Եթե թուրքը վերանար

Վահրամ Թոքմաջյան

Հարգելի՛ ընթերցող, ժամանակդ խնայելու նկատառումից ելնելով տեղեկացնում եմ, որ այս հակիրճ ակնարկն այն մասին է, թե ինչու է հասարակության մի զգալի զանգված իր գոյութենականությունը եւ կյանքի շարունակականության իմաստը կապում թուրքի լինելության հետ։

Լրատվական դաշտը ողողված է գլխագրերով, որտեղ հայ ըմբիշները, ծանրորդները կամ բռնցքամարտիկներն անընդհատ հաղթում են թուրքերին։ Հայոց եռագույնը ծածանվում է մեկ Ստամբուլում, մեկ՝ Անկարայում, երբեմն էլ՝ Անթալիայում։ 

Դեռ շնորհակալ ենք, որ այս վերջինի փոխարեն հոդվածագիրները «բանկ մը» տրաքացնելու (նկատի ունեմ Օտոմանյան բանկի գրավումը)  խիստ մանրակրկիտ հայրենասիրական նկրտումներից ելնելով չեն գրում. «Հայոց եռագույնը խոյաց» պատմական Դաշտային Կիլիկիայում»։ Թերևս դրա համար ունեն հարգելի պատճառ՝ պատմությունից եւ աշխարհագրությունից թերի գիտելիքները։ 

Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ բոլոր միջազգային հարթակներում, կյանքի բոլոր ոլորտներում միայն մենք ենք ու թուրքերը։ Ինչպես սիրված ֆիլմում է ասվում՝ «կարևորը մենք ենք ու Ամերիկան», այս դեպքում՝ Թուրքիան։ 

Դե, արանքի մանր-մունրներն էլ՝ քուրդ, ֆրանսիացի, կալմիկ, մուրսի, բանտու, գլուխ են պահում։ Ի՞նչ է սա, եթե ոչ հասարակական բարդույթ։ Բնականաբար հասկանում եմ մեր հասարակության հավաքական հիշողության արտացոլումները՝ կապված Ցեղասպանության հետ։ Ցեղասպանություն երևույթը աքսիոմ է, եւ դրա հետեւանքների վերաբերյալ պոլեմիկայի մեջ մտնելու որեւէ իմաստ չկա։

Սակայն մյուս կողմից՝ հաջողված են այն ժողովուրդները, որոնք քաջություն են ունեցել ուղիղ նայելու իրենց անցյալին, առերեսվելու պատմության հետ, հասկանալու եւ ըմբռնելու այդ պատմության բացթողումները եւ չեն ապրում անընդհատ պատմականության մեջ։ 

Պատմականության մեջ անընդհատ ապրելը մեր հավաքական նոխազերգությունն է։ Պատմության բազմաթիվ դրվագներ սակրալացված են, ու վայը տարել է նրան, ով փորձի այլ լույսի տակ արտահայտվել։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ գրականության ստեղծագործությունները մեզ հրամցվել են որպես պատմական ճշմարտություններ, եւ գրողների մի շարք նաեւ քաղաքական գործիչներ էին/են։

Շատ դիպուկ է նկատում Ռաֆայել Իշխանյանն իր հայտնի հոդվածում. «Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ՝ մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց. «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։

Մենք, ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ 19-րդ դարի այսպես ասած «հեղափոխությունը» պարտված է։ Պարտված է մեր քաղաքական կարճամտության, վերնախավի տմարդիության եւ բազմաթիվ այլ հանգամանքների պատճառով։ Ունենք այն իրականությունը, ինչ ունենք։ Եթե ունակ չենք առերեսվելու այդ իրականության հետ, ապա մնում է թուրքական կտորից դրոշ կարել ու անընդհատ վառել։ 

Թուրքի հետ հակադրությունը դնելով մեր գոյության առանցքում՝ ինչ-որ պահից մոռանում ենք ինքներս մեր մասին, մեր ապրելու մասին, ստեղծելու, արարելու, ունեցածը պահելու։ 

Մենք, ուզենք թե չուզենք, պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ թուրքը մեր հարեւանն է։ Խոսքն ընդհանրապես քիրվայության կամ եղբայրության մասին չէ։ Խոսքը փաստի մասին է։ Փաստը, որը շատ հաճախ դարձնում ենք պատմության quinta essentia-ն (հասկացությունն այս տեքստում կիրառվում է եթեր, դատարկ օդային տարածք իմաստով)։ 

Տպավորություն է, որ եթե մի օր արթնանանք, ու Թուրքիան գոյություն չունենա, կվերանա մեր գոյության, ապրելու իմաստն ընդհանրապես։

Բազմաթիվ գիտնականներ կանեն հանճարեղ գյուտեր: Միլիոնավոր հոգեբաններ կհեռանան այս կյանքից՝ տալով մարդու հոգեկերտվածքի նոր բնորոշումներ և բացահայտումներ: Արհեստական բանականությունը նոր հորիզոններ կնվաճի, սակայն չի կարողանա պատասխանել այն հարցին, թե ինչպես է հնարավոր «Արարատը մեր լեռն ա, Եղեռնը թուրքի բեռն ա…» երգի հոգեկռինչ մեղեդիներից մշակութային օրգազմ ապրել։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am