Գոյության տարածք. Գրիգորի Աֆանասյանն ու վարդաբույր աշխարհը

Ստեփանակերտի ծայրամասերից մեկում գտնվող Աֆանասյանների տան մոտով անցնելիս եթե անուշ վարդաբույր էր տարածված, նշանակում է ավագ Աֆանասյանը կրկին գործի էր անցել։ Այգում սեփական ձեռքերով աճեցրած վարդի թերթիկները խնամքով հավաքում ու ոչ մեկին չէր վստահում, ինքն իր ձեռքով վարդից համեղ մուրաբա ու հյութ էր պատրաստում։ 

«Մայրս Թիֆլիսից էր, ինքն էր պատրաստում վարդի մուրաբա, ես էլ միշտ նայում էի։ Հետո որոշեցի մանկությանս համն ու հոտը հետ բերել ու սկսեցի պատրաստել։ Շատ լավ էր ստացվում, ով ուտում էր, ասում էր՝ էլ չկա՞»,- ժպիտով հիշում է Գրիգորի Աֆանասյանը։ 

Գրիգորի Աֆանասյանը քաղաքական գործիչ էր, Արցախի պետական համալսարանի աստղաֆիզիկական աստղադիտարանի վարիչ, պրոֆեսոր, ու Ստեփանակերտում բոլորը նրան որպես սկզբունքային ու վերլուծական լավ միտք ունեցող մարդ գիտեին, բայց նաև հողի հետ աշխատելու մեծ սեր ուներ։ 

72-ամյա Գրիգորին Ստեփանակերտում 2 հա հողամաս ուներ։ Պտղատու ծառերն ու հատուկ տեսակի վարդը իր ուսանողները Բագիմ Սարո հայկական գյուղից էին բերել, դամասկոսյան վարդեր էին, որ ամեն տեղ չես գտնի, ու արդեն 10 տարի է՝ ինչ իր այգում էին աճում։ Սկզբում թերթիկները հանձնում էր արցախցի արտադրողներից մեկին, հետո որոշեց ինքնուրույն պատրաստել։ 

Արտադրությունը մեծ չէր, հյութն ու մուրաբան՝ միասին մոտ 400 շիշ։ Պատմում է՝ 100 գրամ թերթիկներից 1 կգ մուրաբա էին ստանում, ավելի քան 5 կգ թերթիկ էին հավաքում այգուց։ Մի մասն էլ նվիրում էին հարազատներին ու բարեկամներին։ Ինքն ավելի շատ արտադրական գործընթացից էր հաճույք ստանում, քան վաճառքից։ Այգու մյուս բարիքներից տարատեսակ մուրաբաներ պատրաստում էին, բայց միայն տան համար, իսկ վաճառքի համար միայն վարդն էր։ 

«Մեր այգին բլոկադայի օրերին իսկական փրկություն էր։ Ամեն ինչ ունեի՝ մրգեր, բանջարեղեն, ու ոչ միայն մենք էինք ուտում, այլև բաժանում էինք մարդկանց։ Նույնիսկ երբ սեպտեմբերի 20-ին դուրս էինք գալիս մեր տնից, լիքը բերք ու բարիք, փակած մուրաբաներ կային, չկարողացանք ոչ մի բան վերցնել»,- ասում է Գրիգորի Աֆանասյանը։ 

Գրիգորին ասում է՝ Արցախի իր սիրելի տանից միայն համակարգիչն է վերցրել ու մի քանի կիլոգրամ չորացարծ վարդի թերթիկներ։ Ինքը տնից դուրս գալ չէր ուզում, դուստրն է միայնակ ապրող հորը ստիպելով տնից դուրս հանել։ 

Բռնի տեղահանվելուց հետո վարդերի լեզուն լավ հասկացող գիտնականը տեղափոխվել է Արտաշատի Մխչյան գյուղ։ Արցախից բերված վերջին վարդերի չորացրած թերթիկներից էլի մուրաբաներ էր պատրաստել, ասում է՝ ամեն ինչ փոխվել է, առաջվա սիրտն ու տրամադրությունը չունի, բայց անուշահամ մուրաբաներն օգնում են գոնե մի քիչ ցրվելու առօրյա հոգսերից։

«Շատ չէ, ընդամենը 5 բանկա մուրաբա էի պատրաստել Հայաստանում, 5-ն էլ արագ վաճառվեց,- ասում է նա,- ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ սիրտ ունեմ, բայց սաղ կորցնելուց հետո հո չեմ թողնի, որ սա էլ կորի»,- ասում է նա։ 

Նպատակ ունի. Արցախից բերված վարդի չորացրած թերթիկներից մի քիչ էլ դեռ ունի պահած, դրանցով էլ անպայման մուրաբա կպատրաստի, վաճառքից հավաքված գումարն էլ կհավաքի ու իր նոր այգում վարդի նոր թփեր կտնկի։ 

Հիմա դեռ հոգեբանական դժվարությունները շատ են, ուշքի չեն եկել։ Տեղահանությունից հետո գլխում միայն մեկ միտք է պտտվում՝ վերադառնալ հետ՝ հայրենի Արցախ։ 

«Հայաստանն էլ է լավ տեղ, բայց իմ հայրենիքն այնտեղ՝ Արցախում էր։ Մտքիս դրել եմ, որ հենց ճանապարհները բացվեն, հենց հնարավորություն լինի, իմ տուն, իր այգին եմ վերադառնալու»,- նշում է նա։ 

Ասում է, որ լրիվ պատկերացնում է, թե ոնց հետ կգնա Արցախ, նույնիսկ արդեն ծրագրեր է գծել՝ այնտեղից վարդի թփերը կուղարկի աղջկան, որ Մխչյանում ազատ թողած հողի վրա տնկի ու վարդի մուրաբաների գործը այստեղ էլ շարունակի։ 

«Ես այստեղ՝ Հայաստանում էլ արդեն հողամաս ունեմ ու անպայման իմ վարդերից եմ գտնելու, բերեմ այստեղ էլ ցանեմ։ Մուրաբաներս այստեղ էլ եմ սարքելու։ Հիմա դեռ Հայաստանում մեծ ընթացք չեմ տվել, որովհետև մարդիկ հայրենիք, տուն-տեղ են կորցրել, մուրաբայի հավես չունեն, բայց ես իմ տարիների գործը էլի կշարունակեմ»,- վստահեցնում է նա։

Առաջին ու առայժմ միակ հայ գնորդները գոհ են մնացել համից, ասում է, ու երբ մարդիկ իմանում են նաև վարդի մուրաբայի առողջարար հատկությունների մասին, հետաքրքրությունն ավելի է մեծանում։ Վարդի մուրաբան սրտի համար է լավ, ասում է և հավելում, որ վարդի ծաղկաթերթերը պարունակում են մոտ 300 տարբեր տեսակի նյութեր, եթերային յուղեր, վիտամիններ։ Վարդի թերթիկի մուրաբան նաև հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ ունի։ 

Արցախի մասին խոսելիս Գրիգորին ափսոսանք է հայտնում, որ շատ կուզեր իր անուշահոտ վարդերի թփերը գոնե կարողանար Հայաստան բերել, բայց չի կարողացել, քանի որ մեքենայի մեջ տեղ չի եղել: 

Վարդերի իր աշխարհի, գործի մասին Գրիգորի Աֆանասյանը մեծ սիրով է խոսում: Ասում է՝ Արցախում մուրաբաների ու հյութերի պատրաստումը նույնիսկ դստերը չէր վստահում, բայց վաճառքի հարցերում նրան դուստրը՝ Մարգարիտան էր օգնում։ 

Վարդաբույր մուրաբաների հաջողությունը, բիզնեսը ընդլայնելու գաղափարը  Մարգարիտայինն էր: Մտածում էին գործընկերներ գտնելու, արտադրանքը արտահանելու մասին, քանի որ հետաքրքրությունը մեծ էր: Սակայն 2023-ի իրադարձությունները շատերի ծրագրերը կիսատ թողեցին՝ ստիպելով ամեն ինչ սկսել նորից ու նոր էջից։

«Արցախցին հիմա շատ է կոտրված, բայց ես գիտեմ, որ դեռ ամեն ինչ լավ է լինելու, ու արցախցին իր հողում է ապրելու։ Արցախցին միշտ էլ կարողացել է իր մեջքն ուղղել ու ամեն դժվարությունից մի նոր հնարավորություն ստեղծել, ինչպես բլոկադայի օրերին բոլորը սկսեցին հող մշակել»,- ասում է քաղաքագետը։

Հիշում է նաև, թե ինչպես էին բլոկադայի օրերին մեկը մյուսին թիկունք լինում, միմյանց օգնելով օրերը գլորում։ Շաքարավազի սուղ պայմաններում էլ ավագ Աֆանասյանը իր պահուստավորած շաքարավազով շարունակում էր մուրաբաներ եփել ու բաժանել։ Հոկտեմբերին պետք է նաև այգու հերթական բերքը հավաքեր, չհասցրեց։ 

«Ամեն դժվարություն էլ մարդու համար է, ամեն ցավի էլ կարելի է դիմանալ, բայց հայրենիքի կորուստը հոգիդ մաշող ու նմանը չունեցող ցավ է։ Վերքդ չի փակվի, քանի դեռ ոտքդ հարազատ հողին չես դրել, բայց ինչ էլ լինի, իմ արցախաբույր վարդերի մուրաբաները դեռ շատերն են համտեսելու ու նաև՝ Արցախ հողում»,- ասում է նա։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am