Դիմադրության մսխումը

Վահրամ Թոքմաջյան

Ադրբեջանական հերթական ագրեսիայի օրերին իմ ընկերներից ոմանք հրապարակային հարց հղեցին․«Ի՞նչ կարող եմ անել ես՝ որպես ՀՀ քաղաքացի»։ Մարդկանց նորից պատեց անզորության զգացումը։ Մի մասն արդեն բնազդաբար սկսեց «Սնիկերս» ու գուլպա հավաքել ճակատի համար, մյուս մասը սոցիալական կայքերում հախուռն վարք դրսևորել, երրորդներն ինքնաբուխ կամ ուղղորդված հավաքվեցին պատասխաններ փնտրելու ակնկալիքով, չորրորդները՝ պարզապես հայհոյել, հինգերորդները՝ լացել ու այսպես շարունակ։ Թվում է, թե մի ողջ հասարակության ախտորոշումն ատաքսիան է։

Իրականում հայ հասարակությունն արդեն վաղուց ապրում է մեկ օրվա ռեժիմով՝ անորոշության մեջ խեղդված։ Հայ մարդու ժամանակակից իրականությունն արհավիրքների իրականությունն է։ Լրահոսն իրականում աղետների մասին է։ Եվ դա ձևավորում է մեր բոլորիս գիտակցությունը։ Մենք անընդհատ արհավիրքի ենք սպասում ու ապրում դրա մեջ։

Այդ զգացողությունը կրկնապատկվում է, քանի որ ոչ միայն հասարակությունն է ենթարկված ատաքսիայի, այլև ողջ պետությունը։ Բոլոր նյարդային կենտրոնները խեղված են կամ ոչնչացված։ Մարդիկ չունեն կազմակերպիչ, ուղղորդող, գործողություններ հուշող, անգամ՝ իրականությունը հաղորդող, որքան էլ դա ողբերգական լինի։

Իսկ դա այդպես է, քանի որ իշխանությանը բնորոշում է քաղաքական թեթևամտությունը հատկապես պետական հարցերում, ընդդիմության մի մասը քսու է, մեկ այլ մաս տառապում է կրետինիզմով, իսկ ողջախոհ հատվածը չի կարողանում ասելիքը հասու ձևակերպել։

Հասարակությանը մնում է անկանոն շարժվել, սգալ կամ անմահ հերոս Շվեյկի օրինակով բավարարվել «Ազգային քաղաքականություն» թերթի երեկոյան՝ «Քածը» հավելվածով։ Պանդորայի արկղը իր ողջ ողբերգությամբ բացված է։

Ի հետևանք՝ կոտրվում են հասարակության ողջ դիմադրությունը, ներքին ռիթմերի շղթան՝ թողնելով գոյութենական երկու բնազդ։ Այն է՝ Հայաստանի սահմանի գիտակցումը և ամեն կերպ քաղաքացիական բախումներից խուսափելը։ Այս երկու ենթագիտակցական խոհականություններն են, որ այսօր միավորում են մեր հասարակությանը։

Այլ արժեքներ չկան։ Եվ եթե այսօր, ինչպես հետպատերազմյան Իրաքում էր կամ Աֆղանստանում է, փողոցներում չենք տեսնում պիկապների թափքերին թառած լաչակներով ավտոմատավորներ, ապա պետք է շնորհակալ լինել Վանոյին և հասարակության վերը նշված խոհականությանը։

Հասարակությանը միավորող բոլոր հեղինակությունները ոչնչացված են։ Իհարկե, խոսքն առանձին խմբերի մասին չէ։ Խոսքն ընդհանրապես՝ հասարակությանը միավորող հեղինակությունների մասին է։ Միով բանիվ, այդ հեղինակությունները պետք է անցյալ կամ մանկություն չունենան, այլապես կոչնչացվեն։

Նրանք պետք է լինեն Վահագնի նման, ծնվեն միանգամից բոց մորուսով, հակառակ դեպքում գոյություն ունենալու շանս չունեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ Արտաշես Առաջինը կամ Նժդեհն ապրեին մեր օրերում։ Ֆեյսբուքյան երեք ստատուս, մի քանի հոդված ու վերջ։ Թեոդորոս Ռշտունին երբեք չէր մարմնավորի Քեռի Թորոսի խոհեմ կերպարը, եթե ծնվեր մեր ժամանակներում։ Կբզկտեինք։ Կբզկտեինք այնպես, ինչպես միմյանց հանդեպ ենք՝ ոչնչացնելու և թամաշայի պահերին։

Ցանկացած անհատ, որն այսօր հեղինակություն դառնալու հայտ կներկայացնի, ցանկացած ուժ, որն այսօր որևէ բան համակարգելու հայտ կներկայացնի, պետք է նկատի ունենա վերոնշյալ երկու հավաքական խոհականությունները՝ սահմանի գիտակցումը և քաղաքացիական բախումներից ամեն կերպ խուսափելու ժողովրդի ենթագիտակցական խոհեմությունը։ Խարսխվելու այլ հնարավորություն պարզապես չկա։

Հակառակ պարագայում «Ի՞նչ կարող եմ անել ես՝ որպես ՀՀ քաղաքացի» հարցը կմնա օդում կախված չարագույժ ճոճվող անելանելի իրողություն։ Իսկ մենք, որ դժգոհում ենք անընդհատ պատմական ժամանակներում ապրելուց, կսկսենք մազոխիստական հաճույք ստանալ այդ դաժան պատմականության մեջ ապրելուց։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am