Համերի հիշողություն. Զարինեն

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Արցախի պետական համալսարանի դասախոս Զարինե Սառաջյանի հետ հանդիպեցինք Երևանում վարձակալած իր տանը: Ճարտար համայնքից Հայաստան հասած խաշիլի ցորենը, որ ընկերուհին է տեղահանման ժամանակ բերել, գազօջախին էր արդեն՝ ճիշտ այն նույն կաթսայի մեջ, որում Զարինեն հայրենիքում եփում էր այս կերակուրը: 

Արցախյան խոհանոցը յուրահատուկ է ոչ միայն ուտեստների բազմազանությամբ, այլ նաև՝ նշանակությամբ: Գրեթե յուրաքանչյուր կերակուր պատրաստելիս այս նախադասությունն է հնչում՝ ա՛յ սա մենակ ուտել չի կարելի: Մի տեսակ արցախյան ամեն ուտեստ դառնում է համախմբման երաշխավորող՝ մի բան, որի կարիքն ամենից շատ հենց հիմա ունեն այս մարդիկ: Չորացրած կանաչիներով ու իր պատրաստած հոնի չրով բրինձը ևս շատ սիրված է Արցախում, իսկ բույրն ուղղակի անպատմելի թարմ էր. փորձելիս ասես սարերում լինեիր: 

Զարինեն Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղից է, որն Ադրբեջանը գրավեց 1992 թվականին, ու բնակչությունը տեղահանվեց: Գյուղի տներն ամբողջությամբ ավերվել էին, սակայն ամիսներ անց, երբ հայկական կողմը հետ վերցրեց այն, Զարինեի ընտանիքն առաջիններից էր, որ վերադարձավ: 

«Երբ մտանք գյուղ, միակ կենդանի շունչը ծառին նստած ճնճղուկն էր, մնացած ամեն բան մոխրի մեջ էր: Ես առաջին երեխան էի, որ մեծերի հետ գյուղ էր վերադարձել: Իմ հորդորներին՝ հեռանալ գյուղից, մայրս պատասխանեց արցունքներով ու հասկանալով, որ ձանձրանում եմ՝ տարավ դեպի իմ դպրոց»: 

Դպրոցում խաղացող երեխաների, աղմուկի ու զվարթության փոխարեն Զարինեն գտավ նույն մոխրացած պատերը, և միայն ականջներում հնչող զանգի ձայնն էր, որ հիշեցնում էր երբեմնի աշխույժ դպրոցի մասին: Զարինեի մայրը երեխային օգնելու, նրա կյանքը մի քիչ խայտաճամուկ դարձնելու համար չգիտես որտեղից գունավոր կոճակներ գտավ ու տվեց, որ խաղա դրանցով: Աղջիկը սկզբում թերահավատորեն վերցրեց՝ մտածելով, որ սրանցով ի՞նչ կարող է խաղալ, ախր սա մեծերի համար է, նրանք այդ կոճակները կարում են հագուստին, բայց հետո որոշեց, որ կոճակները կդառնան իր երևակայական դասարանի աշակերտները: 

«Կոճակները զույգերով՝ երկու-երկու, իրար հետևից շարում էի, ճիշտ այնպես, ինչպես դասարանում աշակերտները, ընդ որում՝ մեծ ու մուգ գույնի կոճակները տղաներն էին, իսկ փոքրիկ ու գեղեցիկները, վառ գույներովը՝ աղջիկները»: 

Այդպես այնքան, մինչև գյուղը վերջապես նորից լցվեց երեխաներով, որոնց ներկայությունը ոչ միայն կյանքի վերադարձի, հաստատակամության, գյուղում մնալու առհավատչյա էր, այլև յուրատեսակ ապստամբություն անարդարության դեմ: Այդ երեխաների՝ գյուղ վերադարձը պայքարի մի ձև էր, որը շուտով ավարտվեց հաղթանակով՝ Զարինեի երևակայական դասարանը իրականություն դարձավ: 

Մեզնից ամեն մեկի մանկությունը հավանաբար ինչ-որ գույնի ու համի հետ է ասոցացվում: Ասկերանը քաղցր նռան համբավ ունի, ու ես հիշում եմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Երևանում արցախցիները վերջին նուռն էին վաճառում, փորձելուց հետո հասկացա, որ երբևէ այդքան համեղ նուռ չեմ կերել: Զարինեի ընտանիքը Վարդաձորում հսկայական նռան այգիներ ուներ, ուր բերքն այնքան առատ էր լինում, որ բավականացնում էր ոչ միայն ընտանիքին, բարեկամներին, այլ նաև՝ վաճառվում տոննաներով:

Զարինեի մայրը, որ մահացել է, երբ նա եղել է 20 տարեկան, իր համային հիշողության գլխավոր երաշխավորն է: Նա տատիկ-պապիկներին չի տեսել, ինքն էլ ծնվել է, երբ մայրը 46 տարեկան էր, հայրը՝ 47: 

«Մայրս՝ Մարիետան, կանաչակապտավուն աչքեր ուներ, որոնց գույնը փոխվում էր օրվա տարբեր ժամերին, ու դրանց մեջ լիքը տառապանք կար: Նա ասես միշտ տագնապի մեջ էր՝ տունը, հարազատներին կորցնելու տագնապի: Մայրս հրաշալի պատրաստում էր. նրա թերթերուկը, որ թվում է թե չափազանց պարզ, հատուկ ջանք չպահանջող քաղցրեղեն է, ինձ մոտ չի ստացվում: Մորս պատրաստածը վրայից խրթխրթան էր, ներսում՝ չափավոր քաղցր ու բերանում հալչող»: 

Զարինեն հիշում է, որ եղբայրը մենակ հաց չէր ուտում, և առաջին Արցախյան պատերազմի ժամանակ նրա մարտական ընկերները հաճախ էին հյուր գնում հորական տուն: Պատահական անցորդները ևս շատ արագ կարող էին հայտնվել նրանց սեղանի շուրջը՝ արագ ընկերանալով ու մոռանալով, որ ժամեր առաջ են ծանոթացել: Մանկության խնջույքների ժամանակ Զարինեն մի կարևոր գործառույթ ուներ՝ երգել բարեկամների համար, ու նա սրտատրոփ սպասում էր հայրենասիրական երգեր կատարելու պահին: Երբ մեծացավ, հասկացավ, որ եղբոր ու ընկերների համար դա լոկ երգ չէր, այլ առաջնագիծ գնալուց առաջ՝ պատգամ, ամրության զգացում: 

Գյուղը ձևավորել է նրա մտահորիզոնը. ուրցաբույր սարերում թափառելով, ամեն անկյունը բացահայտելով՝ մի տեսակ պոետական էր դառնում: Ուրցը փնջում էին՝ ուղարկում քաղաքի բարեկամներին, իրենք էլ թեյ էին պատրաստում: Ի դեպ, ամեն անգամ, երբ ես գնում եմ արցախցիների տուն, նախ մի լավ հյուրասիրում են, հետո սուրճ են տալիս, վերջում լուրջ դեմքով ասում. 

– Բա թեյ չխմե՞նք: 

Զարինեն էլ բացառություն չէ, ու նրա մեծահոգի հյուրընկալությունը ընդմիջվեց նախ սուրճով, հետո՝ նույն արտահայտությամբ: 

Գյուղում էին ապրում նրա Անահիտ մորաքույրը և վերջինիս ընտանիքը: Խաշիլ պատրաստելու հեղինակներից ամենահայտնին հենց ինքն էր, ու երբ Զարինեն արդեն Սեփանակերտում ուսանող էր, ամբողջ շաբաթ նա սպասում էր, որ քրոջ աղջիկը գա, և նոր միայն պատրաստի: Հանգստյան օրերին Վարդաձորում նրանք հավաքվում էին ու միավորվում առաջին հայացքից միայն խաշիլի շուրջ, իսկ եթե ավելի խոր նայենք՝ կերակուրի ու զրույցների շուրջ համախմբման: 

«Մայրս հաց էր թխում՝ փթթուն ու շնչավոր: Այնպիսի գնդեր էր անում, այնքան շատ էներգիա էր դնում հաց թխելու մեջ, որ երբ շրջափակման ժամանակ հաց չկար, և ստիպված էինք թխել, մամային հաճախ էի հիշում, իր հունցած գնդլիկներին, իր տված սերը այդ հացին»: 

Զարինեն ասում է, որ մայրը Հրանտ Մաթևոսյանի Աղունը ասես լիներ՝ ընդդիմանում էր անարդարության դեմ, փորձում էր շուրջը լավը դարձնել, իրեն հորդորում էր անդադար կարդալ: Նա վաղ տարիքում էր ամուսնացել ծնողների պնդմամբ և ուզում էր, որ գոնե երեխաները շարունակեին իր կիսատ թողած ուսումը: 

«Երբեմն, հա, Աղունի պես նեղսրտում էր՝ թե արթնացե՛ք, արևը վաղուց դուրս է եկել, մի գործ արեք. մարդ պարապ չպիտի նստի: Մարդն աշխատանքով է բուժվում, եթե չաշխատես, հիվանդանալու ես՝ ասում էր նա: Անվերջ շարժման մեջ էր մայրս, մի վայրկյան դադար չուներ»: 

Զարինեի մանկությունն անցնում էր գրքեր կարդալով՝ դրանց մեջ սփոփանք գտնելով: Սարերն ու գրքերն էին, որ նրա համար դարձան քաջալերանք՝ գրելու իր ստեղծագործությունները: 

Երբ Զարինեն ամուսնու հետ տեղափոխվեց Ստեփանակերտ՝ արդեն իրենց բնակարանը, մեծ պատշգամբում հյուրընկալում էին տարբեր մարդկանց: 

Իր երգելուն փոխարինում էր արդեն տղայի՝ դհոլ նվագելը, աղմկոտ ու սիրառատ երեկոները, որ նա թողեց Արցախում ու հիմա խիստ դժվարանում է պատմել դրանց մասին՝ ամեն անգամ աչքերը լցնելով ու նորից հայտնվելով ուրցաբույր սարերում, նռան այգիներում, վարդերի աշխարհ իր գյուղում:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am