Գոյության տարածք. Կարինան և կարի մեքենաները

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից դեպի Երևան գաղթի ճանապարհը բռնեց նաև 28-ամյա Կարինա Պետրոսյանի փոքրիկ ընտանիքը։ Ամուսնու ու փոքրիկ դստեր հետ մարդատար մեքենայի մեջ տեղավորեցին այն, ինչը հնարավոր էր։ Տեղափոխվող իրերի մեջ Կարինայի երկու կարի մեքենաներն էին տեղ գտել։ 

«Երեք հարկանի տուն ունեինք՝ վերանորոգված ու կահավորված ժամանակակից դիզայնով, բայց այդպես էլ չհասցրինք վայելել: Արցախից կարողացա միայն երկու կարի մեքենաները բերել, ուրիշ ոչինչ»,- պատմում է նա:

Երևան տեղափոխվելուց հետո մտածում էր՝ կար ու ձևով գումար կվաստակի, ընտանիքի հոգսերը կհոգա, մինչև կկարողանան ոտքի կանգնել։ 

Հայաստանում, սակայն, Կարինայի ծրագրերը անակնկալ ձևով ավելի հեռուն գնացին և լիովին փոխվեցին։ 

Կարինան ժպիտով պատմում է իր պատմությունը: Տեղահանումից հետո դեռ չէր հասցրել օգտագործել Արցախից իր հետ բերած կարի մեքենաները, երբ իր համար անսպասելի «Եվրասիա» հիմնադրամի կողմից առաջարկ ստացավ Երևանում բացել կար ու ձևի իր սրահը։ 

«Սկզբում վախեցա ու նույնիսկ մերժեցի, որովհետև պատասխանատվությունից վախենում էի, բայց երբ ասացին, որ կարող եմ նաև այլ աշխատակիցներ ունենալ, ես հրավիրեցի Անահիտին, որի մոտ Ստեփանակերտում սովորել էի, որն էլ իր հետ բերեց դիզայներ Արինային, ու այդպես սկսեցինք պատրաստվել «Սիրուն կարի» բացմանը»,- հիշում է Կարինան։

Փետրվարի 18-ին Երևանի Լենինգրադյան փողոցում բացվեց Կարինայի նորաձևության սրահը՝ «Սիրուն կարը»: Հիմա սրահում նոր ու հզոր կարի մեքենաներ են տեղադրված, իսկ իր՝ Արցախից բերած երկու մեքենաները տանն է պահում, դրանք իր համար թանկ են։

«Սեփական նորաձևության սրահ ունենալն իմ վաղեմի երազանքն էր, ճիշտ է, այն կյանքի կոչվեց, բայց, ցավոք, ոչ այնտեղ, որտեղ ամենից շատն էի ուզում՝ Արցախում…»,- ասում է նա։

Կարինան ասում է՝ սրահն Արցախում չէ, բայց Արցախի շունչը փորձել է պահպանել․ լուսավոր ու ընդարձակ սրահի մի անկյունում արցախահայերի ձեռքի աշխատանքներն են, սրահն էլ կահավորված է Արցախի իրենց տան կահույքի նմանությամբ։ Այսպես նա փորձել է լրացնել այն բացը, որ առաջացել էր Ստեփանակերտի իրենց տունը կորցնելուց հետո։ 

«Արդեն 1 ամիս է, որ սրահը բացվել է, ու առաջին պատվերներն արդեն ունենք։ Մեր հաճախորդների վստահությունն է, որ ուժ է տալիս ոտքի կանգնելու։ Նույնիսկ բացման օրը այնքան հակասական զգացմունքներ ունեի․ և՛ ուրախ էի, որ երազանքս կատարվեց, և՛ միաժամանակ շատ տխուր, որովհետև իմ Արցախում չէր այդ սրահը։ Լիարժեք ուրախանալ դեռ չի ստացվում, մի տեսակ կիսատ եմ ինձ զգում, կարոտը տանջում է»,- ասում է Կարինան։ Հիմա կարում են մանկական ու մեծի հագուստներ, անկողնային պարագաներ, սփռոցներ, շուտով նաև տղամարդկանց հագուստ կառաջարկեն։ 

Կարինան մասնագիտությամբ տնտեսագետ է, Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատում էր որպես հաշվապահ։ Բայց միշտ սիրում էր հագուստներ կարել: Սկզբում ընտանիքի անդամների համար էր կարում:  Թեև ինքնուս դերձակ էր և երբեմն էլ դիմում էր համացանցի օգնությանը, սակայն իր ստեղծած հագուստները, ասում է՝ բոլորը շատ էին հավանում: 

Հենց սերն էլ կարուձևի նկատմամբ տարավ այն մտքին, որ կարող է նաև պատվերով հագուստներ կարել: Հիշում է, թե ինչպես առաջին անգամ իր աշխատանքները համացանցում տեղադրեց, ու մեկը մյուսի հետևից սկսեցին պատվերներ գալ։ Պատվերները շատ էին, հաճախ ստիպված էր լինում աշխատանքից հետո, գիշերը աշխատել, որ հասցնի, բայց չէր տրտնջում, որովհետև սիրով էր անում։

«Հիշում եմ՝ առաջին պատվերը ընձուղտի հագուստ էր 3-4 ամսական բալիկի համար։ Ես նաև փոքրուց գործել գիտեի։ Հելունն էլ առա ձեռքս ու սկսեցի գործել ու կարել, երբեմն նաև երկուսը մեկում համադրել։ Պատվերների պակաս չունեի, նվազագույնը 3-5 պատվեր միշտ կար»,- պատմում է Կարինան։

Կարինան կարում էր, որովհետև սիրում էր կարել, գումարի անհրաժեշտություն չուներ, բայց արդեն պատերազմի օրերին սկսեց ավելի լուրջ նայել աշխատանքին։ Հաճախեց կար ու ձևի դասերի։ 2 ամիս սովորեց ու սկսեց ավելի վստահ պատվերներ ընդունել։ Արդեն նաև մեծերի համար էր կարում։ 

«Գիտե՞ք, երբ այս բիզնեսը սկսեցի Արցախում, ո՛չ ֆինանսական խնդիր ունեի, ո՛չ էլ ժամանակ, պատճառն ավելի շատ զգացմունքային դաշտում էր։ Պատերազմի օրերին շատ էի բարկանում, որ շուկայում թուրքականը գերակշռում էր, ու միշտ մտածում էի, որ հայերը շնորհքով են, ինչո՞ւ չեն կարում ու փոխարենը Թուրքիայից են բերում, և ես որոշեցի այս բացը լրացնել, որքան որ կկարողանամ»,- ասում է Կարինան։

Հիշում է՝ բլոկադայի օրերին մանկական տակդիրների պակաս կար, ու որոշել էր այդ պակասը լրացել։ Խանութից կտորներ էր գնել ու պոլիէթիլենի շերտով տակդիրներ կարել։ Սեպտեմբերի 18-ին էր դրանք համացանցում տեղադրել ու միանգամից 50-60 ծնողից պատվերներ ստացել։ Ամբողջ գիշեր չէր քնել ու կարել էր, առանց կասկածելու, որ պատվերներն այդպես էլ պատվիրատուներին չեն հասնելու։

«Կարեցի մի գիշերում, փաթեթավորած դրած էր, որ գային վերցնեին, ու 19-ի առավոտյան պատերազմը սկսվեց։ Հետս դրանք նկուղ իջացրեցի ու ինչքան մանկահասակ երեխաների մայրեր կային, իրենց բաժանեցի։ Տանը նաև գործած գլխարկներ, շարֆեր ունեի։ Դրանք էլ բաժանեցի, ու դրանից հետո արդեն եկանք Երևան»,- պատմում է Կարինան։

44 ժամ ճանապարհ են եկել, վառելիքը խնայելով, մի քանի մետր առաջ շարժվելով ու շարժիչն անջատելով։ Ճանապարհին մութ էր, մեքենաների մեծ հերթեր էին։ Բոլոր մեքենաները լույսերն անջատում էին, ու երբ լույսերը վառվում էին, նշանակում էր՝ մի քանի մետր էլ առաջ կգնան։ Դժոխքի ճանապարհով եկան՝ հետևում թողնելով տարիներով ստեղծածը։

Կարի արտադրամասը բացելու ամենամեծ դժվարությունը, ասում է, ոչ թուրքական արտադրության կտոր գտնելն էր։ 

«Հենց սկզբից որոշել էի, որ թուրքական ոչինչ այստեղ չի լինելու, ու առաջին օրերին չէի կարողանում գտնել այլ երկրի արտադրանք։ Ինձ կողքից ասում էին՝ չես գտնելու որակյալ արտադրանք, ու թևաթափ էի լինում։ Տարածքին ու խանութներին էլ ծանոթ չէի, բայց այնքան շրջեցի, հարց ու փորձ արեցի, որ գտա ու շատ որակյալ կտորեղեն գտա։ Հիմա օգտագործում ենք պարսկական, իտալական ու ֆրանսիական կտորներ»,- ասում է Կարինան։ 

Վախերը, որ գուցե լավ չստացվի, ու հաճախորդները գոհ չլինեն, առաջարկը ստանալու առաջին օրից են եղել ու նույնիսկ հիմա էլ դեռ լիովին հաղթահարված չեն, բայց հաճախորդների դրական կարծիքներից ու գնահատականներից հետո Կարինան ավելի ու ավելի է ոգևորվում։ 

«Ամեն մի դրական կարծիք ինձ հույս է տալիս, որ այդքան օրերի լարվածությունը զուր չէր»,- ասում է նա։

Ստեփանակերտի իրենց տան առաջին հարկը կարի սրահի վերածելու Կարինայի երազանքն այդպես էլ անկատար մնաց։ Հիմա «Սիրուն կարն» առաջ նայելու նոր ուժ է տալիս։ Ասում է՝ պետք է այստեղ զարգացնի բիզնեսը, որ մի օր վերադառնա, ու «Սիրուն կարը» Արցախում սպասարկի բոլորին։ 

«Ասել եմ՝ եթե մի օր այդ հնարավորությունը լինի, ես Արցախ բոբիկ եմ հետ գնալու»,- և՛ ժպտում, և՛ հուզվում է «Սիրուն կարի» Կարինան:

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am