո ոչինչ չխրատած մեկ տարվա ներկապնակի։ Չգիտեի՞նք, որ Ադրբեջանը շարունակելու է ամրագրել իր հաղթանակը։

Դա երեխային էլ էր պարզ։ Պարզ է նաև, որ հաղթող կողմն աշխատում է իր սահմանները գծել։ Թեկուզ պարտված, բայց որպես պետություն, որպես իշխանություն՝ դու ի՞նչ ես հակադրում դրան։ ԱԽՔ-ի, ԱԳՆ-ի ու ինչ-որ պատգամավորների միմյանց հակասող հայտարարություննե՞ր։

Եթե ֆիդայապետության ժամանակ գոնե երեք կուսակցություն էին միմյանց հակասում, այժմ՝ մեկ կուսակցության վեց տարբեր թևեր։ Ուստի նույնիսկ գործ ունենք ոչ թե ֆիդայապետության, այլ դասական քաղաքական կրետինիզմի հետ։ Մի իրավիճակ, երբ իշխանությունը հեդոնիզմի* տիրույթներում է, իսկ հասարակությանը համոզում է ապրել ատարաքսիայի* իրավիճակում, քանի որ ավելի վատ լինել չի կարող։

«Դեմարկացիա. այս պրոցեսը սկսվել է անցյալ տարի, սակայն ոչ Հայաստանի մասնակցությամբ»։ 

Վաղուց ժամանակն էր հասարակության հետ անկեղծ լինելու։ Որքան էլ ցավոտ՝ ուղիղ ասելու, թե ինչ է մեզ սպասում։ Սուտը քանդել է բոլորիս տունը և կշարունակի քանդել։ Ստի այս կծիկը նմանվում է խաղամոլի մոլագար վարքագծի, երբ վերջինս նույնիսկ ինքն իրեն է սկսում խաբել՝ սեփական անձից պարտքերի չափը թաքցնելով։

Իսկ նախորդ օրերի իրադարձությունների ժամանակ Ազգային ժողովի ամբիոնը Բեռլինի վեհաժողովի և Լացի պատի միջակայքում գտնվող մի տիրույթ էր, որտեղ ազգընտիրները հեկեկում էին, ճչում, հորդորում, բղավում, սպառնում, շանտաժի դիմում։ Խրիմյան Հայրիկի անկեղծ միամտությանը թերևս հակադրվեցին միայն անգլերեն ելույթ հնչեցնելով, իսկ լեզուն նույնն էր։ 

Բայց այստեղ նույնիսկ տրիվիալ կանոնների չիմացությունը ստիպեց սավառնել հոգեկան ցնորքներից անդին։ Առանց թումբանի պետության ներկայացուցիչները որոշել էին շանտաժի ենթարկել Ռուսաստանին, հետո ավելի խորացնելով երևակայությունը՝ հաթաթա տալով միջազգային կառույցներին, հնարավոր դաշնակիցներին ու անգամ չեզոքներին։

Գերմանացի ընկերս օրեր առաջ մի դիպուկ դիտարկում արեց․«Դուք՝ հայերդ, բարեկամներ գտնելու մեծագույն խնդիր ունեք։ Դուք չգիտեք, թե ինչպես է պետք շփվել այլ պետությունների և հասարակությունների հետ»։

90-ականների Ադրբեջանը գործում էր այն սխալները, որոնք հիմա անում են մեր թերուս իշխանավորներից շատերը։ Հենց այդ պատճառով էր, որ 90-ականների Ադրբեջանի լաց ու կոծը, հեկեկոցները և անթումբան սպառնալիքները լսող չկար։

1992 թ․ մենք կարողացանք բացատրել միջազգային հանրությանը և նույնիսկ Թուրքիային, թե ինչու պետք է վերցնենք Լաչինը։ 2021-ին մենք աշխարհին չենք կարողանում բացատրել, թե ինչու Ադրբեջանն իրավունք չունի մտնելու մեր պետության սուվերեն տարածք՝ Սյունիք։

***

*Հեդոնիզմ – ուսմունք, համաձայն որի մարդը ձգտում է միայն հաճույքների և խուսափում տառապանքներից

*Ատարաքսիա – հոգու հանգստություն

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am