Հանգուցյալ էլիտաների հովիտ. Հայաստան

Վահրամ Թոքմաջյան

Հայոց պետականությունների կործանումների մասին խոսելիս հաճախ մեղավոր ենք կարգում մեկ անհատի եւ բավարարված անցնում առաջ։ Տպավորություն է, թե դավաճանության մեկ դրվագը, ինչ-որ արքայի կամ կաթողիկոսի քմահաճությունը բավարար են, որպեսզի մի ամբողջ պետականություն կործանվի։

Էլ ավելի խորանալով խնդիրների մեջ` հիմնական մեղավոր ենք հռչակում արտաքին «չար» ուժերին՝ ներքին անկարողունակությունը թաքցնելու մանկական միամիտ մոլուցքով։ Իհարկե այս ամենը միֆ է, քանի որ պետությունները չեն ստեղծվում մեկ օրում, հետեւաբար եւ չեն կարող կործանվել մեկ օրում կամ մեկ գործոնի պատճառով։

Պետրոս Գետադարձը կամ Վեստ Սարգիսը տեղով կրակ էլ դառնար, չէր կարող կործանել Բագրատունյաց պետությունը։

Եթե անգամ կարողացավ, ուրեմն այդ պետության հետ ինչ-որ բան այն չէր, հատկապես՝ ներքին ինստիտուտների առումով։ Իսկ այդ ներքին ինստիտուտների հիմնական պատասխանատուն էլիտաներն են` լինեն դրանք քաղաքական, կրոնական, տնտեսական թե քրեական։

Հենց այս էլիտաների անկարողունակության հարցը մեծապես բաց է մնացել մեր հասարակագիտական մտքի քննարկումներում։ Էլիտաները դարձել էին անկարողունակ եւ օտարված Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների կործանման ժամանակաշրջանում։ Խորենացու «Ողբը» նաեւ ու հատկապես էլիտաների այլասերվածության մասին է։ 

Այս ամենը մեզանից շատ դարեր առաջ հասկացել են հույները, հռոմեացիները, որոնք պետական համակարգերը պահպանելու համար տարատեսակ փորձարկումներ են կատարել, զարգացման նոր ձեւեր են ստեղծել հենց այդ էլիտաների միջոցով։ 

Էլիտաների ժամանակակից հասկացությունների հիմքերը դրված են իտալացի սոցիոլոգներ Գաետանո Մոսկայի, Վիլֆրեմո Պարետոյի եւ գերմանացի քաղաքագետ Ռոբերտ Միխելսի աշխատություններում։ Նրանց կողմից տրված հիմնական ձեւակերպումները, բնականաբար, կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել հատկապես հետինդուստրիալ հասարակությունների դեպքում, երբ շատերը հռչակված են ժողովրդավար, բայց էությունը մնում է նույնը։

Պոպերը դեմոկրատիայի խնդիրը համարում է էլիտաների նկատմամբ վերահսկողությունը։ Ժողովրդավարացման գործընթացի արդյունքում հասարակությանը հասանելի է դառնում կրթությունը, չեզոքանում են գենդերային տարբերությունները, տարիքը դառնում է ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց հնարավորություն։

Արդյունքում չեզոքանում են էլիտաների վերաշրջանառման կամ նորովի սակրալացման խոչընդոտներն ու ցենզերը։ Էլիտար փոքրամասնությունը դառնում է ավելի զանգվածային ու բաց։ Հարդյունս թելադրող է դառնում ժողովուրդը։

Սակայն այստեղ էական վտանգներ կան հատկապես Հայաստանի պարագայում։ 2018 թ. իրադարձությունների արդյունքում ես մեծապես ակնկալում էի նոր որակի մտածողության ձեւավորում, նոր իրողության մշակութային դրսեւորումներ։ Այլ կերպ ասած՝ մշակութային հեղափոխություն հասկացության ամենալայն իմաստով։

Պարետոն էլիտաներին բաժանում է «առյուծների» եւ «աղվեսների»։ «Աղվեսների» էլիտային բնորոշ է հասարակական դեմագոգիան, մանիպուլյացիան, լայն զանգվածների դժգոհության պարպումը կամ իրենց համար արդյունավետ ուղղորդումը։

Այս տեսանկյունից Հայաստանին արդեն տեւական ժամանակ է բնորոշում է «աղվեսների» էլիտայի առկայությունը։ Նույնը վերաբերելի է նաեւ կոնտրէլիտաներին (հակաէլիտա)՝ ընդդիմությանը։

Երկու դեպքում էլ գործ ունենք փոքր խմբերի հետ, որոնք բողոքավոր մեծամասնության շահերը չեն ներկայացնում։ Ավելին, երկու խմբերի անգործությունը կամ չգործությունը սպառնում է Հայաստանին։ Իսկ մեծամասնությունը միշտ անկազմակերպ է, որովհետեւ ունակ չէ սպառնալու կազմակերպված փոքրամասնությանը։

Ուստի, հասարակությունից կտրված այս երկու խմբերը, վերարտադրելով միմյանց, ըստ էության, կրկնում են այն պատմական սխալները, որոնք ունեցել ենք բազմիցս։

Ավելի պարզ ասած՝ առկա է ներկա եւ անցյալ իշխանական էլիտաների ներքին պայքար, որոնք կապ չունեն մեծամասնության դժգոհության հետ, բայց ձգտում են այն օգտագործել որպես սեփական նպատակներին հասնելու գործիք։

Այստեղ արդեն առաջ է գալիս էլիտաների օտարումը հասարակությունից, որն ամենավտանգավորն է պետության համար։ 

Զանգվածները երբեք ճշմարտության ծարավ չեն եղել։ Զանգվածները միշտ պահանջել են պատրանքներ, առանց որոնց ապրել չեն կարող։ Երեւութականը զանգվածների մոտ միշտ առավելություն ունի իրականության նկատմամբ։

Գոյություն չունեցողը, պատրանքներն ավելի շատ են ազդում զանգվածների վրա, քան սթափ իրականությունը։ Իսկ իրականության հետ բախումը զանգվածներին պատճառում են անդառնալի տրավմաներ, որոնք երկար ժամանակ չեն բուժվում։ 2020 թ. ողբերգական իրադարձությունները՝ վառ ապացույց։

Էլիտաների խնդիրն է նաեւ հաշտեցնել պատրանքն ու իրականությունը զանգվածների պատկերացումներում՝ թեկուզ կոշտ մեթոդներով։ Ըստ ամենայնի, քաղաքական անարդյունավետ էլիտային վերացնելու միակ ճանապարհը համընդհանուր հասարակական ինքնակառավարումն է։ Սակայն սա իրականության հետ կապ չունի։

Ուստի, արդի իրականության մեջ ավելի օգտակար է արդյունավետ էլիտաների պահանջը։ Այս սնանկությունը չի վերաբերում միայն քաղաքական էլիտաներին։ Հայաստանում այսօր չկան հոգեւոր, մշակութային կամ գիտական էլիտաներ։

Եթե անգամ կան, ապա դրանք փակ, մարգինալ խմբեր են, որոնք բավարարվում են միմյանց ծափահարելով, իսկ դեմոսի նկատմամբ էմանսիպացված խորշանք են տածում՝ անհասու լինելու պիրկ բարդույթով։ 

Ավելին, Հայաստանում չկան հեղինակություններ եւ չեզոք հաշտարարներ։ Գոյություն չունի գեթ մեկ անհատ, որն ընդունելի կլինի մեծամասնության կողմից։ Թեկուզ այդ անհատը չունենա քաղաքական հավակնություններ։

Այսպիսով, արտաքին վտանգներից զատ, մեզ նախեւառաջ սպառնում են ներքին խժռումը, մտքի սնանկությունը, էլիտաների կողմից պետությանն առնչվող օրակարգերի բացակայությունը կամ օրակարգերի թելադրումը։ Իսկ այս ամենը հանգեցնելու է չափազանց ծանր՝ փակ հետեւանքների։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am