Կառուցելով կամուրջներ. «Օգնելով մյուսներին՝ օգնել ինքդ քեզ». Հասմիկը՝ սոցիալական աշխատանքի, հուսահատության ու համառության մասին

«Սոցիալական աշխատանքը հնարավորություն է տալիս օգնելով մյուսներին՝ օգնել ինքդ քեզ, և դա ամենահրաշալի բանն է, որ մարդ կարող է անել»,- ասում է սոցիալական աշխատող Հասմիկ Բունիաթյանը։

Դպրոցական տարիներին Հասմիկը երազում էր հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվելու մասին, սակայն, ինչպես պարզվեց, ճակատագիրն այլ ծրագրեր ուներ։ Բուհ դիմելիս՝ ընդունող հանձնաժողովի անդամներից մեկը խորհուրդ տվեց հայտում միանգամից երկու ֆակուլտետ նշել, քանի որ ընտրված մասնագիտությունների դեպքում հանձնելիք քննությունները համընկնում էին։ Հասմիկն այդպես էլ արեց։ Հանձնեց քննությունները և ըստ արդյունքների ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժին։

Երբ մայրը հաղորդեց լուրը, տանը հստակ որոշեցին՝ սեպտեմբերին կգնա համալսարան և հետ կվերցնի դիմումը։ Ինքն անելիք չունի մի ոլորտում, որի մասին ոչինչ չգիտի։ Կողքից շատերը հուշում էին՝ կդառնաս աշխատանքի ուսուցիչ կամ «Փարոս բաժանող»։ Այս ամենն իր համար չէր, բայց ներքին մի ձայն Հասմիկին հուշում էր՝ մի շտապիր որոշումներ կայացնել։ 

«Մասնագիտության տեսանելիությունն այդ տարիներին սարսափելի էր․ ոչ մի հստակ պատկերացում չկար այդ մասին, և հենց դա էր պատճառը, որ որոշեցի, ամեն դեպքում, սեպտեմբերին գնալ համալսարան, տեղում հասկանալ, թե ուր եմ ընկել։ Իրականում, այդ պահից իմ ողջ կենսընթացը փոխվեց․ սկսեցի ուսումնասիրել մասնագիտությունը ու սիրահարվեցի դրան»,- հիշում է Հասմիկը։

Դասախոսներից մեկի աջակցությամբ, երրորդ կուրսում մի խումբ համախոհների հետ Հասմիկը հիմնեց հասարակական կազմակերպություն, որն աջակցում էր հաշմանդամություն ունեցող անձանց, զբաղվում ուսանողների իրավունքների պաշտպանությամբ և սոցիալական աշխատողի մասնագիտության հանրահռչակմամբ։ Հասարակական, մասնագիտական այս ակտիվությունը Հասմիկին շատ էր դուր գալիս։ Խոստովանում է՝ սկսել էր նկատել իր մասնագիտության ողջ հմայքը։ Թվում էր՝ ամեն ինչ այդքան հարթ էլ պետք է ընթանար․

«Այնպես ստացվեց, որ համալսարանի ավարտական շրջանը համընկավ իմ՝ հաշմանդամություն ձեռք բերելու հետ։ Անտանելի ծանր շրջան էր մոտս, երբ կոտրված էի թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Ֆակուլտետի ղեկավարության հետ ունեցած խնդիրները, ի վերջո, հանգեցրեցին ծանրագույն ապրումների, ինչից հետո ինձ մոտ ախտորոշվեց հոգեկան առողջության հետ կապված խնդիր՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարում։ Այդ ժամանակ որոշեցի դադար վերցնել։ Երկու տարի զբաղվեցի իմ առողջական խնդիրներով, որովհետև հասկանում էի, որ այդ վիճակում ես որևէ մեկին օգնել չեմ կարող»,- ասում է Հասմիկը։

Խոստովանում է՝ հաշմանդամությունը հնարավորություն տվեց կողքից դիտարկել ինքն իրեն և ավելի լավ հասկանալ հաշմանդամություն ունեցող մյուս անձանց կարիքները։

Երկու տարի անց Հասմիկը վերադարձավ սոցիալական աշխատանքի ոլորտ, բայց, ցավոք, միայն մեկ տարով:

«Երբ իմ առողջական խնդիրները սրվում են, ես անաշխատունակ եմ դառնում։ Գործատուները, ցավոք, պատրաստ չեն առերեսվելու այդ իրողության հետ և սպասելու, որ վերականգնվես, վերադառնաս աշխատանքի։ Արցունքն աչքերիս՝ աշխատանքից ազատման դիմում գրեցի։ Հետո արդեն հասկացա՝ երբ մասնագիտությունդ դարձնում ես էություն, յուրաքանչյուր գործ, որ անում ես, դառնում է սոցիալական աշխատանք, և դա շատ կարևոր գիտակցում դարձավ»,– ասում է Հասմիկը։

Հաշմանդամությունն ու ձեռք բերած մասնագիտական փորձառությունը 2022-ին Հասմիկին իր հասարակական կազմակերպությունը հիմնելու մտահղացում տվեցին։ Հասկացավ՝ դա իրեն հնարավորություն կտա ինքնուրույն կազմել իր աշխատանքային գրաֆիկը, ավելի ճկուն լինել, կախված չլինել տարբեր գործատուների որոշումներից, ի վերջո, ավելի հաշտ ապրել սեփական հաշմանդամության հետ։ 

«Պարզվեց՝ մասնագիտական և աշխատանքային դադարը, որ ունեցա, նաև անհրաժեշտ էր ինձ։ Դա ինձ թույլ տվեց հավաքել ուժերս, կազդուրվել և հիմնել «Հավասարության ուղի» ՀԿ-ն, ծրագրեր իրականացնել և օգնել մարդկանց։ Իսկ արդեն 2023-ին հրավեր ստացա «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ-ից՝ ներգրավվելու որպես սոցիալական աշխատող՝ Արցախից տեղահանված և Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծրագրերից մեկում»,- ասում է նա։

Հասմիկն անկեղծանում է՝ այս ընթացքում փոխվել են նաև իր հարաբերությունները մասնագիտության հետ։ Հիմա սոցիալական աշխատանքն իր համար մարդկանց օգնելու հնարավորություն է, բայց ոչ ավելին։ Անգամ օգնելու ցանկության, ապրումակցման մեջ չափի զգացողությունը շատ կարևոր է, այլապես կվնասես թե՛ քեզ, թե՛ նրան, ում ցանկանում ես օգնել:

«Մեր մասնագիտության ամենակարևոր սկզբունքներից մեկն է՝ օգնելով մյուսներին՝ օգնել ինքդ քեզ։ Եվ դա հրաշալի սկզբունք է։ Երբ դու դարձնում ես դա քեզ համար առօրյա գործունեության հիմք, սկսում ես ավելի լավ պատկերացնել թե՛ խնդիրները, թե՛ լուծումները, թե՛ ռիսկերը։ Բայց, մյուս կողմից՝ դու ինքդ հստակ պետք է հասկանաս, որ դու սուպերհերոս չես, սովորական մարդ ես, և ամեն ինչ չէ, որ ի զորու ես փոխել։ Այդ միտքը հաճախ կոտրում է քեզ, ինչպես որոշ դեպքեր, որոնց ականատեսն ես դառնում, բայց դու հստակ պետք է հասկանաս, որ սոցիալական աշխատանքը ահռելի ժայռ է, որը, գուցե, երբեք էլ չտեսնես, բայց քո գործը այդ ժայռը ստեղծելու համար ամեն օր մի փոքր քար դրա ստորոտին դնելն է»,- ասում է Հասմիկը։

Ըստ նրա՝ սոցիալական աշխատանքի ոլորտը բարդ է մի քանի պատճառով, և հատկապես, որովհետև անընդհատ գործ ունես մարդկային կյանքերի հետ։ 

Երբեմն ռեսուրսներդ են անբավարար, երբեմն շահառուները չեն ցանկանում որևէ բան փոխել, երբեմն ուղղակի հոգնում ես։ Անկեղծանում է՝ այս ճանապարհին անհնար է խուսափել հիասթափություններից․ այլ հարց է, թե ինչպես կհաղթահարես դրանք։ Հասմիկը հաղթահարման իր ձևն ունի․ համալսարանը դժվարությամբ ավարտելուց, ֆակուլտետի ղեկավարության հետ ունեցած բախումներից, հաշմանդամությունից և երկու տարիների դադարից հետո վերադարձավ նույն բուհ՝ շարունակելու կրթությունը։ Ընդունվեց և անվճար սովորեց նույն ֆակուլտետի մագիստրատուրայում՝ ապացուցելով, որ ինքը չի կոտրվում:

«Նպատակը, որին ձգտում ես, չպետք է պայմանավորված լինի արտաքին հանգամանքներով։ Ամեն անգամ, երբ քայլ ես անում ու հետ շպրտվում, հաջորդ ցատկդ ավելի լայն պիտի լինի։ Չի՞ ստացվի մեկ, երկու, տասը անգամ, կրկին փորձիր։ Այնքան, մինչև ստացվի։ Համառությունը շատ կարևոր է, որովհետև հիասթափությունից հետո ոչինչ չի մնում»,- ասում է Հասմիկը։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am