Քաղաքական մտքի վաչկատունները

Վահրամ Թոքմաջյան

Ցանկացած կոնֆլիկտ, լինի միջազգային իրադրության սրում, պատերազմ թե Հայաստանին ուղիղ առնչվող երևույթ, վերակենդանացնում է քաղաքական մտքի վաչկատուններին։ Սրանք հանդարտ ժամանակներում ունակ չեն միտք զարգացնելու, բացի, թերևս, ազգին համախմբված կրակի բերան տալուց, իսկ հետո սեփական դիվաններից ու տաքուկ օֆիսներից ճամարտակելուց՝ թե մեզ չլսեցիք։ 

Հենց ձեզ լսեցին, որ էս օրն ընկան կամ ձեր կաղկանձող աղմուկից վախեցան։ Այս գիտակցական բռնության խրախճանքում պսևդոինտելեկտուալներին միանում են պարապ զանգվածները և հայկական մտքի գիգանտիզմը՝ յուր բորբոս դրսևորումներով պատրաստ է։ Քավ լիցի, ցանկացած ոք իրավունք ունի ասելու այն, ինչ ուզում է։ Ավելին՝ էշություն դուրս տալ, բայց դա այն դեպքում, եթե մի ողջ ազգի գազանի երախը չես տալիս կամ պատմականորեն կույր ձևանալով՝ անգամ հետին խելքի մաշկի բնազդը կորուսյալ չես դարձնում։ 

Վերջին շրջանի նման առիթներ են ռուս-ուկրաինական պատերազմը և խաղաղապահական խաղերի սրումն Արցախում։ Մարդը, բանական կենդանի լինելով հանդերձ, շատ հաճախ դրսևորում է վարքագծային սխալներ։ Մենք կարող ենք համակրանք ունենալ ուկրաինուհիների, ռուսական զորքի հզորության, վերայի, նատաշայի, օլյայի, նաստյայի ու անգամ զվերևի նկատմամբ։ 

Կարող ենք մնացած լինել դարավոր կամ այժմեական միֆերի պատրանքում։ Կարող ենք հորթի հրճվանքով հայհոյել ուկրաինացիներին՝ Ադրբեջանին ֆոսֆորային զենք տալու կապակցությամբ, բայց նույն բթությամբ կամ, դասականի ասած՝ հարմար կենդանու կարճ հիշողությամբ մոռանալ ռուսների կողմից վաճառած միլիարդների զենքն ադրբեջանցիներին։

Այս ամենը մարդկային է ու հասկանալի։ Բայց այս ամենից անդին կա իրականություն։ Իսկ այդ իրականությունը հետևյալն է՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, անկախ իր ելքից, ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Հայաստան նախագծի համար։ 

Սա է, որ այսօր ինձ հետաքրքիր է։ Հայաստան նախագծի գոյությունը։ Սա է, որ այդ պսևդոինտելեկտուալ վաչկատուններին կարծես հետաքրքիր չէ։

Եվ հենց այս զարգացումների ֆոնին, երբ իրադրությունը զուգահեռ սրվում է Արցախում, նրանք միանգամից գլուխ են բարձրացնում ու զարմանալի ճշգրտությամբ սկսում մաֆիա խաղալ։ Երբ վաղուց սև ես, բայց շերիֆ ես բացվում։

Այս հայեցակարգում՝ շերիֆ բացվելը, նույնականացվում է ռուսին քրֆելու հետ։ Քրֆելու տեղ իհարկե կա, բայց նայած ում կողմից։ Նրանցից որևէ մեկը չի համարձակվի ասել, որ այլևս չկա Արցախի հարց։ Եթե անգամ կա, Հայաստանն այդ հարցում սուբյեկտ չէ։ Այսօր արդեն կա Արցախում ապրող հայ բնակչության գոյության հարց։ Արցախի հարց կար մինչև 2020 թվականը։

Սակայն մենք մեր հավաքական համառությամբ կամ, որ ավելի ճիշտ է՝ մի խմբի բութ աղաղակների շնորհիվ լռեցրել ենք սթափության հնարավորությունը և եկել այս հանգրվանին։ Ուրիշ ոչ ոքի մեղադրել պետք չէ։ Արցախն այլևս ռուսական հենակետն է Հարավային Կովկասում։

Բարձրացեք երկինք, իջեք երկիր, հիշեք պատմության իմացած ձեր բոլոր հերոսներին, հայհոյեք ու աղաղակեք, երակներդ կտրեք, եթե կուզեք՝ սուիցիդի նոր՝ ավելի ստեղծական ձևեր հորինեք, դա իրավիճակը չի փոխելու։ Ռուսական կայսերական ընկալումներում այս տարածքը եղել ու մնում է նրանց ազդեցության գոտի։ Եվ դա սկսած 1828 թ.-ից, երբ ամեն ինչ ձևակերպվեց նաև թղթի վրա։ 

Եվ հիմա, եթե անգամ Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները մի կողմ դնեն փոխադարձ հակասություններն ու ատելությունը, արյան ուխտ կնքեն առ այն, որ հրաժարվում են Արցախի հարցից, միևնույն է՝ Ռուսաստանը դա պարզապես չի թողնի։

Չի թողնի, քանի որ դա, առաջին հերթին, Ադրբեջանի վրա նրա ունեցած վերջին լծակներից է։ Հայաստանի մասով խնդիր չկա։ Հայաստանն այլևս իրավազուրկ ռայա է ռուսական քաղաքականության մեջ։ Հատկապես վերջին սրացումների ֆոնին՝ դրսում սովորող ռուսների երեխաներին փող փոխանցելու պատուհան։ 

Ողբերգական ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանն այլևս չի կարող Չինաստանից ներքնազգեստ ներկրել առանց Ռուսաստանի համաձայնության, ուր մնաց թե Ռուսաստանի թիկունքում Արցախի հարցով խաղեր տալ։ Սա իհարկե հասկանում են ռուսական շահերը սպասարկող 5-րդ էշելոնի էշելոնավորներ, բայց վերջին խղճուկ փորձն են անում ամեն ինչ բարդելու «պիղծ Արևմուտքի» վրա։

Իսկ Ադրբեջանի պարագան ավելի քան պարզ է։ Ադրբեջանի գազի «վինտիլը» Ռուսաստանը փակել չի կարող այնպես, ինչպես կարող է փակել Արցախի գազի «վինտիլը»։ Նույնիսկ այստեղ է ամեն ինչ օրինաչափ։ Եթե տարածաշրջանային կայսրություն լիներ Մեծ Բրիտանիան կամ Մոնղոլիան, ապա վարվելու էին նույն կերպ։ Կարող է՝ մի քիչ ժպիտով, բայց իրերի էությունը չէր փոխվի, քանի որ դա է կայսրությունների գոյաբանության առանցքը։ 

Ու պետական համակարգի գոյութենական ճգնաժամի հանգրվանում մնում է միայն մեկ հարց՝ Հայաստանի գոյության հարցը։ Համաշխարհային այս փոթորիկում Հայաստանը նմանվում է մի ծակ մակույկի, մի տաշեղի, որն ունակ չէ որևէ կերպ դիմագրավելու ամենափոքր մակընթացությանն անգամ, էլ ուր մնաց՝ փոթորիկների։ Ա՛յ սա պետք է լիներ իրենց ինտելեկտուալ հռչակած մտքի վաչկատունների իրական քննարկման առարկան։ Համաշխարհային հեղեղի ոտքի տակ չմնալու նուրբ արվեստը, բայց…

Առաջին հանրապետության այրերը պակաս ազգասեր չէին։ Թող որևէ մեկը չփորձի ազգասիրության հայեցակարգում չափվել Հովհաննես Քաջազնունու հետ։ Նա իր կորուստներով է դա ապացուցել։ Բայց կույր ազգասիրությունը դեռ բավարար չէ ազգին փորձանքներից հեռու պահելու ու երկիրը չկորցնելու համար։

Ավելին, նրանցից ոմանք այնպիսի մեծագույն մղումով էին փորձում պահել պետությունը, որ անգամ բնական դաշնակից էին դիտարկում Թուրքիային (նամակները կան)։ Բայց դա չփրկեց Առաջին հանրապետությունը կործանումից։

Հարյուր տարի անց մեր մտքի ժանգը կարո՞ղ ենք մաքրել՝ պատճառներ հասկանալու ու հետևանքներից գոնե մասամբ խուսափելու համար։ Եթե ոչ, ապա հերթական անգամ ինչ-որ հայասիրական շրջանակներ կդատապարտեն Հայաստանի կործանումը, ավելի լալահառաչները մոխիր կածեն սեփական գլուխներին, իսկ Լոսից էլ էժանագին սերիալի մի դերասանուհի հոգու կռինչը կարտացոլի հերթական հեծեծալից ստատուսում։ 

Հ․ Գ․ Հետաքրքիր է, դեռ դպրոցներում անցնո՞ւմ են Համո Սահյանի

Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում 

Սեփական հոգին խորովել չկա

տողերը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am