Համերի հիշողություն. Սուսաննան  

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Մանկավարժ Սուսաննա Պետրոսյանը, որ ծնվել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում, հետո ամուսնացել և տեղափոխվել Ասկերան, սննդային այնպիսի հիշողություններ ունի, որ ամբողջությամբ պատկերում է իր ապրած ժամանակաշրջանը և հաղորդակից դարձնում իր սերնդի ապրելակերպին: 

Արցախից տեղահանվելուց հետո Սուսաննայի ընտանիքը՝ ամուսինն ու երեք որդիները, հաստատվել են Երևանում: Տեղահանվելիս ամուսնուն հաջողվել է բերել իրենց քամած մեղրը, որ վայրի ուրցի զգլխիչ բույր ուներ, մի քիչ գինի և հաց թխելու ծհան, որ փոքր որդին է վերցրել իրենց տնից: Ծհանը Սուսաննային նվիրել է սկեսրոջ սկեսուրը, հետևաբար այն մի քանի սերունդների հիշողություն ունի իր մեջ: 

Օրեր առաջ ընտանիքով գնացել էին Գառնի: Մեծ ճարտարապետություն է. թվում է՝ ամեն ինչին գերիշխում է, ու իրոք այդպես է, բայց մեկ էլ այդ վեհության մեջ մի փոքրիկ, աննշան ծիլ է նկատել: Ինչո՞ւ, որովհետև այդ փոքրիկն իրեն հարազատ է, այն հիշեցում է իր հայրենիքի մասին: 

«Ժենգյալով հացի կանաչի էր, բերեցինք տուն ու ցանեցինք, որ աճի»: 

Իր մանկության տանը ապրում էին ծնողներն ու վեց երեխաները, որոնցից կրտսերն էր Սուսաննան: Հայրը տեսել էր սով, դժվարության մեջ էր մեծացել ու ամեն անգամ մի դրվագ էր պատմում իր կյանքից, թե ինչպես մի օր իրենց տուն էր եկել մի կին՝ Սուսաննայի պապից խնդրելու ինչ-որ կարևոր հարցում իրեն օգնել: Նա իր հետ բերել էր տարա՝ մեջը թանապուր: Երեխաներն ուրախացել էին, թե ահա, հայրիկը հիմա հարցերը կլուծի, և այդ օրը տաք ապուր կճաշակեն, բայց, ավա՜ղ, հայրը չէր կարողացել օգնել կնոջը, վերջինս էլ պարզապես հետ էր տարել իր բերած նվերը: 

«Զավեշտալի է հնչում, բայց տխրություն կա այս պատումի մեջ, այն շատ բան է ասում տվյալ սերնդի ապրած կյանքի մասին»: 

Իր մանկության տարիներին, երբ բակային խաղերից հազիվ էին տուն գնում, Բաքվից գյուղ էր գալիս Զախար անունով մի պապիկ, որ ծամոն էր բերում՝ ծառի խեժը, որ իրենք հրճվանքով ծամում էին այնքան, մինչև սպիտակեր: Սուսաննայի տատը՝ Սանամը, փոքր տղայի հետ Բաքվում էր ապրում, բայց հաճախ էր գնում Հաղորտի և որոշ ժամանակ մնում մյուս որդու տանը: 

«Տատիս հետ զրույցները երբեք չեմ մոռանա: Հիշում եմ, որ ասում էր՝ երբ կինն արթնանում է, անմիջապես չպետք է անկողինը հավաքի, այլ պիտի թողնի, որ օդը միջից դուրս գա՝ պատուհանները բացելով: Տունը պետք էր բակից սկսել մաքրել, որովհետև հյուրը բակից է ներս մտնում ու անմիջապես տպավորություն ստանում տանտիրոջ մասին»: 

Երբ Սանամ տատը Բաքվից գալիս էր, բերում էր հինգ տուփ գետնանուշով արևելյան խմորեղեն և հալվա, ինչպես նաև՝ «Չինար» հայտնի կոնֆետները, որ շատ դժվար էր հայթայթել: Այդ շրջանից տպավորվել է նաև հոր՝ ցորեն վաճառելն ու դրա արդյունքում մեքենայի թափքը ձմերուկների աշտարակով լցնելը: 

Սուսաննան հիշում է նաև մորական տատին՝ մեծ մամին, որ ապրում էր հարևան գյուղում: Թոռը շաբաթը մեկ անգամ տատին հաց էր տանում նրան՝ ոտքով անցնելով ողջ ճանապարհը: Երբ հացերը ձեռքին տեղ էր հասնում, գիտեր, որ տատը հիմա գիշերանոցը հագած իրեն է սպասելու: Նա մի հետաքրքիր սովորություն ուներ. գիշերազգեստի ուսերից մի թել էր կապում, որին կախված էր կոպեկներով լի քսակ, որն էլ հայտնվում էր տատի կրծքի վրա՝ ապահով և անձեռնմխելի տեղում: Հագուստի տակից նա առատաձեռն հանում էր մետաղադրամը, հանդիսավոր հայտարարում, որ թոշակ է ստացել ու մեկնում թոռանը: 

Սուսաննայի համային հիշողությունը պտտվում է ոչ միայն մոր ու տատերի շուրջ, այլ նաև՝ հարևանների, իրենց տուն եկող անթիվ հյուրերի: Ծնողները 1982 թվականին սկսեցին սեփական տուն կառուցել, որովհետև վեց երեխաների հետ երկուսենյականոց տանը նեղվածք էր: 

Տան պատրաստ լինելուն պես՝ հյուրերի թիվն ավելի շատացավ, ու Սուսաննան չի հիշում գեթ մեկ օր, որ առանց հյուրի սեղան նստեին: Ամռանը բարեկամների մեծ մասը տարբեր ծայրերից իրենց գյուղ էր գալիս: Հայրը ցուլիկ ու խոզ էր մորթում, բարեկամներն էլ աղը ձեռքներին հայտնվում էին նրա շուրջը՝ խոզի կաշին համտեսելու: 

«Հայրս միշտ ասում էր, որ իրենք գյուղացի են, եկվորները՝ քաղաքացի, թող իրենք էլ իրենցը պատրաստեն, որ նայենք, սովորենք»: 

Գյուղում կենցաղ կազմակերպելը դժվար չէր, եթե աշխատող էիր, իսկ Արցախի ժողովուրդը, նրա բնորոշմամբ, հողին կյանք է տալիս ու առատորեն վարձատրվում դրա դիմաց: Հիշում է, որ հայրն ու մայրը կոլտնտեսությունից հալած յուղ էին ստանում, բանջարանոցն էին մշակում, հարգալից էին բնության հանդեպ ու շնորհակալ նրանից: Երեխաներով տանում էին ուլերին սարը՝ արածեցնելու, իսկ իրենք ամեն ծաղիկ ու թուփ ուսումնասիրելով՝ բացահայտում, ճանաչում և սիրում էին հայրենիքը: 

Մորը նկարագրելիս նա ամեն բնութագրումից առաջ երկար է մտածում՝ ասես հատուկ ընտրելով բառերը, որ կարողանա այնպես ճշգրիտ պատկերել, որ պարզ լինի նրա յուրահատուկ, անկրկնելի լինելը: Փոքրամարմին այս կնոջ մեջ այնքան եռանդ կար, որ տասը հոգու տեղ աշխատում էր: Սուսաննան չգիտի՝ գիշերվա ո՛ր ժամին էր արթնացած լինում, բայց առավոտյան, երբ երեխաները զարթնում էին, մայրը երկու թոնիր հաց էր թխած լինում, կովերը՝ կթած, նախաճաշն էլ՝ սեղանին: 

«Առավոտ կանուխ թաժա հացերը արդեն փռած՝ մեզ էին սպասում տնական ձուն, ռաժան, կակաոյով լի թասը, դոշաբը, կարագն ու կաթնաշոռը: Իրար հետ զրուցելով ու վայելելով մամայի համով ձեռքի պատրաստածը՝ մենք գնում էինք դպրոց, ծնողներս՝ աշխատանքի»: 

Ընթրիքին մայրը «բղդըգյուլ» էր պատրաստում՝ հատիկեղենով ճաշ, որ բավական համեստ էր, սակայն շատ սննդարար ու համեղ: Սիսեռն արկանքով աղում էին, հետո ցորեն ու լոբի ավելացնում, այնուհետև սոխեռած անում վրան լցնելու համար և համտեսում (սա կճեխաշը չէ): Հայրը, որ երրորդ դասարանից դուրս էր եկել դպրոցից և ստիպված եղել աշխատել, հազար փեշակ ուներ և մի խրատ էր տալիս իր երեխաներին, որ Սուսաննան երբեք չի մոռանում: 

«Ինչքան էլ մենք իրար հետ լավ չլինենք, վիճած լինենք, երբ մեր տուն մարդ է մտնում, սկսի՛ր սոխ մաքրել, որ նա իմանա, որ մենք հաց ենք տալու իրեն, մի բան ճաշակելու է, նոր գնա՝ ասում էր հայրս»: 

Սառը քամիներով, բարեսիրտ մարդկանցով լի Ասկերան տեղափոխվելուց հետո Սուսաննան ութ տարի ապրեց ամուսնու ծնողների տանը, հետո արդեն միասին տուն կառուցեցին, սկսեցին կենդանիներ պահել, մեղվապահությամբ զբաղվել, ու նա նորից հայտնվեց իր մանկության մեջ՝ հանդերում, ուր բույսերն առատ են, բնությունը՝ չափազանց շռայլ ու մարդասեր: 

Սերնդեսերունդ ձևավորելով համային հիշողություններ և սննդային վարքագիծ՝ Սուսաննան ինքը դարձավ մի հյուրընկալ տանտիրուհի: 

Իր երեխաների մանկությունն էլ լցվեց հյուրերով, զրույցներով, տարբեր բուսատեսակներից պատրաստված ուտելիքներով և ամենակարևորը՝ հիշողությամբ՝ մի բան, որ թալանելն անհնար է: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am