Կառուցելով կամուրջներ. «Ամեն անգամ թվում է, թե ավելի ծանր դեպքի չես հանդիպի». Հասմիկը՝ լռության, հանդուրժողականության և ուժի մասին

Մասնագիտությամբ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հասմիկ Գևորգյանը, երբ 14 տարի առաջ բռնության ենթարկված կանանց աջակցման ծրագրում աշխատելու առաջարկ ստացավ, չէր էլ պատկերացնում, թե ինչ ճանապարհ է իր համար նախագծել ճակատագիրը։ Մշտապես խնդիրների, հույզերի, լուծումների փնտրտուքի և մարդկային բարդ ճակատագրերի արանքում, Հասմիկն այսօր ասում է, որ երբեք չի զղջացել իր որոշման համար: 

«Երբ ինձ առաջարկեցին բռնության ենթարկված կանանց աջակցման ծրագրերի ղեկավար դառնալ, ինձ համար շոկային էր։ Ասացի, որ նույնիսկ «բռնություն» բառը չեմ լսել, բայց չհրաժարվեցի։ Ընթացքում հասկացա, թե մեզ շրջապատող աշխարհում ինչքան բռնության, սպանության դեպքեր կան, որոնք չենք ընկալում որպես բռնություն»,- պատմում է Հասմիկը։ 

Հասմիկ Գևորգյանը Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավարն է:

Հիշում է՝ «սկզբում շատ էի ըմբոստանում, երբ տեսնում էի բռնության ենթարկվող կանանց, որոնք հանդուրժում են ու լռում»: Սակայն նշում է, որ հետո հասկացավ, որ կինը ինքը պետք է քայլ առ քայլ գիտակցի ու մոտենա այդ անկախությանը։ 

«Եթե ընտրել ես այս ճանապարհն ու աշխատում ես բռնության ենթարկված կանանց հետ, պետք է համբերատար ու հանդուրժող լինես։ Նաև շատ կարևոր է կնոջ հետ աշխատելիս նախապաշարումներ չունենալ: Քեզնից էներգիա վերցնողն էլ են կանայք, տվողն էլ։ Ամեն մի հաջողության պատմությունը ուժ ու էներգիա է տալիս շարունակելու այս գործը»,- նշում է նա։

«Ուր գնում եմ՝ ծնունդ, կնունք, արդեն սովորել եմ, որ ինչ-որ մեկը ինձ առանձնացնելու է ու հարցեր տա,- ծիծաղում է նա,- սա վատ ցուցանիշ է, որ ցույց է տալիս, թե ինչքան շատ է բռնությունը։ Նույնիսկ գնում ես բժշկի, ու երբ իմանում են, թե որտեղ եմ աշխատում, բուժքույրը հետևիցս գալիս է, ասում՝ կարո՞ղ եմ մի բան ասել»,- պատմում է Հասմիկը։ 

Ամեն օր լսել մեկը մյուսից սարսափելի բռնության դեպքերի մասին, տեսնել արտասվող կանանց ու մարդկային դաժան պատմություններ, հեշտ չէ։ 

Հասմիկն ասում է՝ բացասական հույզերը հաճախ կուտակվում են, ու էմոցիաները հանելու, վերականգնվելու համար յոգայով է զբաղվում, շնչառական վարժություններ անում, ընթերցանությամբ զբաղվում: 

«Ամեն անգամ թվում է, թե ավելի ծանր ու վատ դեպքի չես հանդիպի։ Եղել են դեպքեր, երբ լացելու ցանկություն է առաջացել, բայց աջակցություն ցուցաբերողը պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա օգնել այդ պահին իրենից օգնություն սպասողին»,- ասում է Հասմիկ Գևորգյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերը աճել են ավելի քան 92 տոկոսով կամ գրեթե կրկնակի: ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով 2023-ին քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։

Հաղորդվում է, որ 2023 թվականին 14 կին է մահացել ընտանիքում տեղի ունեցած բռնության հետևանքով։

Օգնություն տրամադրելով և շատ կանանց փրկության ձեռք մեկնելով՝ կանանց աջակցություն ցուցաբերողները ևս հայտնվում են բռնարարների թիրախում: Հասմիկը նշում է, որ տարիների աշխատանքի ընթացքում քիչ չեն եղել նաև բռնության ենթարկված կանանց ամուսինների կողմից սպառնալիքները: 

«Մեզ համար վտանգի զգացողությունը միշտ կա, նույնիսկ փողոցում քայլելիս, տրանսպորտից իջնելիս սպասում եմ, որ բոլորն իջնեն, նոր՝ ես, զգացողությունը, որ քեզ կարող են հետևել, մենք միշտ աչալուրջ ենք»,- ասում է Հասմիկը։

Այսօր Հայաստանում երկու ապաստարան է գործում, որոնցից առաջինը բացվել է 2012թ., երկրորդը՝ 2019 թ. ու բավականացնում է մուտքերի ու ելքերի հաշվին։ Կանայք ապաստարանում մնում են մինչև 2 ամիս, սակայն կախված իրավիճակից ու կարիքից՝ այդ ժամկետը կարող է նաև երկարացվել։ Կանայք այստեղ ստանում են սոցիալական, հոգեբանական, իրավական աջակցություն, իսկ երեխաների համար ստեղծված են խաղերի ու կրթության համար անհրաժեշտ պայմաններ, ապահովվում է նաև հեռավար կրթություն։ 

Միայն 2023-ին կենտրոնը իրավաբանական աջակցություն է ցուցաբերել շուրջ 613 կնոջ, 265 կին և երեխա օգտվել է ապաստարանի ծառայությունից։ Ապաստարանի տեղը հասանելի չէ ոչ մեկին, ինչով և կարողանում են պաշտպանել կանանց և երեխաներին: Սա նաև բարդացնում է աշխատակից գտնելու գործընթացը, քանի որ այստեղ միայն փող չես աշխատում, պետք է ունենաս սկզբունքներ ու հավատարիմ լինես դրանց։ 

Հասմիկը նշում է, որ ապաստարանում աջակցություն ստացած կանանց թիվը ևս շեշտակի աճել է: Նախորդ տարի ապաստարաններում աջակցություն են ստացել 265 կին և երեխա, մինչդեռ, նախորդ տարիներին ապաստարանում գտնվողների թիվը չի գերազանցել 100-120-ը: 

«Օրեր առաջ մեկ օրում ապաստարանի համար 4 զանգ ունեցանք։ Շաբաթը ամենաքիչը 3-4 ապաստարանի դեպքի ահազանգ ենք ստանում։ Պատճառներից մեկը հետպատերազմական տրավմատիկ վիճակն է, որը նպաստող գործոն է հանդիսանում։ Ուժի և վերահսկողության վարքին միանում է նաև այն, որ տղամարդիկ պատերազմից գալիս են տրավմաներով, և բռնությունները սրվում են, և եթե նախկինում կանայք ավելի շուտ էին բարձրաձայնում, հիմա մեղքի զգացում են ունենում պատերազմի մասնակից ամուսնու հանդեպ ու ավելի շատ են հանդուրժում, բացի այդ՝ այժմ շրջապատն իրենց ավելի շատ կմեղադրի, քանի որ պատերազմի մասնակիցներին հերոսացնում են»,- նկատում է Հասմիկը։

Վտանգներ ու սպառնալիքներ

Գործը սթրեսային է, բայց երբ քաղում ես աշխատանքի պտուղները, նոր ուժ է գալիս։ Երբ դատարանում տեսնում ես վստահ խոսող կնոջ, երբ տեսնում ես խնդիրը հաղթահարած ու խնամված, կայացած կնոջ, հասկանում ես, որ որևէ աշխատանք զուր չի եղել։ 

Այս ամենի հետևում, սակայն, Հասմիկը նշում է՝ նաև վտանգների մասին։ Բռնության ենթարկված կանանց աջակցության դեպքում սպառնալիքներ են ստանում ոչ միայն կենտրոնի աշխատակիցները, այլև նրանց հետ կապակցված անձինք, ընտանիքի անդամները: 

«Եղել են դեպքեր, երբ նույնիսկ ամուսնուս են սպառնացել, այդ վտանգը մշտապես  կա, այդ իսկ պատճառով փորձում ենք հնարավորինս մեր անձնական տվյալները հասանելի չդարձնել, օրինակ՝ ընտանիքի անդամների՝ երեխաների նկարները սոցցանցերում չենք հրապարակում, որ չկարողանան նույնականացնել, փորձում ենք գաղտնիություն պահել, որ մեր խոցելիությունը նվազեցնենք»,- նշում է Հասմիկը։

Հասմիկ Գևորգյանը հիշում է, որ հարձակումներ եղել են նաև գրասենյակի վրա, անգամ ծաղկեպսակ են բերել։ 

«Եղել է դեպք, երբ դատարանից դուրս գալիս բռնարարն ու իր աջակիցները հարձակվել են մեքենայի վրա՝ արգելափակելով տեղաշարժը, ու մեքենայում է եղել նաև բռնության ենթարկված կինը, որը մեր աջակցության ներքո էր: Նա ձեռքս այնքան ուժեղ էր սեղմել, էդ պահին չեմ զգացել, ու հետո արդեն, երբ ոստիկանները եկան, ու ես տուն հասա, զգացի, թե ձեռքս ոնց ա վնասվել ու ցավում»,- հիշում է Հասմիկը։

Կարծրատիպեր 

Հասարակության մեջ դեռ կա այն կարծրատիպը, որ այս ոլորտում աշխատող կանայք կա՛մ ամուսնալուծված են, կա՛մ ամուսին չունեն։ Հետո կասկածի տակ են դնում բարոյականությունը՝ «իրենց կյանքը չի հաջողվել՝ մեր ընտանիքն են քանդում» սկզբունքով։

«Մի անգամ մի բռնարար մտել էր գրասենյակ ու կնոջ տեղն էր հարցնում։ Ասում եմ՝ չգիտեմ, եթե հետաքրքրում է՝ գնա ոստիկանություն։ Հանգիստ բացատրեցի ու գնացի, հետևիցս ընկերներից մեկը գոռում է՝ դու ամուսնացա՞ծ ես, քուր ջան, մյուսն էլ թե՝ էսի ո՞նց կարա ամուսնացած ըլնի։ Բայց մեկը չի, բոլորն են էդպես մտածում, ի դեպ, ես և մեր գրասենյակի բոլոր կանայք ամուսնացած ենք»,- ծիծաղում է Հասմիկը։

Կարծրատիպերը չեն նվազում ու դանդաղ են հաղթահարվում, ասում է Հասմիկը, ու, նրա խոսքով, ամենավատն այն է, որ հայրիշխանական համակարգը մեր արյան վերջին բջիջի մեջ է մտած։ Այնքան, որ կանայք իրենք էլ են հավատում, որ տղամարդը մի հատ էլ պետք է խփի ու որոշում կայացնողը լինի։ 

«Տարիների հետևողական աշխատանքը, սակայն, գալիս է փոխելու այս կարծրատիպերը։ Երկարատև, նվիրված ու համառ աշխատանքի շնորհիվ է շատերի մեջ կարծիք ու վերաբերմունք փոխվել»,- նշում է նա։ 

Ծանր ապրումներ, մարդկային ճակատագրերը

Բռնության դեպքերն ու պատմությունները սարսափեցնող են ու հաճախ հիշողության մեջ են դաջվում։ Հասմիկի մոտ, օրինակ, շատ է տպավորվել Ռուսաստանում հարս գնացած Մարիամ Գևորգյանի դեպքը, որի սկեսուրը սարսափելի դաժանությամբ տանջել էր Մարիամին՝ մարմնի վրա թողնելով սպիեր։ 

Մեկ այլ դեպք էլ է տպավորվել։ Երբ կինը 5 երեխաներով ապաստարան էր տեղափոխվել, հաջորդ օրը ստացել են ամուսնու ինքնասպանության լուրը։ Կինը սկսել է լաց լինել։ Երբ տեղեկացրել են դուստրերին, նրանցից մեկն էլ է սկսել լաց լինել, իսկ միջնեկը կարճ արտահայտություն է արել՝ ասելով․ «Ավելի լավ է մեկը մահանար, քան հինգը» ու դրանից հետո սկսել է արդարանալ՝ իր ասածից մեղքի զգացում ունենալով։

«Անընդհատ ուզում էր արդարանալ, ցույց տալ, որ ինքը անսիրտ չէ, որ հայրն է շատ դաժան վարվել իրենց հետ։ Ցույց էր տալիս ոտքերը, թե ոնց են այտուցվել, որովհետև հայրը իրեն գիշեր-ցերեկ կանգնեցրել ու թույլ չի տվել նստել, ցույց էր տալիս դեմքի սպին, որ ավտոլվացման կետի ուժեղ ջրի շիթով դեմքը ճղել էր, ասում էր, թե ոնց էր ուզում դպրոցում քնել, քանի որ հայրն իրեն չէր թողնում քնել, ու հիմա վերջապես կարող է հանգիստ քնել»,- պատմում է Հասմիկը։

Հասմիկ Գևորգյանը նշում է՝ որքան էլ բարդ լինի պետք է պայքարել ընտանեկան բռնության դեմ: 

«Մենք բոլորս պետք է պայքարենք այս արատավոր երևույթի դեմ, որովհետև ոչ մեկը ապահովագրված չէ։ Ես ամեն օր, ամեն մի նոր դեպքի հետ աշխատելիս, նորից համոզվում եմ, որ ճիշտ եմ ընտրել իմ ճանապարհն ու այդ ճանապարհից հետ չեմ կանգնի»,- ասում է Հասմիկ Գևորգյանը։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի

MediaLab.am